• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան, Գյումրիի մասնաճյուղ

Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան, Գյումրիի մասնաճյուղ

Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը կազմակերպվել է 1959թ. և իր գոյության ընթացքում 21 մասնագիտությունների գծով հանրապետությանը տվել է շուրջ 15000 շրջանավարտ, որոնց ջանքերով է հիմնականում զարգացել Շիրակի մարզի արդյունաբերությունը:



Մասնաճյուղում իրականացվում են ավագ դպրոցի, միջին մասնագիտական, բակալավրական, մագիստրոսական և ասպիրանտական կրթական ծրագրերով ուսուցման գործընթացներ: Մասնագիտությունների ցանկն անընդհատ ճշգրտվում է և հնարավորինս համապատասխանեցվում տնտեսական նոր հարաբերությունների պայմաններում ձևավորվող աշխատաշուկայի կարիքներին: 2013 թվականից մասնաճյուղում իրականացվում է բակալավրական կրթական ծրագրով ուսուցում ևս երեք նոր՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Համակարգչային գեղարվեստական նախագծում», «Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա» մասնագիտություններով:



Մասնաճյուղն իրականացնում է նաև տարբեր կրթական ու գիտական ծրագրեր տարածաշրջանի տնտեսության և հասարակության կրթական ու տեխնոլոգիական կարիքներն առաջնահերթորեն բավարարելու նպատակով: Ուսուցման գործընթացն իրականացվում է նորագույն սարքերով և քոմփյութերային տեխնիկայով հագեցած լաբորատորիաներում: Նշանակալից են մասնաճյուղում կատարվող գիտական հետազոտությունները: Աշխատակիցները և ուսանողները տարեկան հրատարակում են շուրջ 50 գիտական հոդված, արտոնագրում գյուտեր, զեկուցումներով մասնակցում հանրապետական ու միջազգային գիտաժողովների: Գործում է Ուսանողական գիտական ընկերություն, Ռոբոտաշինության խումբ, Բազային գիտահետազոտական լաբորատորիա, իրականացվում են թեմատիկ ֆինանսավորման գիտական ծրագրեր: 2012-2014թթ., պաշտպանվել է 1 դոկտորական և 8 թեկնածուական ատենախոսություն: 2014թ.-ից «Միասնական արդիական Պոլիտեխնիկ» ծրագրի իրականացման արդյունքում մասնաճյուղն ունի համալսարանի և նրա Վանաձորի ու Կապանի մասնաճյուղերի հետ Online տեսակապի հնարավորություն, որը թույլ է տալիս կազմակերպել համատեղ կոնֆերանսներ, դասախոսություններ, բանավեճային քննարկումներ: Մասնաճյուղի աշխատակիցները և ուսանողները մասնակցում են բազմաթիվ գիտական մրցույթների և ուսանողական օլիմպիադաների, մշտապես արժանանում դիպլոմների, պատվոգրերի ու դրամական պարգևների:



Տպավորիչ են հաջողությունները նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ասպարեզում. կենսագործվել է «Եվրասիա», «Այրեքս», «ՄԳՏԿ» հիմնադրամների և «Սորոս», «Տեմպուս-Տասիս» ծրագրերի 14 դրամաշնորհ. այդ ֆինանսավորմամբ կազմակերպվել է 4 համակարգչային լսարան: Սերտ բարեկամական կապեր են հաստատվել «Orange Armenia» կազմակերպության, Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի (Տեխնոպարկ), Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (GITC), Գյումրիում գործող հասարակական կազմակերպությունների հետ: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղը ջանք չի խնայում է՛լ ավելի ամրապնդելու Շիրակի մարզում ժամանակակից տեխնոլոգիաների տարածման առաջնեկի ու առաջատարի իր դիրքերը։ Առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ մասնաճյուղի www.polytechgyumri.am կայքից:
18
Декабрь
0
1316

Комментарии к записи: 0

avatar