• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

ԿԳՆ Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը և «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ն համագործակցության հուշագիր են կնքել

ԿԳՆ Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը և «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ն այսօր կնքել են համագործակցության հուշագիր, որով կողմերը պարտավորվում են մասնագետներ պատրաստել միջին և նախնական /արհեստագործական/ մասնագիտական կրթական ծրագրերով՝ թեթև արդյունաբերության ոլորտի և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանն իր ողջույնի խոսքում կարևորել է նման համագործակցության կայացումը աշխատաշուկա-կրթություն կապի ամրապնդման համատեքստում: «Մեր պետության կարևորագույն հիմնասյուներից մեկը թեթև արդյունաբերության ոլորտն է, որի զարգացումը գերակա ուղղություններից մեկն է: Իսկ տնտեսության զարգացումն առանց միջին մասնագիտական և արհեստագործական կրթության զարգացման և մրցունակ կադրերի հնարավոր չէ: Համագործակցության այս մոդելը յուրահատուկ է նաև այն տեսանկյունից, որ գործատուն իր միջոցներով կադրեր է պատրաստում ոչ միայն իր արտադրական կառույցում ներգրավելու, այլև ոլորտը զարգացնելու և մրցունակություն ապահովելու նպատակով: Մրցունակ մասնագետների պատրաստումը նաև պետք է դիտարկել մեր երկրում աղքատության նվազման տեսանկյունից, որն այսօր կառավարության գերակայությունների շրջանակում է»,-նշել է նախարարի տեղակալը: ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն իր հերթին նշել է, որ հուշագրի ստորագրումը նշանակալի իրադարձություն է ՄԿՈՒ ոլորտում՝ ընդգծելով մասնավոր հատված-կրթության համագործակցության կարևորությունը: «Ներդրումային պայմանագրերի առումով սա իսկապես բացառիկ դեպք է, երբ մասնավոր բիզնեսը դեմքով շրջվում է դեպի կրթության ոլորտ ոչ միայն կառավարման խորհուրդներում ընդգրկվելու, կադրերի պատրաստման գործընթացում ներգրավվելու, այլ նաև ներդրումների կատարելու տեսանկյունից»,-նշել է Արտակ Աղբալյանը՝ շնորհակալություն հայտնելով «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը՝ համագործակցության համար: «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ի տնօրեն Մարատ Մովսիսյանի խոսքով՝ հուշագրի միջոցով հնարավորություն կընձեռվի քոլեջի ուսանողներին հետագայում աշխատանք գտնել ընկերությունում: «Իհարկե, մենք որևէ նախապայման չենք դնում, որ ուսանողները անպայման պետք է մեզ մոտ աշխատանքի անցնեն. մենք ուղղակի աշխատանքային գրավիչ պայմաններ ենք ստեղծելու նրանց համար: Ինչ խոսք, մենք ևս ունենք որակյալ կադրերի խնդիր: Բոլորս մեր տեղում՝ կառավարությունը, քոլեջը, «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը, պետք է մեկտեղենք մեր ուժերը՝ զարգացնելու մեր երկրի համար կարևորագույն թեթև արդյունաբերության ոլորտը»,-նշել է նա՝ հավելելով, որ հուշագրի շրջանակում Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը կվերանորոգվի և կվերազինվի ժամանակակից սարքավորումներով: Նշենք, որ համաձայն հուշագրի՝ կողմերը պարբերաբար իրականացնելու են մասնագետների պատրաստման և վերապատրաստման կարճաժամկետ դասընթացներ՝ ընկերության ներկայացրած առաջարկներին և պահանջներին համապատասխան, մշակելու են անհրաժեշտ մասնագիտական մոդուլներ՝ հաշվի առնելով աշխատանքների յուրահատկությունները և հեռանկարային զարգացումները, ինչպես նաև ուսանողների համար կազմակերպելու են տեղեկատվական հանդիպումներ և ճանաչողական այցեր ընկերություն և այլն: Բացի այդ, կողմերն աջակցելու են միջին և նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական ծրագրերը հաջողությամբ ավարտած մասնագետների աշխատանքի տեղավորմանը, Երևանի և ՀՀ տարբեր տարածաշրջանների թեթև արդյունաբերության ոլորտի ընկերություններին որակյալ մասնագետներով համալրմանը և այլն:
18
Декабрь
0
41

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar