• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Եվրոպական կրթական տարածքին ինտեգրվելն առաջնահերթություն է Հայաստանի համար

Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող «Հմտություններն աշխատանքում» ծրագիրը, որն ուղղված է միջին մասնագիտական կրթության զարգացմանը, ամփոփեց արդյունքները: Միջին մասնագիտական կրթության զարգացումը պետությունը համարում է գերակայութուն եւ հայտարարել է 2012 թվականից նախնական եւ միջին մասնագիտական կրթական հաստատություններում պետպատվերի 50 տոկոսի ավելացման մասին: «Վերջին վեց-յոթ տարիների ընթացքում ԿԳՆ-ն լայնածավալ, բազմաբովանդակ բարեփոխումներ է իրականացրել այս ոլորտում, այդ թվում` ուսումնական հաստատությունների շենքային պայմանների, նյութատեխնիկական բազայի ապահովման գործում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 22-ին հրավիրված ասուլիսում ասաց ԿԳՆ Նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը: Նրա խոսքով` գործող մասնագիտությունների համար կրթական չափորոշիչների մշակման եւ այլ դժվարին աշխատանքների իրականացման մեջ Հայաստանը միայնակ չի եղել. մի շարք միջազգային կազմակերպություններ, չորս տարի շարունակ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը համագործակցում են ԿԳՆ-ի հետ: Աբրահամյանը շեշտեց, որ կրթական բարեփոխումներին ակտիվ մասնակցություն են ունեցել, ինչպես կրթական քաղաքականություն մշակողները, այնպես էլ գործատուներ եւ ուսումնական հաստատությունների տնօրենները: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են փոխայցելություններ` ուղղված ուսանողների բիզնես մտածելակերպի եւ ձեռնարկատիրական հմտությունների խթանմանը: «Եվրոպական կրթական տարածքը համարվում է առաջնայնություն: Իսկ իրականացված ծրագիրը եվրոպական կրթական տարածք ինտեգրվելու ուղղությամբ կատարած քայլերից մեկն է»,- հավելեց Աբրահամյանը:

«Հմտություններն աշխատանքում» ծրագիրը իրականացման չորս տարիների ընթացքում համագործակցել է Երեւանի ինֆորմատիկայի պետական եւ Բրեդֆորդի քոլեջների, Երեւանի զբոսաշրջության, սպասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական եւ Քրեյվընի քոլեջների միջեւ: «Ծրագրի հիմնական նպատակը բիզնեսի եւ կրթության կապի զարգացումն էր, ինչը հնարավորություն է տալիս ապագա մասնագետներին հաղորդել աշխատաշուկային համապատասխան գիտելիքներ»,- տեղեկացրեց Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Արեւիկ Բադալյանը: Նա շեշտեց, որ ծրագրերի իրականացման գործում կարեւոր էր նաեւ Կառավարության ` գերատեսչությունների, կրթական հաստատությունների հետ համագործակցությունը:

«Կարծում եմ` մեր համագործակցության արդյունքում կթողնենք ամուր հենք քոլեջի հետագա զարգացման համար»,- նշեց Միացյալ Թագավորության Քրեյվն քոլեջի միջազգային ծրագրերի ղեկավար Դեվիդ Լեյվըլինը: Համագործակցության արդյունքում Հայաստանի երկու քոլեջի ավելի քան 50 դասախոսներ վերապատրաստվել են Հայաստանում եւ Միացյալ թագավորությունում:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

18
Декабрь
0
1002

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar