• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում կարեւոր է մասնավոր հատվածի ներգրավումը

Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում շատ կարեւոր է մասնավոր հատվածի ներգրավումը. ՀՀ ԿԳ նախարարության եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամանակ նման կարծիք հայտնեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հուշագրով նախատեսվում է աջակցել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ուսումնական ծրագրերի կատարելագործմանը, դեռահասների եւ երիտասարդների մասնագիտական կողմնորոշման գործընթացին, կրթության շարունակականությանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Ուսումնարաններից մեկում կիրականացվի համատեղ կառավարման պիլոտային ծրագիր:

ԿԳ նախարարը նշեց, որ հուշագրի ստորագրման հիմքում 2 շահագրգռվածություն ունեն. «Առաջինը` սոցիալական պատասխանատվությունն է, այսինքն` դժվար է պատկերացնել ԿԳ ոլորտում առաջընթաց առանց երրորդ սեկտորի, եւ երկրորդ` ներդրումներ կատարել վաղվա աշխատուժի համար»,- ասաց նա:

Աշոտյանը վստահություն հայտնեց, որ փոքր, բայց կոնկրետ քայլերով կարող են հասնել դրական արդյունքների եւ հուշագրի` կյանքի կոչվելուն պես այն իր առաջին պտուղները կտա:

Ինչ վերաբերում է գործատու-քոլեջ կապին` նախարարը նշեց, որ անպայմանորեն կատարվում է ուսումնական ծրագրի հարմարեցում, որպեսզի ուսանողը ուղղորդվի աշխատաշուկա: «Բազմաթիվ ծրագրեր կան, երբ կոնկրետ ներդրումներ են կատարվել քոլեջներում` մասնավոր հատվածի կողմից լաբորատորիաների բացում, կահավորում, նոր սարքավորումներ, մանկավարժների վերապատրաստումներ»,- ասաց Աշոտյանը` հավելելով, որ վաղը, օրինակ, ուսումնարաններից մեկում BOSCH ֆիրմայի ապրանքանիշերով հագեցած լաբորատորիա կբացվի: Աշոտյանը նշեց, որ ուրախալի է այն հանգամանքը, որ քոլեջներում արդեն իսկ մրցակցություն կա, այսինքն` դիմորդների թվի աճ է նկատվում:

Միության նախագահ Արսեն Ղազարյանն էլ նշեց, որ ամեն ինչ արվում է, որ հարգանքը, պահանջը միջին մասնագիտական կրթության նկատմամբ ավելանա. «Դիմորդները պետք է հասկանան, թե ինչ մասնագիտություն են ընտրում, որ հետագայում դիպլոմները չհայտնվեն օժիտներում եւ գրապահարաններում»,- նշեց նա:

Ղազարյանի կարծիքով` շատ կարեւոր է նաեւ ուսումնական պրակտիկաների ճիշտ կազմակերպումը:

 


18
Декабрь
0
1099

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar