• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Հայ-գերմանական կրթական հարաբերությունները` նոր հարթության վրա

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը փետրվարի 14-ին ստորագրեցին համագործակցության հուշագիր: Վերջինիս շրջանակներում Երեւանի թիվ 6, 60  եւ 119 դպրոցներում կներդրվի «Գերմաներենի դիպլոմ» առաջին եւ երկրորդ աստիճանների ծրագիրը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախարար Արմեն Աշոտյանի խոսքով` գերմաներենի խորացված ուսուցումը թիվ 6 եւ 60 դպրոցներում կիրականացվի 3-9-րդ, իսկ թիվ 119 դպրոցում` 10-12-րդ դասարաններում: Թիվ 6 եւ 60 դպրոցների աշակերտները հնարավորություն կստանան «Գերմաներենի դիպլոմ-առաջին» քննություն հանձնել ավարտական իններորդ դասարանում: Այնուհետեւ` թիվ 119 դպրոց տեղափոխվող աշակերտները, ավարտելով տասներկուերորդ դասարանը, կհանձնեն «Գերմաներենի դիպլոմ-երկրորդ» քննությունը, որը բավարարում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության համալսարաններ ընդունվելու համար անհրաժեշտ լեզվական իմացության պահանջը: «ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գերակայություններից մեկը շարունակում է մնալ կրթական համակարգի միջազգայնացումը, ինչպես նաեւ լավագույն փորձի ներմուծումը Հայաստան»,- նշեց ՀՀ ԿԳ նախարարը` հավելելով, որ երկկողմ կապերի ամրապնդումը համարվում է անփոխարինելի ռեսուրս:

Նախարարը նեց, որ կա համագործակցության երկար տարիների փորձ, որը դինամիկ զարգացում է ապրում:

Դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը դրական համարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության իրականացրած այն քաղաքականությունը, որի համաձայն` չափազանց մեծ տեղ է տրվում օտար լեզուների դասավանդման որակի բարձրացմանը հայաստանյան դպրոցներում: «Մենք ոչ թե առաջինը լինելու պատրանքներ ունենք, այլ ցանկանում ենք շեշտել այն առավելությունը, որը կունենա հավելյալ լեզվի գիտելիքներ ունեցող յուրաքանչյուր մարդ»,- նշեց դեսպանը:                    

Հանս-Յոհեն Շմիդտը նշեց, որ դեսպանատունը նախատեսում է իրականացնել մի շարք ծրագրեր Հայաստանում` մասնավորապես դպրոցներում: «Մեր առաջարկը հենվում է պահանջարկի վրա, որը պետք է խորացնել»,- նշեց նա:

ԱՐՄԵՆՊՐԵՍ


18
Декабрь
0
1228

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar