• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Մնջոյանի ինստիտուտում այրվածքների դեմ նոր դեղ են գտել

NEWS.am-ի հարցազրույցը ՀՀ ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանի հետ:

Պրն Թոփուզյան, Ա. Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը դեռ խորհրդային տարիներից հայտնի էր նոր դեղերի մշակման աշխատանքներով: Հիմա ի՞նչ վիճակում են այդ աշխատանքները:

Մենք աշխատում ենք 50-ական թվականներից, ու հիմնական նպատակը նոր դեղ ստեղծելն է: Դեռ խորհրդային տարիներին շուկայում արդեն մեր ինստիտուտի ստեղծած 15 նոր դեղ կար: Նաեւ 25 նախադեղ ունեինք (չգրանցված միացություն, որոնդ դեռ պետք է կլինիկա անցնեն): Անկախացումից հետո որոշ կապեր խզվեցին, ինստիտուտի մասնակցությունը շուկայում հասավ զրոյի, քանի որ պետական աջակցություն չկար, իսկ մենք պետական կազմակերպություն ենք: Հիմա սկսել ենք արտադրել որոշ դեղատեսակներ, որոնք վաճառում ենք Հայաստանում, Ուկրաինայում, Բելառուսում եւ Վրաստանում: Արտահանում ենք դիցիլինը (օգտագործվում է վիրահատությունների ժամանակ` որպես մկանները թուլացնող), գանգլերոնը (սիրտանոթային համակարգի հետ կապված): Թիոդինը միայն Հայաստանում ենք վաճառում` իշիասի, վերջույթների բորբոքումների համար, չգիտեմ ինչու` բոլորը գոհ են, հիմնականում տղամարդիկ են օգտագործում:

Իսկ ի՞նչ նոր դեղեր ունեք մշակած:

Ընթացքում է այրվածքների դեմ միջոցը; Վերականգնողական շատ լավ հատկություններ ունեցող մի նյութ ենք պատենտավորել վերջերս, դրա հիման վրա քսուկ ենք ստեղծում, հիմա դրա փորձարկումներն են գնում: Նոր քսուկը կարելի է կիրառել քիմիական այրվածքի, մաշկի վրա ջերմային ազդեցության, հրազենային այրվածքների դեպքերում: Քանի որ մաշկի շատ լավ վերականգնողական հատկություն ունի, կարող է հեշտությամբ կյանք մտնել եւ օգտակար լինել բոլոր տեսակի այրվածքների եւ վնասվածքների դեպքում: Հուսով եմ` գրանցման բարդություններ չեն լինի, որովհետեւ ակտիվ միացության նախակլինիկան ամբողջովին ունենք:

Բայց նոր դեղի կյանք մտնելն այնքան էլ հեշտ չէ:

Միշտ էլ բարդություններ կան ապացուցելու, որ նոր դեղն իսկապես անվտանգ է, սակայն քանի որ քսուկի ձեւով է լինելու, այդ պահանջները ավելի մեղմ կլինեն: Հուսով ենք, որ 1.5-2 տարում կհասցնենք դեղը մինչեւ դեղատուն եւ հիվանդին: Սովորաբար դեղերի ներդրումը երկար տարիներ է տեւեում, երբեմն` տասնյակ տարիներ, որովհետեւ ակտիվ միացությունը գտնելը քիչ է, դրանից դեղանյութ սարքելը եւս անբավարար է, նախակլինիկա ունենալը եւս բավարար չէ: Հարկավոր է կլինիկական փորձաքննություն, երբ դեղն անմիջապես փորձարկվում է մարդկանց վրա: Նախակլինիկան (ստուգվում է դեղանյութի անվտանգությունը, տոքսիկայնությունը, քաղցկեղածնությունը, պտղի վրա ազդելու ընդունակությունը) լրիվ նոր միացության համար 50 մլն դրամ է արժենում: Կլինիկայի դեպքում արդեն մեկ զրո ավելացնելով հազիվ հարցը լուծենք, այն էլ` դրսից ռեսուրսներ ներգրավելով: Նախակլինիկան նվազագույնը մի քանի կլինիկա է ուզում, մի քանի հիվանդների խումբ պետք է փորձարկվի, դա միայն Հայաստանում չի կարող լինել: Օրինակ` եթե ստեղծենք սիրտանոթային համակարգը բարելավող նոր դեղ, ապա Հայաստանում ունենք սրտաբանական միայն մեկ կենտրոն, մինչդեռ պետք է լինի մի քանիսը: Լավ կլինի նաեւ հանրապետությունից դուրս մի որեւէ հիվանդանոց ներգրավվի, որպեսզի լիովին չեզոք դիրքորոշում արտահայտի:

Իսկ պետությունից որեւէ օժանդակություն ստանո՞ւմ եք:

Ցավոք սրտի` մեր դեպքում պետությունը մասնակցություն չունի: Ունենք արտադրություն, որը մեզ գումարներ է բերում: Այդ գումարների մի հատվածը ծախսում եմ ինստիտուտի գիտական հատվածի որոշ հոգսեր փակելու համար, երկրորդ մասը` արտադրության կարիքների համար, եւ մի փոքր մաս` նոր դեղեր հայտնաբերելու նպատակով:

Ի՞նչ այլ ծրագրեր ունեք:

80-ական թվականների երկրորդ կեսին մի նոր դեղ արտադրվեց, մտավ կյանք, հետո կանգ առավ` շուկայի փլուզման պատճառով: Դա էպիլեպսիայի դեմ պայքարի  շատ լավ միջոց է` պուֆիմիդը, շատ կարեւոր է մանկական էպիլեպսիայի համար: Ծրագիր ունենք` արտադրությունը վերականգնենք, գրանցենք դեղը եւ մտնենք շուկա; Ինքը շատ նոր չի, բայց շատ կարեւոր է: Դեղի հեղինակը մենք ենք, ուղղակի պետք են ներդրումներ, որ արտադրությունը սկսվի, քանի որ 12 ստադիա է հարկավոր` սկսած դեղանյութի արտադրությունից; Հիմա ծրագիր ունենք այդ ստադիաները կատարելագործելու (սինթեզի մասը): Եթե հաջողվի գումարներ գտնենք` ռուսական շուկան կկլանի այդ դեղը, պահանջարկը մեծ է: Հայկական շուկան այդ առումով փոքր է:

Ծրագիր կա նաեւ մեր հայտնի գանգլերոնը Բ1-ի հետ միացնել` նյարդային համակարգի որոշ հիվանդությունների դեպքում օգտակար դարձնել: Մոտակա ամիսներին, կախված միջոցներից, հավանաբար կսկսենք այդ ծրագիրը:

Քանի՞ մարդ է զբաղվում դեղերի մշակմամբ:

350 հոգի կենտրոնի կոլեկտիվն է, որոնցից 170-ն են դեղերի ստեղծմամբ զբաղվում Մնջոյանի ինստիտուտում: Դա գիտությունների ազգային ակադեմիայում ամենամեծ կենտրոնն է: Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը 3 հիմնարկից է բաղկացած` Մնջոյանի ինստիտուտը, օրգանական քիմիայի ինստիտուտը, մյուսը` մոլեկուլի կառույցի ուսումասիրման կենտրոնը: Բայց դեղերի ստեղծման գործով զբաղվել է, եւ շարունակում է զբաղվել Ա. Մնջոյանի անվան նորբ օրգանական քիմիայի ինստիտուտը:

 

Զրուցեց` Սամվել Ավագյանը


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1434

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar