• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

  • Ներբեռնումներ: 10
  • Դիտումներ: 53
  • Մանկավարժություն
  • 30/Ապրիլ/2019

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 


Չմոռանաս տեղադրել նաև Քո աշխատանքը, - այն կարող է օգտակար լինել նրա համար՝ ով այս աշխատանքը տեղադրել է Քեզ համար :)

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 3 ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ 5 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 12 ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ 15 ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Դաստիարակությունը լայն ընդգրկում ունեցող հասարակական երևույթ է: Նրա էության բացահայտումը մարդաբանական և հասարակական երևույթներն ուսումնասիրող գիտությունների ընդհանուր խնդիրն է: Դաստիարակության տեսության խնդիրն է բացահայտել դաստիարակության որպես մանկավարժական գործընթացի էությունն ու առանձնահատկությունները: Դաստիարակության տեսությունը չի կարող ընդգրկել դաստիարակչական երևույթների բոլոր դրսևորումներն ու կողմերը անձնավորության սոցիալիզացիայի, զարգացման ու ձևավորման ամբողջ գործընթացը: Այդ խնդիրը իրականացնում են մարդաբանական և հասարակական մի շարք գիտություններ, մանկավարժական հոգեբանություն, մարդաբանություն, մանկավարժական սոցիոլոգիա, էթիկա և այլն: Դաստիարակությունը լայն իմաստով, որպես մանկավարժական հիմնական հասկացություն, ընդգրկում է նաև ուսուցումն ու կրթությունը: Դաստիարակության տեսությունն ուսումնասիրում է դաստիարակությունը նեղ իմաստով, այսինքն անձնավորության հասարակական վարքի, աշխատանքային, գեղագիտական, ֆիզիկական որակների զարգացման ու ձևավորման մանկավարժական գործընթացը: Դաստիարակության որպես ուսուցումից տարբեր, ինքնուրույն մանկավարժական գործունեության գիտակցումը, առանձնացումը և տեսական հիմնավորումը անցել է բավական բարդ ու հակասական պատմական ուղի: Ուսուցման և դաստիարակության գործընթացների, այսպես ասած, «ինքնորոշումը» հետադարձ հզոր զարգացնող ազդեցություն ունեցավ ինչպես նշված բնագավառների տեսական հիմնավորման, այնպես էլ, ամբողջությամբ վերցրած, մանկավարժական տեսության և պրակտիկայի զարգացման համար: Դասական մանկավարժները՝ Ջ. Լոկը, Հ. Պեստալոցցին, Հերբարթը, Կ.Դ. Ուշինսկին, Պ.Պ. Բլոնսկին, Ա.Ս. Մակարենկոն, Վ.Ա. Սուխոմլինսկին, Կ. Ռոջերսը, Դ. Քարնեգին և ուրիշներ, ականավոր հոգեբաններ Ս.Լ. Ռուբինշտեյնը, Լ.Ս. Վիգոտսկին, Բ.Գ. Անանևը, Ա. Ֆրոյդը, Ա. Ադլերը, Կ. Ռոջերսը, Ֆ. Ռայսը, Մ. Միդը հսկայական ավանդ ներդրեցին դաստիարակության տեսության զարգացման և ձևավորման գործում: Դաստիարակության ընդհանուր տեսությունը բացահայտում է տարբեր ուսումնադաստիարակչական հիմնարկներում, ընտանիքում, աշխատանքային կոլեկտիվներում իրականացվող դաստիարակչական գործընթացի էությունը, առանձնահատկությունները, ընդհանուր օրինաչափությունները, սկզբունքները, որոշում է դաստիարակչական աշխատանքի կազմակերպման ձևերը, մեթոդները: Դաստիարակության ընդհանուր տեսությունը հիմք է աշխատանքային, ֆիզիկական, բարոյական (իրավական-քաղաքական), գեղագիտական դաստիարակության մեթոդիկաների և տեխնոլոգիաների մշակման համար: Դաստիարակության ընդհանուր տեսության հիմքի վրա են կառուցվում նաև զինվորական, ընտանեկան, պենիտենցիար (ուղղիչ աշխատանքային), բուժական հիմնարկներում (սանատորիաներ, հիվանդանոցներ և այլն), սակավամիտ, թույլ տեսնող և կույր, խուլ և համր երեխաների դպրոցներում դաստիարակչական աշխատանքների տեսությունն ու մեթոդիկան: ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ Որպես աշխատանքային գործունեության արդյունք դաստիարակությունը սկզբնավորվել է մարդու ծագման հետ միասին: Այսինքն` մարդու ծագումը, լեզվի ծագումը, միմյանց ինչ-որ բան հաղորդելու գործընթացը նաև իրար ինչ-որ փորձ հաղորդելու, կատարելագործելու, դաստիարակելու փորձ էր: Կյանքի հետագա զարգացումն ու հարստացումը հասարակությանը կանգնեցրին իր անդամների զարգացումն ու ձևավորումը պլանավորելու, հատուկ կազմակերպելու անհրաժեշտության առաջ: Դեռևս նախնադարյան հասարակության մեջ տոհմը, մարդկային հանրությունը երեխաների դաստիարակությունը հանձնարարում էին առավել խելացի, փորձառու, ուժեղ մարդկանց, որոնք արդեն հատուկ կերպով, հատուկ պայմաններում, քիչ թե շատ hետևողականորեն կազակերպում էին տվյալ հանրության երեխաների, աճող սերնդի զարգացումն ու ձևավորումը: Դաստիարակությունը նպատակաուղղված ներգործություն է երեխաների ու երիտասարդության գիտակցության ու վարքի, նրանց աշխարհայացքի, արարքների, սովորույթների վրա: Հենց դաստիարակությամբ էլ նշանակալի չափով պայմանավորվում են այն փոփոխությունները, որ կրում է մարդը ծնվելու պահից մինչև հասուն դառնալը: Մարդու` որպես սոցիալական էակի լինելիությունը, նրա կատարելագործումը կյանքի ընթացքում, որ տեղի է ունենում զարգացման և դաստիարակության հետևանքով, կոչվում է ձևավորման պրոցես: Դաստիարակությունը երևան է եկել մարդկային հասարակության ծագման պահից և գոյություն կունենա, քանի դեռ գոյություն ունի ինքը` հասարակությունը: Դաստիարակությունը պայմանավորված է հասարակության պահանջմունքներով և անմիջականորեն կապված է աշխատանքի հետ: Դաստիարակության բնույթը միշտ համապատասխանում է յուրաքանչյուր հասարակական-պատմական ֆորմացիային հատուկ ուժերի ու արտադրական հարաբերությունների զարգացման մակարդակին: Սկզբունքը ելակետային ղեկավար գաղափար է: Դաստիարակության սկզբունքները այն ղեկավար գաղափարներն են, որոնք որոշում են դաստիարակության ընթացքը՝ կազմակերպումը, մեթոդիկան և բովանդակությունը : Դաստիարակության սկզբունքները դաստիարակության ընթացքին ուղղություն տվող այն ելակետային պահանջներ են, որոնք պատասխանում են «Ինչպե՞ս դաստիարակել» և «Ի՞նչ ղաստիարակել» հարցերին: Ճիշտ չէ այն կարծիքը, ըստ որի դաստիարակության սկզբունքները որոշում են դաստիարակության գործընթացն ընդհանրապես, նրա բոլոր բաղադրիչները: Դաստիարակության սկզբունքները չեն կարող որոշել դաստիարակության տրամաբանությունը, նրա օրինաչափություններն ու հասարակական նպատակները, նրա մյուս օբյեկտիվ կողմերը (պայմաններ և այլն): Ընդհակառակը, դաստիարակության սկզբունքները որոշվում են դաստիարակության օրինաչափություններով, տիպերով, օբյեկտիվ հասարակական նպատակներով և պայմաններով: Ընդ որում դաստիարակության օբյեկտիվ բաղադրիչների և սկզբունքների մեջ առկա է դիալեկտիկական բարդ փոխներգործություն և միասնություն: Դաստիարակության սկզբունքները ելնում են դաստիարակության օրինաչափություններից, այսինքն՝ • հնարավորից, • անհրաժեշտից, • բոլոր դաստիարակչական գործընթացները բնորոշող և բոլորի համար ընդհանուր հատկանիշներից և կապերից: Հակառակվել դաստիարակության օրինաչափություններին նշանակում է վարվել սխալ, գնալ հոսանքին հակառակ, փորձել կատարել անհնարինը: Օրինաչափությունը օբյեկտիվորեն հնարավորն է, բնության տարերքն է, բնության տարերքի չգիտակցված կույր ուժն է: Այն դրսևորվում է անկախ մեր կամքից, բայց մեր գիտակցությունն ու կամքը կարող են այն ուղղել սեփական նպատակների իրականացմանը: Գիտակցված և որոշակի նպատակների իրականացմանն ուղղորդված օրինաչափությունը սկզբունք է: Օրինակ այն պարզ օրինաչափությունը, որ գործունեությունից դուրս զարգացում չկա, կարող է օգտագործվել միանգամայն հակադիր նպատակների կենսագործման համար երեխայի մեջ դրական որակներ ակտիվություն, նախաձեռնողականություն կամ, հակառակը, ծուլություն, պասիվություն կամ բացասական այլ որակներ ձևավորելու համար: Դաստիարակության օրինաչափություններից յուրաքանչյուրը կարելի է այնպես ուղղորդել, որ հնարավոր արդյունքներից ստացվի մեր ցանկացածը: Նույն օրինաչափությունների կիրառմամբ մի դեպքում կարելի է դաստիարակել ազատ և բազմակողմանի զարգացած մարդ, մեկ այլ դեպքում միակողմանի զարգացած, ինքնուրույնությունից զուրկ, հոգեպես անարժեք էակ: Ժողովրդական ասացվածքն ասում է. «Մեղուն նույն ծաղկից մեղր է պատ -րաստում, օձը թույն»: Ռադիոակտիվ նյութի միջուկի էներգիան մարդը կարոդ է ուղղել իր ցանկացած նպատակի իրականացմանը, ծառայեցնել և պատերազմին, և խաղաղությանը: Այսպես խելացի մանկավարժը իր ցանկացած մարդուն դաստիարակելու համար ելնում է դաստիարակության օրինաչափություններից, նրա բնական տարերքից և այն ուղղում է իր գիտակցական նպատակների կենսագործմանը: Հետևաբար, դաստիարակության սկզբունքը դաստիարակության օրինաչափության և դաստիարակության նպատակի միասնությունն է: Սկզբունքը գիտակցված, ուղղորդված, դաստիարակության որոշակի նպատակի իրականացմանը հարմարեցված ելակետային պահանջ է, որը ներկայացվում է դաստիարակին, որպեսզի նա ճիշտ որոշի իր անելիքները, կշռադատի նպատակները և դրանց համապատասխան ընտրի դաստիարակության մեթոդներն ու բովանդակությունը: Դաստիարակության սկզբունքի բաղկացուցիչներն են. 1. դաստիարակության օրինաչափությունները (հնարավորը), 2. դաստիարակությանը ներկայացվող սոցիալական պատվերը դաստիարակության նպատակը (ցանկալին, անհրաժեշտը), 3. սկզբունքից բխող կոնկրետ պահանջները, այսինքն կիրառելի կանոնները որպես դաստիարակության իրականացման գործիքավորում: Դաստիարակության յուրաքանչյուր տիպ ենթադրում է դաստիարակության սկզբունքների յուրահատուկ ըմբռնում: Կան սկզբունքներ, որոնք հատուկ են դաստիարակության բոլոր տիպերին, օրինակ հետևողականություն, հաջորդականություն, պահանջների միասնություն, երեխայի տարիքային և անհատական առանձնահատկությունների հաշվառում: Այս սկզբունքները բնորոշում են թե ավտորիտար և թե համագործակցության դաստիարակության տիպերը: Այսինքն առանց այդ սկզբունքների ոչ մի տիպի դաստիարակչական գործընթաց չի կարող իրականացվել: Ընդ որում այսպիսի ընդհանուր սկզբունքները, բովանդակությամբ և կիրառական առումներով էապես տարբեր են դաստիարակության տարբեր տիպերի համակարգերում: Առկա են նաև դաստիարակության տարբեր տիպերին բնորոշ առանձնահատուկ սկզբունքներ, օրինակ հարգանքի և պահանջկոտության զուգակցման, գիտակցության վրա հենվելու, անձնավորութային մոտեցման սկզբունքները բնորոշում են հումանիստական դաստիարակության էությունը: Դաստիարակության սկզբունքները, ըստ էության, ձևավորվել են մանկավարժական գիտելիքների կուտակման ամենավաղ շրջանում հանդես գալով որպես պարզ և ակնհայտ, ապացուցում չպահանջող, աքսիոմատիկ դրույթներ: Օրինակ դաստիարակությունը կատարելագործում է մարդուն, կամ երեխային անհրաժեշտ է դաստիարակել և այլն, դիտվել են անառարկելի պահանջներ և ենթակա են եղել իրականացման: Սակայն դաստիարակության սկզբունքի որպես դաստիարակության օրինաչափություններով հիմնավորվող համապարփակ պահանջի ձևակերպում առաջին անգամ հանդիպում է վերածննդի մանկավարժական տեսություններում: Վերածնության շրջանի մանկավարժները (Վիտորինո դա Ֆելտրե, Ֆրանսուա Ռաբլե, Միշել մոնտեն) ձևակերպեցին հումանիստական մանկավարժության ամենահիմնական սկզբունքները : Դաստիարակության սկզբունքների առաջին գիտական հիմնավորումը տվել է Յան Ամոս Կոմենսկին: Կոմենսկին առաջ քաշեց բնահարմար դաստիարակության, սանին հարգելու, նրա գիտակցության վրա հենվելու, համակարգվածության, հաջորդականության, տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելու սկզբունքները, որոնք այսօր էլ կազմում են հումանիստական մանկավարժության հիմքը: Հետագայում դասական մանկավարժության կողմից առաջ քաշվեցին դաստիարակության և ուսուցման (զարգացման) միասնության, նպատակաուղղվածության, իրաժամանակիության, կոլեկտիվում դաստիարակելու, անձնավորութային մոտեցման սկզբունքների: Դաստիարակության սկզբունքները պատմականորեն փոխվում են և զարգանում: Սկզբունքների զարգացումը պայմանավորված է առաջին հերթին մարդու և նրա դաստիարակության մասին մանկավարժական գիտելիքների ճշտմամբ և զարգացմամբ: Որքան խորն ենք ճանաչում դաստիարակության գործընթացը, այնքան ավելի ճշտումներ ենք մտցնում դաստիարակության սկզբունքների մեկնաբանություններում: Այսպես, օրինակ Կոմենսկու առաջ քաշած բնահարմարության սկզբունքը մերժվեց դեռևս դասական մանկավարժության կողմից: Սակայն հետագայում, ավելի խոր ըմբռնելով բնահարմարության էությունը, Կոմենսկու գաղափարը վերաիմաստավորվեց դասական մանկավարժության շատ կարկառուն ներկայացուցիչների կողմից, նրանք նոր տեսանկյունից դիտարկեցին բնահարմարության գաղափարը: Այսուհանդերձ, հարցը դեռևս սպառված չէ: Ձգտելով խորանալ բնահարմարության գաղափարի էության մեջ կարելի է համոզվել, որ այն նախնական իմաստով ճշմարիտ է, արտացոլում է դաստիարակության գործընթացում բնության զարգացման օրինաչափությունների օբյեկտիվ դրսևորումը, ունի շատ խոր և հեռանկարային նշանակություն դաստիարակության օրինաչափությունների բացահայտման, սկզբունքների զարգացման ու կատարելագործման համար: Դաստիարակության սկզբունքների փոփոխման և զարգացման կարևոր պատճառ է նաև հասարակական դաստիարակության բնույթի և նպատակների փոփոխվելը, քանի որ դաստիարակության սկզբունքները, ներառյալ նաև դաստիարակության հասարակական նպատակները, որոշվում են դաստիարակությանն առաջադրվող սոցիալական պահանջներով: Մանկավարժության տեսության և պրակտիկայի հետագա զարգացումը կբերի նոր գաղափարներ, որոնք կծառայեն սկզբունքների նոր զարգացմանը և իմաստավորմանը: Սակայն սկզբունքների տեսության զարգացման ոլորտում պետք է խուսափել մակերեսայնությունից և չարդարացված նորարարությունից, երբ հինը, լավ հայտնի երևույթներն ու ճշմարտությունները վերարտադրվում են նոր բառերով և տերմիններով: Նոր տերմինների և հասկացությունների ստեղծումը անհրաժեշտ է, եթե բացահայտվել են նոր երևույթներ, այլապես դրանք կարող են ծառայել հայտնագործման տպավորություն ստեղծելուն, որը, գիտության հետ չունենալով ոչ մի ընդհանուր բան, խճճում է տեսությունը և բարդացնում նրա ընկալումը: Մանկավարժական հասկացությունների և տերմինների պատմականությունն ու ժառանգորդությունը անհրաժեշտ և կարևոր պահանջ են: Գիտությունը կարող է արդյունավետ զարգանալ, եթե խնամքով պահպանում է արդեն ձեռք բերված բացահայտումները և փորձում է դրանք բարձրացնել նոր մակարդակի: Անցյալի ժառանգության տեսանկյունից անհրաժեշտ է գնահատել յուրաքանչյուր նոր ձևավորվող պահանջ, մերժել կամ ավելի արդյունավետ և բազմակողմանի իմաստավորել թե հինը, թե նորը, և սկզբունքը դարձնել ավելի խորիմաստ, կատարյալ և արդյունավետ: Սկզբունքների տեսության ոլորտում կա ևս մեկ չարդարացված մոտեցում մասնակի դրույթները որպես սկզբունք ըմբռնելը: Մասնակի պահանջներն այդ դեպքում, դուրս մնալով ընդհանուր գաղափարի և օրինաչափության ենթատեքստից, կորցնում են իրենց տեսական-մեթոդոլոգիական նշանակությունը, որն իր հերթին բերում է անճշտություններ և սխալ ըմբռնումներ: Բացի այդ, սկզբունքների համակարգը դառնում է բազմերանգ և խառնաշփոթ: Կռահել որևէ նոր գաղափար, կապ և անմիջապես խոսել նոր սկզբունքի մասին նշանակում է մակերեսային, թեթե վերաբերմունք դրսևորել սկզբունքների տեսության կարևոր հարցի նկատմամբ: Նոր գաղափարներն ու բացահայտումները նախ և առաջ պետք է ստուգել արդեն ճանաչված և հիմնավորված սկզբունքների համատեքստում: Եթե դրանք չտեղավորվեն արդեն ամրակայված սկզբունքներից որևէ մեկի բնութագրում, այդ դեպքում կարելի է ենթադրել նոր, գլոբալ հայտնագործության և սկզբունքների ձևակերպման ու հիմնավորման մասին: Դաստիարակության պետական քաղաքականությունը պետք է հիմնվի ընդհանուր ճանաչում գտած, գիտականորեն հիմնավորված սկզբունքների վրա: Կրթության մասին օրենքում դաստիարակության սկզբունքները ձևակերպվում են պաշտոնապես և ստանում են օրենքի ուժ : ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Այսպիսով, այսօրվա մեր հասարակական կյանքի զարգացման փոփոխությունները աննախընթաց են, օրեցօր, ժամ առ ժամ: Գիտության և տեխնիկայի ընձեռած նոր հնարավորություններն արագորեն ներթափանցում են հասարակական հարաբերությունների, կյանքի կազմակերպման, աշխատանքի, գիտելիքների ձևավորման ու ամրապնդման ոլորտներ: Գիտելիքը արագորեն փոփոխվում է, արդիականացվում և դառնում ազատ մրցակցության կարևորագույն միջոց: Գիտատեխնիկայի բնագավառում գրանցվում է առաջընթացի աննկարագրելի արագություն, որը հիմք է դառնում համաշխարհային և ազգային տնտեսությունների պարբերաբար վերակառուցման համար: Նորովի են կազմակերպվում և վերաբաշխվում աշխատատեղերը, ու այս պարագայում կրթության դերը աճում է անհամեմատ և վերաճում մի գործոնի, որը նպաստում է մարդու արժևորմանը: Այսօրվա դպրոցից պահանջվում է երեխայի մեջ սերմանել մարդկային արժեքներ, ըստ չափորոշիչների տալ գիտելիքների որոշակի քանակ, նախահիմքեր ստեղծել արժանավայել կյանքով ապրող հայրենասեր քաղաքացի ձևավորելու համար: Ուստի անհրաժեշտություն է առաջանում ստեղծել կրթական բարենպաստ միջավայր, որը ենթադրում է ուսումնադաստիարակչական ավանդական մոտեցումների վերանայում: Այսպիսով՝ կրթության և դաստիարակության համար բեկումնային խնդիր է դառնում այսօրվա պահանջներին համահունչ մարդու ձևավորման բարդ ու բազմազան գործը ինչպես իր բովանդակությամբ, այնպես էլ՝ իրականացման ուղիներով ու միջոցներով: Այսօրվա մարդը պետք է լինի համակողմանի զարգացած անձնավորություն, որն իր հոգևոր զարգացմամբ, գաղափարական և քաղաքական համոզվածությամբ, բարոյական բարձր որակներով, ֆիզիկական և գեղագիտական կատարելիությամբ մարդկային մի նոր կերպար է, մարդ, որն իր անձնական զարգացվածությամբ, հասարակական բարձր ակտիվությամբ ի վիճակի է նվիրաբերվելու իր ժողովրդին և հայրենիքին: Հասարակական հարաբերությունների զարգացման ու կատարելագործմանը զուգընթաց, բնականաբար, շարունակում է բարձրանալ կրթության ու դաստիարակության դերն ու նշանակությունը: Տեխնիկական մշտական նորույթներով հագեցած մերօրյա ժամանակաշրջանը իր զարգացման տարբեր փուլերում պահանջում է կրթության ու դաստիարակության նոր բովանդակություն, ավելի ճիշտ, համապատասխան բովանդակություն և դրա իրագործման նորանոր մեթոդներ ու ձևեր: Հաշվի առնելով այսօրվա մեր իրականության զարգացման տեմպերն ու օրինաչափությունները՝ այսօրվա մարդու կրթության ու դաստիարակության պրոցեսի իրականացումը անհրաժեշտաբար ենթադրում է համակողմանի և նորովի մոտեցման ցուցաբերում, այսինքն՝ մարդու բոլոր կողմերի ձևավորումն ապահովող կրթական և դաստիարակչական ներգործությունների մի ամբողջ համակարգ: Ընդ որում, այդ համակարգի բաղադրամասերը /մտավոր, բարոյական, գաղափարական, աշխատանքային ֆիզիկական, գեղագիտական/ սերտորեն կապված են միմյանց հետ ոչ միայն բովանդակությամբ, այլ նաև իրենց իրականացման միջոցներով, մեթոդներով ու եղանակներով: Հենց այդ բաղադրամասերի ներդաշնակ զուգորդությամբ պետք է իրականացնել մարդու կրթությունն ու դաստիարակությունը, որը հրատապ ու կարևոր է այսօրվա մարդու, քաղաքացու ձևավորման ու համակողմանի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներում: Կրթությունը և դաստիարակությունը, որպես անհատի ձևավորման հիմնական որոշիչ գործոն, պետք է հենվի հասարակական ու անհատական գիտակցությունների փոխադարձ կապերի վրա: Կրթության և դաստիարակության հիմքը կազմող հասարակական գիտակցությունն իրենցից ներկայացնում է տարբեր ձևերի մի միասնական համակարգ, որոնց բնորոշ գծերը իրավական, քաղաքական, գեղագիտական, բարոյական, փիլիսոփայական և այլն, գտնվում են փոխադարձ կապերի ու պայմանավորվածության հարաբերության մեջ, լրացնում, ընթացք են տալիս միմյանց: Հետևաբար այդ հիմքից բխող կրթությունն ու դաստիարակությունն իրենց հերթին պետք է իրականացվեն հասարակական գիտակցության տարբեր ձևերին համապատասխանող իր բաղադրամասերի ներդաշնակ միասնությամբ: ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ 1. Ամիրջանյան Յու.Ա., Ա.Ս. Սահակյան «Մանկավարժություն» Երևան, 2005 2. Լ․Վ․ Թորգոմյան «Մանկավարժության ընդհանուր հիմունքներ» ուս․ ձեռնարկ, Երևան, 2005 3. Յու.Կ. Բաբանսկի «Մանկավարժություն» ուս․ ձեռնարկ մանկավարժական ինստիտուտի ուսանողների համար – Երևան, 1986


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar