• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Կրթության նոր հարացույցը

Մենք բավարար ջանք ու ժամանակ չենք ծախսում կրթության խորքային խնդիրները հասկանալու նպատակով։ Մեզ թվում է, թե խնդիրները պարզ են, և պետք է մտածենք լուծումների ուղղությամբ։ Իրականում աշխարհում տեղի են ունենում գործընթացներ, որոնք սպառնում են կրթության համակարգին։ Կա վտանգ, որ կրթությունն էլ ավելի ձևական է դառնալու, եթե չլինեն խելամիտ միջամտություններ։ Մեր օրերի հայտնի պատմաբան Յուվալ Հարարին գրում է, որ 20-րդ դարի 30-ական թվականներին աշխարհում կար 3 գաղափարախոսություն՝ լիբերալիզմ, կոմունիզմ, ֆաշիզմ, 60-ականներին՝ լիբերալիզմ և կոմունիզմ, 90-ականներին մնաց միայն լիբերալիզմը։ Իսկ այսօր լիբերալիզմն էլ չկա, և աշխարհը մնացել է առանց գաղափարախոսության։ Սա է պատճառը, որ այսօր աշխարհում մեծ տարածում է ստանում պոպուլիզմը։ Գաղափարախոսությունները ձախողվել են, և մարդիկ նախընտրում են այն գործիչներին, ովքեր իրենց հռետորաբանության մեջ ականջահաճո «էմոցիոնալ շոկոլադներ» են պարգևում ընտրողներին։ Գաղափարախոսությունների փլուզումը հարվածում է նաև կրթական համակարգին։ Եթե նախկինում կրթական համակարգը հիմնվում էր լիբերալ կամ ավտորիտար մոտեցումների վրա, ապա այսօր երկուսն էլ չեն գործում։ Մարդիկ դժգոհում են լիբերալ դպրոցներից՝ ասելով, որ այդ դպրոցներում չկա կարգապահություն, իսկ գիտելիքների մակարդակը ցածր է։ Մյուս կողմից՝ ժամանակակից աշխարհում արդյունավետ չեն նաև ավտորիտար դպրոցները։ Այսպիսով, գաղափարախոսական մոտեցումների ձախողման արդյունքում որոշակի անորոշություն է առաջացել կրթական համակարգում։ Կրթությունն իմաստազրկվել է։ Այն դարձել է ընդամենն իներցիոն երևույթ, որից դժգոհ են և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները, և՛ ծնողները, և՛ կառավարիչները։ Գաղափարախոսությունների փլուզմանը զուգընթաց՝ մեծ թափով զարգանում են տեխնոլոգիաները։ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ժուժանա Զուբոֆը մեր ժամանակները կոչում է հսկողության կապիտալիզմ։ Զուբոֆը նշում է, որ տեխնոլոգիաների զարգացման արդյունքում ուժեղանում է մարդու նկատմամբ հսկողությունը։ Հեշտանում է մարդուն հետևելը, ճանաչելը, նրա մասին տեղեկություններ հավաքելը, այդ տեղեկություններն ալգորիթմների միջոցով վերլուծելը։ Մինչև Զուբոֆն այս մասին տասնամյակներ առաջ խոսել էր նաև ֆրանսիացի փիլիսոփա Միշել Ֆուկոն, ով օգտագործել էր «պանօպտիցիզմ» (ամենատեսություն) արտահայտությունը։ Զուբոֆը խոսում է այն մասին, որ ժամանակակից սոցիալական ցանցերն ապրանքայնացնում են մարդկանց զգացողությունները, մտքերը։ Եթե նախկինում մարդը դիտարկվում էր՝ որպես սպառող, ապա ժամանակակից աշխարհում մարդուն դիտարկում են՝ որպես հումք, տվյալ, ապրանք։ Մարդուն վերաբերվում են այնպես, ինչպես տարիներ առաջ վերաբերվում էին հողին և ապրանքներին։ Սա է պատճառը, որ ժամանակակից աշխարհում մեծ դեր ունեն մանիպուլյացիաները, կեղծ լուրերը։ Այս մանիպուլյացիաներին հատկապես հեշտությամբ ենթարկվում են աշակերտները և ուսանողները։ Օրինակ՝ մեր օրերի վտանգավոր մանիպուլյացիաներից մեկն այն է, որ պետք չէ շատ մտածել գիտելիքների մասին, քանի որ կարող ենք Գուգլից օգտվել։ Բայց Գուգլի ամենագետ լինելը չի նշանակում, որ մենք կարող ենք չիմանալ։ Նման պայմաններում, երբ սովորողները ներքաշված են բիզնես ինդուստրիաների կողմից թելադրված խաղի մեջ, շատ դժվարանում է աշակերտներին սովորեցնելը։ Երեխաները գալիս են դպրոց, բայց նրանց ուշքն ու միտքն ուրիշ տեղ է։ Նույնն ուսանողների դեպքում է։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար իշխանությունները պետք է հասկանան, որ անհրաժեշտ է մեծ ներդրումներ կատարել մանկավարժների և կրթության բովանդակության վրա։ Այսօր անիմաստ է գումարներ դնել դպրոցական շենքերը վերանորոգելու վրա։ Անիմաստ է, քանի որ կրթության այն բովանդակությունը և մարդկային ռեսուրսը, որը մենք ունենք, նույնիսկ շքեղ կահավորված շենքում արդյունք չի տա։ Եթե բովանդակությունը լավը չէ, ուսումնական գործընթացի կազմակերպումը լավը չէ, մանկավարժների մեծ մասը հուսահատ են, հոգնած, «լեզու չեն գտնում» սովորողների հետ, ապա շենքի դերը գրեթե զրոյական է։ Իսկ ի՞նչ է պետք անել։ Կրթական բարեփոխումների բանաձևը շատ պարզ է. պետք է աշխատել մարդկանց հետ։ Բայց այս պարզ բանաձևը կյանքի կոչելը շատ դժվար է, քանի որ մարդկանց հետ աշխատելու համար պետք է պատրաստված և բանիմաց մարդկանց խումբ։ Մարդիկ, ովքեր կկարողանան ոգևորել մանկավարժներին, սովորողներին, ծնողներին, գործարարներին։ Մարդիկ, ովքեր կկարողանան սովորեցնել, սովորել և միավորել։ Բացի այդ, կրթության նոր մոդելը պետք է հիմնվի մարդու ամբողջական զարգացման վրա։ Շատ հաճախ կրթությունը միայն ուղղված է ինտելեկտի (գլուխ) զարգացմանը, երբեմն՝ սոցիալ-էմոցիոնալ զարգացմանը (սիրտ), երբեմն՝ կիրառական հմտությունների (ձեռք) զարգացմանը։ Մեզ պետք է ունենալ կրթական համակարգ, որում գլուխը, սիրտը և ձեռքը հավասարապես կզարգանան։ Դրանցից որևէ մեկի անտեսումը խնդիր է ստեղծում։ Մեզ պետք չեն անսիրտ ու պասիվ ինտելեկտուալներ, մեզ պետք չեն նաև էմոցիոնալ որոշումներ կայացնողներ։ Մենք ապրում ենք մի ժամանակում, երբ կրթության նպատակը պիտի լինի մարդուն դիմադրել սովորեցնելը։ Դա միակ ձևն է այսօրվա մանիպուլյացիոն հոսքերին դիմակայելու համար։ Բայց որպեսզի մարդը կարողանա դիմակայել, նա պետք է ունենա բարձր ինտելեկտ, սոցիալ-էմոցիոնալ պատրաստվածություն և գործնական հմտություններ։ Հատկապես մեծ ուշադրություն պետք է դարձնել քննադատական մտածողության զարգացմանը։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ այսօր կեղծ լուրերն ավելի շատ են տարածվում, քան ճշմարտությունները։ Եվ պատճառներից մեկն այն է, որ մարդիկ իրենց համար ցանկալի տեղեկությունը ստանալու դեպքում մեխանիկորեն տարածում են այն։ Հիշենք՝ Հայաստանում քանի մարդ տարածեց «Արսենալի» ֆուտբոլիստների քոչարի պարելու մասին կեղծ լուրը։ Մեզ համար դա ցանկալի լուր էր, «էմոցիոնալ շոկոլադ», և շատերս մեխանիկորեն տարածեցինք այն։ Այսպիսով, կրթական ներկա համակարգն իմաստազրկված և հեղինակազրկված է։ Կոսմետիկ լուծումները, իներցիոն գործընթացներն էլ ավելի են խորացնելու ճգնաժամը։ Կա մեկ տարբերակ. աշխատել մարդկանց հետ, ներկայացնել խնդիրները և համատեղ ջանքերով ձևակերպել ու իրագործել մարդու ամբողջական (գլուխ, սիրտ, ձեռք) զարգացման կոնցեպտը։
18
Декабрь
0
22

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar