• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Վանաձորի մասնաճյուղ

Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Վանաձորի մասնաճյուղ

ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղը ստեղծվել է ՀՀ Կառավարության 2004 թ. հունիսի 25-ի № 976-Ն որոշմամբ, իսկ փաստացի աշխատանքային գործունեությունը սկսվել է 2005 թ. սեպտեմբերի 1-ից` ՀԱԱՀ-ի ռեկտոր Ա.Պ. Թարվերդյանի № 254/Լ հրամանով: Նույն հրամանի 2-րդ մասով հաստատվել է մանսաճյուղի ժամանակավոր հաստիքացուցակը՝ 13 միավոր հաստիքներով, իսկ № 532 հրամանով 2005թ. սեպտեմբերի 1-ից Վանաձորի մասնաճյուղի տնօրեն է նշանակվել Գ.Գ.Թ. Ալեքսանդր Խաչատուրի Հակոբյանը:
2005-2006 ուստարվա առաջին կուրսերի ուսումնական պարապմունքներն առաջին անգամ սկսվել են 2006թ. ապրիլի 3-ից:
Մասնաճյուղի ուսումնական գործընթացը կազմակերպվում է ՀԱԱՀ-ի հեռակա ուսուցման դեպարտամենտի կրթական չափորոշիչներին համապատասխան:
Աշխատանքային գործունեության անցած 9 տարիների ընթացքում կոլեկտիվի կողմից արվել է հնարավոր ամեն ինչ նորաստեղծ մասնաճյուղի աստիճանական զարգացումն ապահովելու և որակյալ մասնագետներ պատրաստելու համար:

ՀԱԱՀ-ի ռեկտորի, հեռակա ուսուցման դեպարտամենտի, դեկանատների և ամբիոնների մշտական աջակցության և համագործակցության պայմաններում մասնաճյուղի տնօրինության կողմից հետևողականորեն միջոցներ են ձեռնարկվում ուսումնական գործընթացը ժամանակակից կրթական չափորոշիչներին համապատասխան կազմակերպելու, նյութատեխնիկական բազան ամրապնդելու, լաբորատոր սարքավորումներ և գույք ձեռք բերելու, ուսումնական մասնաշենքը բարեկեցիկ դարձնելու և ջեռուցելու, ինչպես նաև ժամանակակից պահանջներին համապատասխան գրադարան-ընթերցասրահի, ուսումնական և առարկայական ծրագրերին համապատասխան լաբորատորիաների և տեխնիկական միջոցներով ապահովված լսարանների ստեղծման ուղղությամբ:
Մասնաճյուղը հեռակա ուսուցման համակարգում բակալավրիատի ծրագրով պատրաստում է բարձրագույն կրթությամբ կադրեր հետևյալ մասնագիտությունների գծով`

310102 Ագրոնոմիա
310201 Անասնաբուծություն
310301 Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն
310404 Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում
310709 Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա
311103 Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ
310801 Գյուղատնտեսության մեքենայացում
310716 Գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում
310901 Հողաշինարարություն և հողային կադաստր:
2014-2015 ուսումնական տարում մասնաճյուղ են ընդունվել և համարվել մասնաճյուղի առաջին կուրսի ուսանողներ թվով 81 դիմորդներ` «Հողաշինարարություն և հողային կադաստր», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն», «Հաշվապահական հաշվառում և աուդիտ», «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում», «Գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում», «Գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությունների գծով:

Ներկայումս մասնաճյուղում սովորում են շուրջ 471 ուսանողներ, որոնցից շատերը մոտ ապագայում իրենց աշխատատեղը կգտնեն տարածաշրջանի ագրարային արտադրության ոլորտներում և ձեռք բերած մասնագիտական գիտելիքներով կնպաստեն գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների բարգավաճմանը:
2013-2014 ուստարվա ընթացքում մասնաճյուղում մասնագիտական առարկաներ են դասավանդել 66 դասախոս: Նրանցից 39-ը Վանաձոր են գործուղվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանից, 5-ը` մասնաճյուղի հաստիքային աշխատողներ են, իսկ 22-ը Վանաձոր քաղաքում գործող պետական բուհերից, հանրակրթական դպրոցներից և այլ կազմակերպություններից հրավիրված մասնագետներ են: Դասավանդող 66 դասախոսներից 39-ը ունեն գիտական կոչումներ և աստիճաններ:

Մասնաճյուղում ստեղծված է կահավորված գրադարան-ընթերցասրահ, գործում է էլեկտրոնային գրադարանը: Անցած ինը տարիների ընթացքում ստեղծվել են կահավորված այնպիսի լաբորատորիաներ, ինչպիսիք են համակարգչային տեխնիկայի, գեոդեզիայի, գյուղ. մեքենաների և գործիքների, ֆիզիկայի և էլեկտրոտեխնիկայի, մեքենաների մասերի, ավտոմոբիլների և տրակտորների, անասնաբուժասանիտարական փորձաքննության և սննդի անվտանգության լաբորատորիաները: Կգործարկվեն նաև հողի անալիզների, քիմիայի և կենսաբանության լաբորատորիաները:
Մասնաճյուղում գործում է նաև հենակետային գյուղատնտեսական քոլեջը, որն առկա ուսուցման համակարգում վճարովի և անվճար ուսուցմամբ պատրաստում է միջին մասնագիտական կրթությամբ կադրեր «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ», «Մենեջմենտ», «Հողաշինություն» մասնագիտությունների գծով:
Ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաները մասամբ անց են կացվում Սպիտակի ուսումնափորձնական տնտեսությունում, մասամբ էլ համապատասխան արտադրական ձեռնարկություններում և կազմակերպություններում՝ նախապես կնքված փոխադարձ պայմանագրերին համապատասխան և ժամկետներում:

Հետադարձ կապ
ՀՀ, ք.Վանաձոր, Աբովյան 64
հեռ. (0322) 2-51-76, (0322) 2-51-46,
18
Декабрь
0
12

Комментарии к записи: 0

avatar