• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Մեր գիտնականները պետք է իմանան, որ երկիրն ու ժողովուրդը ուշադիր են իրենց եւ իրենց վաստակի նկատմամբ. Սերժ Սարգսյան



Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ պետական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ խոսք է ուղղել դափնեկիրներին` նշելով, որ  մրցանակակիրները  մեր ժողովրդի ամենավառ անհատականություններից են, ովքեր արժանի են հասարակական գնահատանքի ու մեծարման: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Նախագահի մամուլի գրասենյակից:  Սերժ Սարգսյանի խոսքում, մասնավորապես նշվում էր.

«Պետական մրցանակների կարեւորությունն ու արժեքը մեծ են մեր երկրի եւ հասարակության համար: Եվ մեր մրցանակակիրներն էլ մեր ժողովրդի ամենավառ անհատականություններից են, ովքեր արժանի են հասարակական գնահատանքի ու մեծարման: Այդ պատճառով է, որ մենք որոշել ենք այսուհետ մրցանակների հանձնման արարողությունը կատարել ավելի մեծ շուքով` ընդգծելու համար պետության վերաբերմունքը նրանց ու նրանց գործի հանդեպ:

Ուրախ եմ այն իրողությամբ, որ այս տարի առաջին անգամ պետական մրցանակ է շնորհվել նաեւ ճշգրիտ եւ բնական գիտությունների բնագավառում: Այս անվանակարգի բացակայությունը, կարծում եմ, սխալ էր, իսկ շտկումը` տեղին: Մեր գիտնականները պետք է իմանան, որ երկիրն ու ժողովուրդը ուշադիր են իրենց եւ իրենց վաստակի նկատմամբ: Հայաստանը եղել է եւ պետք է շարունակի լինել գիտության եւ առաջադեմ տեխնոլոգիաների երկիր: Այս առումով մենք զարգացման այլընտրանք չունենք: Իմ համոզմունքն է, որ հետ մնացող Հայաստան, հատկապես գիտության եւ կրթության ոլորտներում, պարզապես չի կարող լինել:

Շնորհավորում եմ դափնեկիրներին Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի արժանանալու կապակցությամբ:

Համոզված եմ, որ նման մակարդակի արվեստագետներն ու գիտնականները գիտակցում են այս մրցանակի լրջությունն ու պատասխանատվությունը: Մենք մեր հերթին գիտենք, որ պետական մրցանակի արժանի գործերը մեկ օրում չեն ծնվում: Դրանցից յուրաքանչյուրի թիկունքում մի ամբողջ ստեղծագործական կյանք է` որոնումներով ու անքուն գիշերներով, անկումներով ու վերելքներով: Հաջողությունը ոչ միայն աստվածատուր տաղանդի, այլեւ մեծ նվիրումի ու հսկայական աշխատանքի պտուղ է:

Շնորհակալություն եմ հայտնում հանձնաժողովների անդամներին, որոնք կատարել են մեծ ծավալի աշխատանք եւ բարդ ընտրություն: Ցավում եմ, որ կան անվանակարգեր, որտեղ այս տարի մենք չունենք դափնեկիրներ: Մյուս կողմից ողջունում եմ որդեգրված չափանիշներին հավատարիմ մնալու սկզբունքը եւ բարձր նշաձողի պահպանումը: 

Կրկին շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում առողջություն ու անսպառ եռանդ, որպեսզի նոր ու հետաքրքիր գործերով հարստացնեք ձեր եւ մեր մշակույթը, ձեր եւ մեր գիտությունը: Հավատացեք, որ դա մեր ժողովրդի համար շատ ավելի կարեւոր նշանակություն ունի»:


Լուրեր Հայաստանից - NEWS.am


18
Декабрь
0
1089

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar