• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Ուսանողները հարգանքի տուրք մատուցեցին Վարդանանց նահատակների հիշատակին



Սուրբ Վարդանանց տոնին նվիրված միջոցառումը փետրվարի 16–ին Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի դահլիճում համախմբեց հոգեւոր դասի ներկայացուցիչների եւ  ուսանողների:

Հայ Առաքելական եկեղեցու մեծագույն սրբերից են 451 թվականի մայիսին Ավարայրի ճակատամարտում հայրենիքի, հայ եկեղեցու եւ քրիստոնեական հավատքի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարները եւ  1036  մարտիրոսները:  Մեծ պահքի` բուն Բարեկենդան տոնին    նախորդող հինգշաբթի օրը` այս տարի Վարդանանց սուրբ նահատակների հիշատակության տոնն է:

«Այսօր, հիրավի, մեծ տոն է բոլորիս համար. ԵՊՀ-ի ողջ անձնակազմի անունից իմ սրտակից շնորհավորանք են հղում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա նշեց, որ Վեհափառի նախաձեռնությամբ` Վարդանանց տոնը չափազանց կարեւոր նշանակություն ունեցավ: Այն ռեկտորի համոզմամբ` պետք է նշել խանդավառված եւ ուրախ սրտով, որովհետեւ Վարդանանց հաղթանակը ոչ  միան արցունքով է ծնունդ առել,  այլ խորհրդանիշ է հայ  ժողովրդի պայքարի, հաստատակամության, ապրելու, արարելու, իր արժեքները գրավելու կարողության:

«Ամեն մի հայ Վարդանանց տոնակատարության օրը ուրախ սրտով, բարի  գործ կատարելով պետք է նշի. այն ամենամեծ եւ նվիրական տոներից է` ի տարբերություն կեղծ տոների, մշակութային կրոնական աղանդների»,- նշեց Սիմոնյանը: Նա հոմոզված է, որ Վարդանանց նահատակները պահի համար չէ, որ նահատակվեցին, այլ իրենց օրինակով ցույց տվեցին, որ հարատեւելու արժանի է այն ժողովուրդը,  որը կարող է պայքարել իր կրոնի, ինքնության համար: Ռեկտորը, իր պատգամն ուղղելով դահլիճում ներկա ուսանողներին, կոչ արեց հարգանքով վերաբերվել այլ  մշակույթներին,  բայց  եւ անհողդողդ լինել   հայկական մշակույթի հանդեպ:

«Թող երիտասադր սերունդը համոզված լինի, որ այս տոնակատարությունը, չնայած նրան, որ մոռացված է եղել, ապրելու գրավականններից մեկն է լինելու»,- հավելեց նա: Երրորդ տարին անընդմեջ Երեւանի պետական համալսարանը` Մշակույթի կենտրոնի եւ  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ կազմակերպում են Վարդանանց նահատակներին նվիրված միջոցառում, որը համալսարաննակաները դիտարկում են որպես հայրենասիրության դրսեւորում:

«Այս տոնը միշտ մեր ժողովրդի հետ է, եւ երկար կարելի է խոսել, սակայն մանրամասնությունների վրա պետք չէ կանգ առնել, կարեւոր է, որ տոնը երկարակյաց է», -Վարդանանց տոնի խորհուրդը ներկակացնելիս շեշտեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի եւ Գեւորգյան ճեմարանի պատմության դասախոս Պետրոս Հովհաննիսյանը:  Նրա վստահեցմամբ` տոնի երկարակեցությունը պատահական չէ, եւ այսօր Գեւորգյան ճեմարանում իրականացվող հարգանքի տուրքը նույնպես վկայությունն է նրանց կատարած քաջագործությունների, անմոռանալի հերոսության: Նա խորհրդանշական համարեց նաեւ մայր բուհի եւ Գեւորգյան ճեմարանի համատեղ միջոցառումը:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումը, «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի երգչախումբը եւ կամերային նվագախումը: Միջոցառման սկիզբն ազդարարվեց Ծայրագույն պատրիարք Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն կաթողիկոսի կողմից ընթերցված  տերունական  աղոթքով եւ ճեմարանի երգչախմբի կատարմամբ Հայաստանի հիմնով:

ԱՐՄԵՆՊՐԵՍ


18
Декабрь
0
1111

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar