• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Կույրերի համար նախատեսված «Արեւ» ծրագիրը հաջողությամբ շարունակում է գործունեությունը



Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կույրերի եւ տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց ուսուցումը կազմակերպվում  է հատուկ եղանակով: Այս ոլորտում Հայաստանը հպարտանալու շատ բան ունի, քանի որ ԱՊՀ տարածքում միակ երկիրն է, որը ստեղծել է «Արեւ» հատուկ համակարգչային ծրագիրը` նախատեսված կույրերի համար:

«Արեւ»-ը ստեղծվել է 2004 թ-ին` Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտական ինստիտուտի (Մերգելյան) մի խումբ գիտնականների կողմից որպես նախաձեռնություն, սակայն ժամանակի ընթացքում կատարելագործվելով  եւ զարգանալով`համանուն ծրագրի նորացված տեսակներն են ստեղծվում:

«Այսօր կա այս ծրագրի 4 տարբերակ, եւ նախատեսվում է առաջիկայում 5-րդը ստեղծել, քանի որ իսկապես ծրագիրն օգնում է կույր երեխաներին ձեռք բերել համակարգչային գիտելիքներ` հայերենով»,-  «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինստիտուտի  տնօրենի տեղակալ Արման Քուչուկյանը` հավելելով, որ փորձը ցույց է տալիս` կույրերը հաճախ ավելի լավ են տիրապետում համակարգչին, ինչը իսկապես զարմանալի է, բայց փաստ:

Այդ հանգամանքը տնօրենի տեղակալը բացատրում է նաեւ նրանով, որ կույրերի  ձգտումը` որեւէ նոր բան իմանալու եւ հմտանալու, ավելի մեծ է,  քան տեսողության խնդիր չունեցող մարդկանց դեպքում:

«Արեւ» համակարգչային ծրագիրը հնարավորություն է ընձեռում կույրերին կարդալ եւ օգտվել ինտերնետային էջերից հայերեն, ռուսերեն, անգլերեն, իտալերեն եւ այլ լեզուներով:  Ծրագիրը նույնիսկ հնարավորություն է տալիս կույր երաժիշտներին ստեղծագործել, ինչպես նաեւ համակարգչի հետ շախմատ խաղալ:

Պատահական չէ նաեւ ծրագրի անվան ընտրությունը, որն անգլերեն տարբերակի հապավումն է` «Armenian reading equipment with voice»: ««Արեւ» անունն իր հայերեն իմաստով էլ է տեղին, քանի որ իսկապես արեւ է կույր երեխաների համար»,- նկատեց  Քուչուկյանը: Նա  ընդգծեց, որ արտերկրում, հատկապես` Ռուսաստանում ծրագրի հանդեպ հետաքրքրությունը գնալով ակտիվանում է: Ամեն տարի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ծրագրի շրջանակներում անվճար համակարգիչներ է տրամադրում կույրերի:

Ծրագիրն  ավելի հասանելի դարձնելու նպատակով այն տեղադրված է նաեւ Ազգային, Խնկո  Ապոր եւ մի շարք մարզային  գրադարաններում:  

Ծրագիրն արդյունավետորեն կիրառվում է նաեւ Երեւանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, որտեղ սովորում է շուրջ 100  աշակերտ:

ԱՐՄԵՆՊՐԵՍ


18
Декабрь
0
1243

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar