• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Այս տարի դիմորդներն ավելի շուտ կիմանան` ընդունվե՞լ են բուհ, թե՞ ոչ

Գնահատման և թեստավորման կենտրոնը այսօրվանից սկսում է Հայաստանի միջնակարգ դպրոցների 2011-2012 ուսումնական տարվա շրջանավարտների քննությունների կազմակերպման գործընթացը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ԳԹԿ լրատվական ծառայությունից:

Միասնական և կենտրոնացված քննություններին մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) պետք է լրացնի դիմում-հայտ:
ԳԹԿ լրատվական ծառայության ղեկավար Գայանե Մանուկյանը Panorama.am-ին փոխանցեց, որ արդեն մարտի 15-ից հետո կսկսվի տվյալների բազավորման ու ճշգրտման փուլը: «Ճշգրտման ժամանակ շրջանավարտը իրավունք ունի ընդհանրապես հրաժարվել քննությունից, փոփոխել այն կամ նոր դիմում-հայտ գրել», -բացատրեց Մանուկյանը` տեղեկացնելով, որ դիմում-հայտում փոփոխություններ կատարելու համար շրջանավարտին տրվում է 15 օր ժամանակ:

Տվյալների հավաքագրումից հետո միայն, ըստ շրջանավարտների քանակի, կպատվիրվեն թեստերը, կբաշխվեն քննական կենտրոնները:

ԳԹԿ-ում այս տարի էլ նորամուծություններից հեռու չեն մնացել. շրջանավարտների դիմում-հայտի լրացման համար փոփոխություն է կատարվել` շրջանավարտ-դիմորդը միասնական քննությունների հետ մեկտեղ նշելու է նաև բանավոր քննությունները: 

2011-2012 ուստարվա շրջանավարտները դիմում-հայտը լրացնում են իրենց ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները` իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում: Յուրաքանչյուր քննության համար շրջանավարտ-դիմորդը վճարելու է 1500 դրամ, ոչ թե գործերը հանձնելիս, ինչպես արվում էր նախկինում, այլ` «ՎՏԲ Հայաստան» բանկի մասնաճյուղերում:

Այս տարվա մյուս նորամուծություններից է նաև այն, որ քննությունների ցանկում մյուս օտար լեզուների շարքում ավելացել է նաև ռուսերենը. այսինքն օրինակ, իրավաբանության ֆակուլտետ ընդունվելու համար դիմորդը կարող է, որպես օտար լեզու, ընտրել ու հանձնել ռուսերեն:

Այս տարի ևս, միասնական քննությունների 1-ին փուլը կմեկնարկի հունիսի 1-ին, իսկ լրացուցիչ փուլը` հուլիսի 2-8-ը: Հիշեցնենք, որ միասնական քննությունների լրացուցիչ կամ 2-րդ փուլին մասնակցում են հիմնականում բանակից զորացրցածները, հիմնական փուլի ժամանակ հարգելի բացակայած դիմորդները:

Միասնական քննությունների 2-րդ փուլին զուգահեռ այս տարի Հայաստանում կանցկացվեն բանավոր (կենտրոնացված) քննությունները: Այս նորամուծությունը, ինչպես փոխանցեց Մանուկյանը, արվել է Պաշտպանության նախարարության առաջարկով, որպեսզի քննությունների վերջնական արդյունքները փակցվեն ավելի շուտ, քան նախկինում էր: 

«Քննությունների արդյունքները եթե նախկինում ամփոփվում էին օգոստոսի 5-ին, ապա այս տարի այդ արդյունքները հայտնի կլինեն արդեն հուլիսի 15-ին: Դա արվում է զորակոչի համար. ով ընդունվել է պետպատվեր համակարգում, կօգտվի տարկետման իրավունքից, իսկ ով ընդունվել է վճարովի համակարգ, կզորացրվի բանակ որպես ուսանող, իսկ նրանց տեղը կպահպանվի բուհում», -հավելեց Գայանե Մանուկյանը:

Աղբյուր` Panorama.am

18
Декабрь
0
1157

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar