• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Կրթական ծրագրերը կնպաստեն բարեկեցության բարձրացմանը

Առաջնորդվելով մարդկային կապիտալի զարգացման հիմնարար սկզբունքով, որ բարեկեցության կարևոր գրավական են կրթության բարձր մակարդակն ու մասնագիտական որակավորումը, կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթական կարիքների գնահատման հետազոտության և կրթական ծրագրի իրականացման ծրագրին, հաստատել կրթական կարիքների գնահատման հետազոտության հարցաթերթի և արդյունքների ամփոփագրի ձևերը։

Կրթական ծրագրի իրականացման նպատակն է ուսումնասիրել զինծառայությունն ավարտող երիտասարդների կրթական հակումներն ու նախասիրությունները, ինչպես նաև մասնագիտական հմտությունների և ուսումնական առանձին առարկաների գծով գիտելիքների զարգացման միջոցով նրանց նախապատրաստել Հայաստանի Հանրապետության բուհեր, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար։
Սոցիալական քաղաքականության նոր ուղղվածության համաձայն՝ դրամական օժանդակությունից անցում է կատարվում բովանդակային` կրթական, առողջապահական, բնակարանային և այլ սոցիալական ծրագրերի իրականացում և սոցիալական փաթեթների տրամադրում շահառու խմբերին: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 16-18 տարեկան երեխաների կրթական կարիքների գնահատման, աջակցության և մոնիթորինգի իրականացման ծրագրին։ Նպատակն անապահով ընտանիքների երեխաների համար մասնագիտական կրթություն ստանալու, սոցիալական ակտիվ ծրագրերում ներգրավելու հնարավորությունները մեծացնելով, ընտանիքների բարեկեցության մակարդակը բարձրացնելն է ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս խնդիրը Հայաստանում ունի վիճակագրական բազա, որը նույնպես ապացուցում է ծրագրի խիստ կարևորությունը։ «Անապահով ընտանիքների միայն 10 տոկոսն է կարողանում ապահովել, որ իրենց երեխաներն ընդունվեն բուհեր, իսկ ապահովված երեխաների 82 տոկոսն է բուհ ընդունվում», - շարունակել է վարչապետը։ - Հասկանալի է, որ եթե նրանք բարձրագույն կրթություն չեն ստանում, ապա սկզբից ևեթ ստեղծվում է սոցիալական այս անհավասարությունը, և ապագայում այդ ընտանիքներն ունենում են խնդիրներ։ Այսինքն, կրթության հասանելիությունն աղքատությունը հաղթահարելու կարևորագույն պայման է։ 
Եթե ընտանիքի ղեկավարն ունի բարձրագույն կրթություն, ապա նման ընտանիքների միայն 12 տոկոսն է գտնվում աղքատության մեջ։ Այսինքն, այդ ընտանիքների 88 տոկոսն աղքատ չէ։ Իսկ հակառակ պարագայում՝ այսինքն, երբ ընտանիքի ղեկավարը չունի բարձրագույն կրթություն, ապա աղքատությունը կազմում է 60 տոկոս ։ Այս վիճակագրությունն ապացուցում է, որ աղքատության հաղթահարման լավագույն ձևը Հայաստանի բոլոր ընտանիքներին և առաջին հերթին սոցիալապես անապահովներին կրթություն ստանալու հնարավորություն տալն է։ Պետությունը թիրախավորելու է հենց այս խնդիրը։ Այսինքն,եթե մենք ունենանք ֆինանսական հնարավորություններ, ապա դրանք որպես օժանդակություն պետք է ուղղենք այդ ընտանիքներին կրթություն ստանալու հնարավորության ընձեռմանը։ Կլինի պրոֆտեխուսումնարան, թե բուհ, մենք պարտավորվելու ենք ուսման վճարը վերցնել մեզ վրա։ Իսկ եթե մենք գնանք սոցիալական նպաստների ավելացման ճանապարհով, ապա այդ ընտանիքներին ապագայում չենք օգնի, որպեսզի նրանք ինքնուրույնաբար հաղթահարեն աղքատությունը։ Սա է մեր սոցիալական քաղաքականության արմատական փոփոխությունը:
Միևնույն ժամանակ, մի կարևոր խնդիր ևս կա մեր օրակարգում, որի վրա ցանկանում եմ հրավիրել ձեր ուշադրությունը: Երբ մեր երիտասարդները ծառայում են բանակում և վերադառնում այնտեղից, մենք մշտապես տեսնում ենք, որ հանրությունը մեր առջև խնդիր է դնում, թե ինչպես է դասավորվելու այդ երիտասարդի կյանքը բանակից վերադառնալուց հետո: Այդ տեսակետից ՀՀ պաշտպանության և կրթության ու գիտության նախարարությունների հետ համատեղ մենք սկսում ենք մի նոր ծրագրի իրականացում: Պատասխանատվություն ենք ստանձնում բանակում աշխատել յուրաքանչյուր զինծառայողի հետ, որպեսզի պարզենք, ինչպիսի կարողություններ և ցանկություն ունի այդ երիտասարդը՝ բանակից հետո իր աշխատանքային կենսագրությունը կազմակերպելու առումով: Դա նշանակում է, որ մենք օգնելու ենք զինծառայողներին մասնագիտական կողմնորոշման հարցում և եթե զինծառայողները ցանկություն ունենան շարունակել իրենց ուսումը, պետությունը, բանակից սկսած, օժանդակելու է զինծառայողին: Բանակում հնարավորություն է ստեղծվելու, որպեսզի նա պատրաստվի բուհ ընդունվելու, իր ուսումը տեխնիկական որևէ ուսումնարանում շարունակելու, կամ աշխատանքով մասնագիտություն ստանալու համար: Այս երեք ուղղություններով էլ պետությունը նրան օժանդակելու է: Դա նշանակում է, որ մեր ընտանիքներն իրենց երեխաներին բանակ ուղարկելիս հանգիստ են լինելու այն առումով, որ պետությունն օգնելու է զինծառայողներին՝ իրենց աշխատանքի կամ ուսման խնդիրը լուծելու գործում: Սա քաղաքական լուրջ որոշում է, որը կփոխի նաև մթնոլորտը և մեր ընտանիքներն իրենց երեխաներին ուղարկելով բանակը, շատ ավելի հանգիստ կինեն, իմանալով, որ պետությունը նաև ապահովելու է երիտասարդների կրթության շարունակականությունը>:

 


18
Декабрь
0
1247

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar