• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Երևանի Գեղեցիկ Արվեստների Ազգային Ակադեմիա

Երևանի Գեղեցիկ Արվեստների Ազգային Ակադեմիա

Երևանի Արաբկիր համայնքում, Հակոբ Հակոբյան 3 հասցեում գտնվում է Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան, որին կից գործում է քոլեջ 2000 թվականից:

Ակադեմիայի պատմությունը հարուստ է շատ մրցանակներով, մասնակցել է 170 ցուցահանդեսների, նորձևության ցուցադրությունների և մրցույթների: «Մրցույթներից մոտ 60-ը հանրապետական և միջազգային են, որտեղ ուսանողներն արժանացել են շնորհակալագրերի, դիպլոմների և, նույնիսկ, գրան-պրի մրցանակների»,- ասում է ակադեմիայի պրոռեկտոր Համլետ Թոռունյանը:

Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան պատրաստում է դիզայն մասնագիտության գծով բարձր որակավորման մասնագետների` հագուստի դիզայների, շինությունների ներքին (ինտերիեր) և արտաքին (էքստերիեր) հարդարման դիզայներների, գրաֆիկական, արդուզարդի դիզայներների:

Ակադեմիայում գործում է ուսանողական գիտաստեղծագործական խորհուրդ, որը ակտիվ մասնակցում է ակադեմիայի ստեղծագործական և հասարակական կյանքին, պարբերաբար կազմակերպում է ցուցահանդեսներ, մրցույթներ, գիտական զեկուցումներ և բանավեճեր: Պրոռեկտորը հպարտությամբ պատմում էր, որ դասախոսական անձնակազմը կազմված է երեք սերունդների բարձր որակավորում ունեցող մասնագետներից, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներից, ակադեմիկոսներից, պրոֆեսորներից, գիտությունների դոկտորներից, թեկնածուներից, դոցենտներից:

Դասընթացների արդյունավետության երաշխիք են հանդիսանում ուսումնական պլանները: «Ուսումնական պլանները փոխառվել են միջազգային բարձր ճանաչում վայելող կրթօջախներից և ներդաշնակվելով մեր ազգային ավանդույթներին՝ հաստատվել են ՀՀ ԿԳ նախարարության կողմից»,-ավելացնում է պարոն Թոռունյանը:

Դիմորդներն ընդունելության քննություններ են հանձնում գծանկար, գունանկար, կոմպոզիցիայի հիմունքներ առարկաներից: Ակադեմիա կարող են ընդունվել այն քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ կրթություն: Ուսման տևողությունը 4 տարի է, իսկ մագիստրատուրայում՝ 2 տարի:

Ակադեմիային կից գործում է քոլեջ, որտեղ կարող են ընդունվել հիմնական դպրոցն ավարտած յուրաքանչյուր քաղաքացի: Քոլեջում առաջին կուրսի դասընթացում սովորում են բոլոր մասնագիտացումների հիմունքները, այդպիսով հնարավորություն ունենալով կողմնորոշվելու, թե որ մասնագիտությունն են ցանկանում ընտրել երկրորդ կուրսում: Ուսման տևողությունը քոլեջում երեք տարի է:

Այս քոլեջն ավարտած Սամվել Մալոյանը (Samvel Maloyan) գտնում է, որ լուրջ հաջողությունների համար հարկավոր է շատ աշխատել, ինչպես նաև ստանալ լուրջ կրթություն: Թեև նա ուսումը չի շարունակելու ակադեմիայում, այնուամենայնիվ, պատանի դիզայները գտնում է, որ քոլեջն իր համար մասնագիտական ուղղություն ընտրելու հարազատ կրթական օջախ է:

ՍԱՄՎԵԼ ՄԱԼՈՅԱՆԸ ՄՈԴԵԼՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՍԱՄՎԵԼ ՄԱԼՈՅԱՆԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՐԽԻՎԻՑ
«Երկարատև նպատակներիցս է մտնել համաշխարհային նորաձևության աշխարհ»,- ասում է 17-ամյա դիզայները: Նա համարում է, որ այդ նպատակին հասնելու առաջին քայլերն արդեն արել է` մասնակցելով տարբեր ցուցահանդեսների, լուրջ համագործակցություններ է ունեցել Հայաստանում ճանաչված մարդկանց, շոուբիզնեսի ներկայացուցիչների հետ: Բացի այդ, նա արդեն նամակ է ուղարկել Լոնդոնի «Ինստիտուտո Մարանգոնի» համալսարան՝ նպատակ հետապնդելով այնտեղ ստանալ մասնագիտական բարձր կրթություն:

Ներկա օրերին Սամվելը զբաղված է «Աղոթք» խորագրով բարեգործական ցուցահանդեսի նոր հավաքածուով, որը նախատեսվում է հանրության դատին ներկայացնել այս տարվա օգոստոս ամսին: «Երազանքներիցս մեկը եղել է բարեգործություն անելը, հիմա ունեմ այդ հնարավորությունները և փորձում եմ իմ ուժերի ներածին չափով ներդրում ունենալ այդ շնորհակալ գործում»,- ավելացնում է պատանի դիզայները:
18
Декабрь
0
7

Комментарии к записи: 0

avatar