• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Երևանի բուհերում պահանջված մասնագիտություններ են ծրագրավորումը, իրավաբանությունն ու հոգեբանությունը

Երևանի պետական բուհերի դիմորդների մեծ մասը 2019 թվականին նախապատվությունը տվել է այնպիսի մասնագիտությունների, ինչպիսիք են իրավաբանությանը, ծրագրավորումը, մանկավարժությունը, հոգեբանությունը: Օտար լեզուներից դիմորդները առաջնահերթությունը տալիս են անգլերենին: Այս մասին մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին Երևանի պետական, Խ. Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական և Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանների ներկայացուցիչները: «Երևանի պետական համալսարանում դիմորդների մեծ մասը նախապատվությունը տվել է Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների, Տնտեսագիտության և կառավարման, Ժուռնալիստիկայի ֆակուլտետներին: Ամենաքիչ դիմորդները եղել են միջուկային ռեակտորների ֆիզիկա մասնագիտության համար և Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում»,- նշեց Երևանի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արմեն Սարգսյանը: Խոսելով ԵՊՀ-ի տարբեր հաստատությունների հետ համագործակցության մասին` նա նշեց, որ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը սերտորեն աշխատում է «Սինոփսիս» ընկերության հետ, և վերոնշյալ ֆակուլտետի ուսանողների մեծ մասը դեռ երրորդ կուրսից աշխատելու հնարավորություն է ունենում: Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արտաշես Մարտիրոսյանի խոսքով` իրենց բուհում դիմորդների մեծ մասը նախընտրել է հոգեբանություն, տարրական մանկավարժություն և մեթոդիկա, նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա, պարարվեստ, հագուստի մոդելավորում կրթական ծրագրերը: Բանախոսների կարծիքով` դիմորդները մասնագիտություններ են ընտրում` հաշվի առնելով, թե տվյալ մասնագիտությամբ որքանով է հնարավոր ինքնաիրացվել աշխատաշուկայում: Արտաշես Մարտիրոսյանն ասաց, որ դեռ խորհրդային տարիներից գիտության հետ առնչվող մասնագիտությունների գծով դիմորդները քիչ են: Ըստ նրա` հատուկենտ մարդիկ են կարող իրենց նվիրել գիտությանը: «Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան ամենաշատը դիմում են «Միջմշակութային հաղորդակցություն» ծրագրի անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն բաժիններ, նախընտրում են նաև թարգմանչական գործը»,- ասաց համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռուբեն Գևորգյանը:
18
Декабрь
0
471

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar