• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան, Վանաձորի մասնաճյուղ

Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան, Վանաձորի մասնաճյուղ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է 9000-ից ավելի շրջանավարտ: Նրանց շարքում են նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, ՀՀ ԱԺ պատգամավորներ, մարզային և քաղաքային համայնքների ղեկավարներ, գործարանների տնօրեններ, արտադրության կազմակերպիչներ, մեքենաշինության, շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների և բանկային համակարգերի, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտների գլխավոր ճարտարագետներ, առաջատար մասնագետներ:

Մասնաճյուղը Լոռու տարածաշրջանի ճարտարագիտական կրթության և գիտության կենտրոնն է, որի առաքելությունն է կրթական և հետազոտական ծրագրերի միջոցով նպաստել տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային գերակա ուղղություններում արդյունաբերության վերականգնմանը, ինչպես նաև Լոռու մարզի արդյունաբերության զարգացման և աշխատաշուկայի կարիքներին համահունչ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և արդի այլ ճյուղերի, տարածաշրջանի ճարտարագիտական և հետազոտական ներուժի զարգացմանը: 1988թ. երկրաշարժի հետևանքով մասնաճյուղի մասնաշենքերը խարխլվեցին։ 2009թ. դրանցից 3-ի վերջնական հիմնանորոգումն ու բարեկարգումն ավարտվեց, իսկ մնացած 2-ը տրամադրվել են Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն կառուցելու համար:

Ճարտարագիտության բակալավրի ծրագրով մասնաճյուղում գործում են հետևյալ մասնագիտությունները.

Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (մեքենաշինության ճյուղում)* ,
Օգտակար հանածոների հետախուզում և մշակում,
Մետալուրգիա և նյութագիտություն,
Մեքենաշինություն և նյութերի մշակում,
Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում*,
Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա*,
Տեքստիլ և թեթև արդյունաբերության արտադրատեսակների տեխնոլոգիա,
Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն*,
Քիմիական տեխնոլոգիաներ*։
* Գործում է նաև հեռակա ուսուցում։
Ճարտարագիտության մագիստրոսի ծրագրով մասնաճյուղում գործում են հետևյալ մասնագիտությունները.

Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն*,
Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (մեքենաշինության ճյուղում):
* Գործում է նաև հեռակա ուսուցում։

Կառուցվածքը. Մասնաճյուղի 2 ֆակուլտետների (Բնական գիտությունների և տեղեկատվական համակարգերի, Տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտության) 7 ամբիոններում (Հումանիտար առարկաների և մարմնակրթության, Մաթեմատիկայի և գրաֆիկայի, Կիրառական ֆիզիկայի, Մեքենաշինության և մետալուրգիայի, Տրանսպորտային համակարգերի, Թեթև արդյունաբերության ճարտարագիտության և Քիմիական տեխնոլոգիաների, շինարարության և լեռնային գործի) աշխատում է 62 դասախոս, նրանցից 33-ն ունեն գիտական աստիճան, այդ թվում՝ 5 դոկտոր: Ուսանողների, մագիստրանտների և աշակերտների թիվը 700 է:

Ուսումնական գործընթացը. Մասնաճյուղն ունի տարածաշրջանային գործընկերների մեծ ցանց, ուսանողները պայմանագրային հիմունքներով պրակտիկան անցկացնում են Վանաձորի և Լոռու մարզի ավելի քան 30 առաջատար ձեռնարկություններում: Վերջին տարիներին հատկապես արդյունավետ է տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտի գործընկերների հետ համագործակցությունը («Ինսթիգեյթ դիզայն», «Նեյշնլ ինսթրումենթս», «Յուքոմ» ընկերություններ):

Մասնաճյուղում գործում են համակարգչային, ֆիզիկայի և էլեկտրատեխնիկայի, շինանյութերի, քիմիայի, տրանսպորտային միջոցների կառուցվածքի, ճանապարհային երթևեկության կանոնների, տեքստիլ նյութագիտության, թեթև արդյունաբերության տեխնոլոգիայի, մեքենաշինության տեխնոլոգիայի, արգելակային սարքավորումների և հարմարանքների ուսումնագիտական արհեստանոց-լաբորատորիա, գրաֆիկայի, երկրաբանության կաբինետներ, անգլիախոսների ակումբ, տեխնոլոգիական կարողություններով լսարաններ, էլեկտրոնային ընթերցասրահ, ռոբոտատեխնիկական խմբակ, փակ և բացօթյա մարզահրապարակներ: Բոլոր մասնաշենքերում առկա է Wi-Fi ինտերնետային կապ:

Հարութ Պրոնոզյանի անվան լսարանն ունի տեխնիկական հնարավորություններ՝ on-line կապ ստեղծելու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի կրթահամալիրի և տարածաշրջանային մասնաճյուղերի միջև:

Արդեն գործում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գերժամանակակից Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) մասնաճյուղը՝ մեքենագիտության և էլեկտրատեխնիկայի գծով, որը ստեղծվել է «Արդիական, միասնական Պոլիտեխնիկ» դրամաշնորհի շրջանակներում:

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որին մասնակցել էին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտները, վերանորոգվեց մի դասասենյակ, որը գործում է որպես ռոբոտատեխնիկայի լսարան: Լսարանի կահավորումն իրականացվել է HSBC Հայաստան Բանկի աջակցությամբ, որին միջնորդ է հանդիսացել «Հայաստան» համահայկական հիմնադրամը :

Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցը գործում է 1996 թվականից: Շրջանավարտների գերակշիռ մասը համալրել և համալրում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական համակազմը: Շրջանավարտներից 5-ը գիտությունների թեկնածու են դարձել:

Գործում են նաև «Որակի ապահովման և վերահսկման», «Արտաքին կապերի և ուսանողական կարիերիայի» բաժինը: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կազմում մասնաճյուղը 2012թ. մասնակցեց ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացներին: Մասնաճյուղում ավանդույթ են դարձել ուսանողական ամենամյա գիտաժողովների կազմակերպումը և լավագույն աշխատանքների խրախուսումը:

Գիտական գործունեությունը. Պրոֆեսորադասախոսական կազմը տարեկան հրատարակում է 30-ից ավելի գիտական հոդվածներ, արտոնագրում գյուտեր, գիտական զեկուցումներով մասնակցում հանրապետական ու միջազգային գիտաժողովների:

Միջազգային կապերը. Մասնաճյուղը 1999թ.-ից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կազմում մասնակցում է միջազգային համագործակցության ծրագրերում («Տեմպուս-Տասիս»): Այդ ծրագրի շրջանակներում մասնաճյուղը 2007թ. ձեռնամուխ եղավ իր առաջին ռազմավարական ծրագրի մշակմանը. այժմ գործողության մեջ է երկրորդը: Միջազգային գործունեությունն ընդլայնվեց 2010թ., երբ բուհն ընդգրկվեց «Տեմպուսի» 2 ծրագրերում՝ DIUSAS (Համալսարանի ինքնագնահատման համակարգերի զարգացում և ինտեգրում) և PICQA (Բարձրագույն կրթության որակի ապահովման համադրելիության և միջազգայնացման աջակցություն): Արդյունքում՝ մասնաճյուղն այսօր ունի ձևավորված և զարգացման մեջ գտնվող որակի ապահովման ներքին համակարգ: 2012թ. մասնաճյուղն ընդգրկվեց ևս 2 նոր ծրագրերում՝ ARARAT (Հայկական կոորդինացիոն գործակալություն «Համալսարան-Գործատու») և INARM (Ինֆորմատիկա և կառավարում. Բոլոնիայի ոճի որակավորումների շրջանակ):

Կառավարության ընդունած որոշման համաձայն՝ մասնաճյուղի երկու չվերանորոգված մասնաշենքերի տարածքում ստեղծվում է Տեխնոլոգիական կենտրոն, որը լրացուցիչ խթան կլինի Լոռու մարզում տեխնոլոգիական նորաստեղծության զարգացման համար: ՎՏԿ-ն (Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն) բարենպաստ միջավայր է ստեղծում բուհի համար նորարար մտքերի, գաղափարների իրագործման, ինչպես նաև ձեռք բերած գիտելիքները նոր բնագավառներում օգտագործելու համար:

Բոլոնիայի չափանիշներին և պահանջներին համահունչ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ Վանաձորի մասնաճյուղը ևս անցել է ինստիտուցիոնալ հավատարմագրում:

Առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ մասնաճյուղի http:/polytechvan.am կայքից:
18
Декабрь
0
1999

Комментарии к записи: 0

avatar