• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Բնագիտության ուսուցիչների թիվը նվազում է, իսկ Ֆիզմաթ դպրոցում մեծ մրցույթ է

Հայաստանում բնագիտական առարկաների վիճակն այնքան է վատացել, որ, եթե հենց այսօր կտրուկ քայլեր չարվեն, ապա առաջիկա տարիներին հարյուրավոր դպրոցներում ուսուցիչների պակաս ենք ունենալու։ Սկսենք ուսուցիչների խնդրից։ «Մաթեմատիկա» և բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների թիվը զգալիորեն նվազում է՝ հասնելով անթույլատրելի ցածր աստիճանի։ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2012-2013 ուսումնական տարում Հայաստանի դպրոցներում աշխատել է «Մաթեմատիկայի» 4128 ուսուցիչ։ 2017-2018 ուստարում «Մաթեմատիկայի» ուսուցիչների թիվը դարձել է 3597։ Նույն ժամանակահատվածում կտրուկ նվազել է նաև «Ֆիզիկայի» ուսուցիչների թիվը՝ 1877-ից հասնելով 1591-ի։ «Քիմիայի» և «Կենսաբանության» վիճակն էլ ավելի վատ է։ 2012-2013 ուսումնական տարում Հայաստանի դպրոցներում դասավանդել է «Քիմիայի»՝ 1417, «Կենսաբանության»՝ 1359 ուսուցիչ։ 2017-2018 ուստարում այդ թվերը համապատասխանաբար կազմել են 1281 և 1280։ Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում կա շուրջ 1400 դպրոց, ապա ստացվում է, որ մի շարք դպրոցներում չկան «Քիմիայի» և «Կենսաբանության» ուսուցիչներ, կամ էլ այդ առարկաները դասավանդում է բնագիտական մեկ այլ առարկայի ուսուցիչ։ Եվ եթե քաղաքներում հնարավոր է, որ մեկ ուսուցիչը դասավանդի երկու դպրոցում, ապա գյուղերում դա գրեթե անհնար է։ Հասկանալի է, որ այս թվերը մասամբ նվազել են այն պատճառով, որ նախարարության սահմանած կարգով, եթե դպրոցի ուսուցիչն ազատվել է աշխատանքից, ապա նրա փոխարեն կարելի է նոր աշխատող վերցնել այն բանից հետո, եթե տվյալ առարկայի մյուս ուսուցիչներն ապահովվում են ամբողջական դրույքով։ Այս տարվա ընդունելության քննությունները ցույց տվեցին, որ Մաթեմատիկայի և բնագիտական առարկաների ֆակուլտետներում դիմորդների թիվն այս տարի կրկին շատ ավելի քիչ է, քան հատկացված տեղերի թիվը։ Այս տարի Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Ֆիզիկայի և Քիմիայի ֆակուլտետներ առաջին հայտով դիմել են մեկական դիմորդներ, 10 հոգի՝ Աշխարհագրության ֆակուլտետ, 25 հոգի՝ Կենսաբանության ֆակուլտետ, 35 հոգի՝ Մաթեմատիկայի ֆակուլտետ։ Եթե հաշվի առնենք, որ բուհերի շրջանավարտներից ոչ բոլորն են ավարտելուց հետո ուսուցիչ աշխատում, եթե հաշվի առնենք, որ շրջանավարտների մի մասը չունեն բավարար կրթական մակարդակ դպրոցում աշխատելու համար, ապա պարզ կդառնա, որ մեզ սպասվում են շատ ծանր ժամանակներ։ Բազմաթիվ դպրոցներ չեն ունենալու ուսուցիչներ, մյուսները ստիպված են լինելու հարակից առարկաների ուսուցիչների միջոցով խնդիրը լուծել։ Նույնիսկ Երևանի դպրոցների տնօրեններն են սկսել բողոքել, որ չեն կարողանում գտնել «Մաթեմատիկայի» և բնագիտական առարկաների ուսուցիչներ։ Իսկ ուսուցիչների որակի մասին այլևս անիմաստ է դառնում խոսելը, քանի որ ընտրության մեծ հնարավորություն չկա։ Լրջագույն խնդիր է նաև ուսուցիչների տարիքի հարցը։ Հայաստանն ունի ծերացող ուսուցչական կազմ։ Ազգային վիճակագրական կոմիտեի վերջերս հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի 31371 ուսուցիչներից 14 543-ը՝ գրեթե կեսը, 50 տարեկանից բարձր են, 6700-ը՝ 60-ից բարձր։ Ովքե՞ր են փոխարինելու այս ուսուցիչներին առաջիկա տարիներին։ Միակ կազմակերպությունը, որն աջակցում է այս խնդրի մեղմմանը, «Դասավանդիր Հայաստան»-ն է, որը շուրջ 150 ուսուցիչներ է ուղարկում գյուղական համայնքներ 2 տարով դասավանդելու։ Այս տխուր ֆոնին կա մի հետաքրքիր երևույթ։ Խոսքը վերաբերում է Երևանի Ֆիզմաթ դպրոցում սովորելու մրցույթին։ Այս տարի որպես ծնող՝ առնչվեցի 7-րդ դասարանի քննություններին։ Շուրջ 400 7-րդ դասարանցի դիմել էր 60 տեղի համար։ Նման մրցույթ այսօր Հայաստանի ոչ մի բուհում չկա։ Ընդ որում, այսպիսի դաժան մրցույթ առկա է արդեն մի քանի տարի։ Այսինքն՝ ծնողների և երեխաների մի ստվար մաս ցանկանում է, որ իր երեխան խորանա ֆիզմաթ ուղղությամբ։ Բայց մենք կոտրում ենք այս երեխաներին և նրանց ծնողներին՝ հնարավորություն չտալով խորանալու ֆիզմաթ գիտությունների ուղղությամբ։ Այս տարի ընդունվել են 15.5 և բարձր միավորներ հավաքած դիմորդները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննությունների ժամանակ տրվում են բավականին բարդ խնդիրներ, մենք իրավունք չունենք կորցնելու այն երեխաներին, ովքեր հավաքել են 13-ից բարձր միավոր։ Լուծումները կարող են լինել տարբեր։ Կարելի է Ֆիզմաթ դպրոցի տեղերի թիվը մեծացնել։ Կարելի է լրացուցիչ ֆինանսավորման միջոցով ուժեղացնել ևս մեկ դպրոց և ունենալ ֆիզմաթ թեքումով երկու դպրոց։ «Մաթեմատիկայի» և բնագիտական առարկաների գծով լրջագույն խնդիրներ ունեցող երկիրն իրավունք չունի բարձր միավորներ ստացած երեխաներին ասել, որ՝ դուք չեք կարող սովորել այս դպրոցում։ Պետք է ոչ թե երեխաների ճանապարհը սահմանափակենք, այլ նրանց համար սովորելու լրացուցիչ ճանապարհներ բացենք։ Ի դեպ, անցումը 6-րդից 7-րդ դասարան շատ կարևոր է կրթության ոլորտում։ Աշխարհի շատ երկրներում 6-րդ դասարանն ավարտելուց հետո երեխաներին հնարավորություն են տալիս հաճախել տարբեր տեսակի դպրոցներ։ Հայաստանում ևս 7-րդ դասարանը շատ կարևոր է։ Հենց այս դասարանում է սկսվում բնագիտական առարկաների ուսուցումը, հենց այս դասարանում է «Մաթեմատիկան» տրոհվում «Հանրահաշվի» և «Երկրաչափության»։ Հետաքրքիր է նաև այն, որ նույն Ֆիզմաթ դպրոցի 8-րդ և 10-րդ դասարանների ընդունելության քննության ժամանակ դիմորդների արդյունքները ցածր են՝ 7-րդ դասարանցիների համեմատ։ Այսինքն՝ պետք է արձանագրենք, որ, եթե մենք 7-րդ դասարանցիներին հնարավորություն տանք խորանալու Ֆիզմաթ կամ բնագիտական թեքումով դպրոցներում, ապա կունենանք ավելի լավ արդյունքներ այս ոլորտում։ Բնագիտության ոլորտում ունենք նաև «Հերացի» ավագ դպրոցը, որը մասնագիտացած է «Քիմիայի» և «Կենսաբանության» ուղղությամբ և ունի լավ համբավ։ Այս դպրոցում էլ միշտ չէ, որ թափուր տեղեր են լինում։ Այսպիսով, ունենք «Մաթեմատիկայի» և բնագիտական առարկաների իրավիճակի վատթարացում։ Ընդ որում, հասնում ենք անկման ստորին շեմին, երբ արդեն պետք է առաջնահերթ լուծենք ոչ թե դասագրքերի որակի կամ ուսուցիչների որակի, այլ ուսուցիչների պակասի հարցը։ Մյուս կողմից՝ կա մրցակցություն Ֆիզմաթ և «Հերացի» դպրոցներում սովորելու համար։ Ինչո՞ւ չենք կարող այս դպրոցների դրական փորձն ընդլայնել, որպեսզի չհիասթափեցնենք այն երեխաներին ու ծնողներին, ովքեր ցանկանում են սովորել այս դպրոցներում։ Նմանատիպ օպերատիվ լուծումներն անհրաժեշտ են, մինչև նախարարությունը երկարատև ծրագրերի միջոցով կփորձի հարցերին հիմնարար լուծումներ տալ։
18
Декабрь
0
502

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar