• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


«ԱրմենՏելը» կհովանավորի Հայաստանի մանուկներ հիմնադրամի կրթական, բնապահպանական եւ սոցիալական ծրագրերը

«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն եւ  Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր եւ խորհրդի ատենապետ Գարո Արմենը երկարատեւ համագործակցության մասին փոխհամաձայնության հուշագիր են ստորագրել: Համաձայնագրի շրջանակում «ԱրմենՏել» ընկերությունը կհովանավորի Հայաստանի մանուկներ հիմնադրամի կրթական, բնապահպանական եւ սոցիալական մի շարք ծրագրերի իրականացումը:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2012 թվականի ընթացքում «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) կաջակցի ուսուցիչների համակարգչային գրագիտության բարձրացմանն ուղղված ծրագրերին, որոնք կիրականացվեն Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի 6 գյուղում: Դասընթացների արդյունքում ավելի քան 100 ուսուցիչ ձեռք կբերեն հիմնական համակարգչային գիտելիքներ, կծանոթանան ինտերնետում աշխատելու եւ տեղեկատվական ռեսուրսներն ուսումնական գործընթացում օգտագործելու սկզբունքներին:

«Ազատենք շրջակա միջավայրը պոլիէթիլենային տոպրակներից» բնապահպանական ծրագրի շրջանակում կարտադրվեն եւ կտարածվեն կտորե տոպրակներ, որոնց օգտագործումը հնարավորություն կտա կրճատելու շրջակա միջավայրին մեծ վնաս հասցնող պոլիէթիլենային տոպրակների կիրառումը: Ավելին, այս ծրագրի շրջանակում լուծվում են ոչ միայն էկոլոգիական այլ նաեւ սոցիալական հարցեր, քանի որ կտորե տոպրակների արտադրությունը ենթադրում է աշխատատեղերի ստեղծում գյուղական համայնքներում:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր եւ խորհրդի ատենապետ Գարո Արմենը հայտարարեց. «Մենք հպարտ ենք համագործակցել «ԱրմենՏելի» հետ, որը ներկայացնում է հեռահաղորդակցության ոլորտում համաշխարհային առաջատար ապրանքանիշերից մեկը: Հայաստանի մանուկներ հիմնադրամը կառուցում է առողջ, բարգավաճ, մշակութապես աշխույժ միջավայր, որտեղ բոլոր երեխաներն ունեն հնարավորություն հասնելու իրենց ներուժի գագաթնակետին եւ նշանակալիորեն աջակցելու իրենց համայնքների եւ աշխարհի զարգացմանը»:

Նրա խոսքով, այս իմաստով, տեխնոլոգիաների ինտեգրումը ուսուցման գործընթացում չափազանց կարեւոր է գյուղաբնակ ժողովրդի զարգացման եւ աճի համար: «Կտորե վերաօգտագործվող տոպրակների կիրառումը զերծ կպահի բնությունը պոլիէթիլենային տոպրակներից եւ կընդգծի մաքուր եւ առողջ շրջակա միջավայրի կարեւորությունը, ինչպես նաեւ կստեղծի նոր աշխատատեղեր մեր գյուղերի կանանց համար»,-ասաց նա:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1185

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar