• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Ովքե՞ր են պետական մրցանակակիրները գրականության, արվեստի եւ այլ ոլորտներում

Այսօր` փետրվարի 24-ին, Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ պետական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից` հավելելով, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2011թ. տարեվերջին շնորհվել են Հայաստանի 2011թ. պետական մրցանակները` հաշվի առնելով պետական մրցանակի հանձնախմբերի առաջարկությունները:

Գրականության եւ արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության 2011թ պետական մրցանակներ են շնորհվել գրականության եւ հրապարակախոսության ոլորտում` Մովսես Խորենացիի մեդալի ասպետ, գրող, թարգմանիչ Հովհաննես Գրիգորյանին «Երբեք չմեռնես - ահա թե ինչ կասեմ քեզ» գրքի համար, երաժշտության ոլորտում` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին` «Երեւանյան ռապսոդիա» ստեղծագործության համար, թատերական արվեստի եւ կինոարվեստի ոլորտում` Մովսես Խորենացու մեդալի ասպետ, ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանին (բեմադրության հեղինակ), ՀՀ վաստակավոր նկարիչ, թատրոնի գլխավոր նկարիչ Կարեն Գրիգորյանին (ներկայացման նկարչական ձեւավորման եւ զգեստների հեղինակ), Մովսես Խորենացու մեդալի ասպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանին եւ Գրիգոր Գաբրիելյանին (դերասաններ)` Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Հուլիոս Կեսար» բեմադրության համար:

Ճշգրիտ եւ բնական գիտությունների բնագավառում Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական մրցանակներ են շնորհվել Անանիա Շիրակացի մեդալի ասպետ, ԳԱԱ իսկական անդամ, ֆիզիկոս Էդուարդ Ղազարյանին, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանին եւ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Դվոյանին` «Բարդ երկրաչափությամբ կիսահաղորդչային նանոկառուցվածքների ֆիզիկական հատկությունների ուսումնասիրությունը» աշխատանքի համար:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1056

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar