• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Պետությունը կօգնի զինծառայողներին՝ բուհեր եւ ուսումնարաններ ընդունվելու գործում

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ հանդիպեց Երևանի զորամասերից մեկի զինծառայողներին՝ ներկայացնելով զինված ուժերում իրականացվող կրթական ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վերջինիս նպատակն է զորացրվող զինծառայողների մասնագիտական հմտությունների և առանձին ուսումնական առարկաների գծով գիտելիքների զարգացումն ու նրանց նախապատրաստումը՝ ՀՀ բուհեր, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար:

«Մենք պետք է օգնենք ձեզ զինծառայության ընթացքում կողմնորոշվել կրթության և մասնագիտացման հարցում: Մինչ զորացրվելը մենք պետք է կարողանանք ձեզ հետ միասին հստակեցնել, թե ինչով եք ցանկանում զբաղվել բանակից հետո: Պետությունը կանգնելու է այն զինծառայողների կողքին, ովքեր ցանկանում են գիտելիքներ ստանալ՝ ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում շարունակելու համար»,- ասաց վարչապետը:

Բուհ ընդունվելու կրթական նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով զինծառայողներին են կցվելու Հայկական պետական մանկավարժական համալսարանի և 6 այլ բուհերի 172 ասպիրանտներ, մագիստրոսներ և երիտասարդ դասախոսներ: «Մեր նպատակն է, որպեսզի իր զավակին բանակ ուղարկող ցանկացած ընտանիք վստահ լինի, որ պետությունը ոչ միայն զինծառայության նորմալ պայմանների ստեղծման, այլև նրանց երեխաների կրթական կարիքների բավարարման պարտավորություն է ստանձնում: Եթե դուք ցանկանում եք հստակ աշխատանք և դրա համար անհրաժեշտ է լինելու կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ, ապա պետությունը կրկին կլինի ձեր կողքին և կօգնի նաև այդ հարցում»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին՝ այս ուսումնական նախաձեռությունն իրականացնելու համար: Նախարարի տեղեկացմամբ՝ ներկայում ՀՀ ԶՈՒ-ում զինծառայություն անցնողների 17 տոկոսն ունի բարձրագույն և թերի բարձրագույն կրթություն, 16 տոկոսը՝ միջնակարգ մասնագիտական կրթություն, 57 տոկոսը՝ միջնակարգ կամ թերի միջնակարգ կրթություն: «Սա այն մեծ խավն է, որը կցանկանա շարունակել ուսումը բարձրագույն ուսումնական հաստատատություններում, ինչը կբարձրացնի նաև ԶՈՒ-ի կրթական մակարդակը: Շատ զինծառայողներ բանակից հետո հայտնվում են ուսման և աշխատանքի փնտրտուքի մեջ, իսկ այս ծրագիրը կնպաստի նաև նրանց կողմնորոշմանը»,- նշեց նախարարը:

Կրթական ծրագիրն առայժմ կրում է պիլոտային բնույթ և դեռևս կիրականացվի հանրապետության երկու զորամասերում:

 


18
Декабрь
0
1044

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar