• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Սեփական գումարները կառավարել իմացող սերնդի ակնկալիքով 350 դպրոցում ներդվում է ֆինանսական կրթման ծրագիրը

«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի հաջող փորձարկումը ուղի է բացել ընթացիկ սեպտեմբերից այն ՀՀ բոլոր մարզերի 350 դպրոցներում ներդնելու համար: Արդյունքում կվերապատրաստվի 3 հազար ուսուցիչ: Հունիսի 26-ին տեղի ունեցավ ծրագրի փորձարկման արդյունքների ամփոփումը: ՀՀ Կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Երևանի 14 դպրոցում ծրագրի փորձարկման մի քանի արդյունքներ: Մասնավորապես, նա նկատեց, որ այն դպրոցներում, որտեղ ծրագիրը ներդրվել է միանգամից՝ ներառելով 2-11-րդ դասարանները, արդյունքներն ավելի գոհացուցիչ են եղել: Ուսուցիչների միջև փոխօգնության, փորձի փոխանակման պրակտիկաների շնորհիվ գործընթացն ավելի հարթ է ընթանում: «Մեկ այլ առանձնահատկություն է այն, որ ցածր դասարաններում աշակերտներն ավելի հեշտ են ընկալում ու սիրով են սովորում դասավանդվող նյութը, քան բարձր դասարաններում, որտեղ մոտիվացիան ավելի քիչ է բազա չունենալու պատճառով: Մյուս արդյունքը, որ մեզ ապշեցրել է, գործընթացում ուսուցիչների ու ծնողների ներգրավվածության բարձր մակարդակն է»,-ասաց ԿԲ պաշտոնյան: Նրա դիտարկմամբ՝ ծնողները գիտակցում են կրթական ծրագրի կարևորությունը, որովհետև ֆինանսաները մարդուն ուղեկցում են իր ամբողջ կյանքում, իսկ դասընթացը տալիս է հմտություններ ֆինասնական առողջությունը լավ վիճակում պահելու համար։ Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 56 դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Շուշանիկ Մուրադյանը նկատել է, որ 5-6 դասարաններում առարկայի դասավանդումը մեծ ոգևորությամբ է ընդունվել աշակերտների կողմից։ «Աշակերտների շրջանում գրանցված արդյունքներից ամենաառաջինը մեծ ոգևորությունն էր, հետաքրքրվածությունը, հետազոտական ունակությունների զարգացումը»,-ասաց ուսուցչուհին: Անդրադառնալով հարցին, որ մարդիկ այնքան էլ չեն սիրում խոսել սեփական ֆինանսների, դրանց կառավարման մասին, արդյոք, երեխաների շրջանում նմանատիպ վարքագիծ նկատել է՝ Շուշանիկ Մուրադյանն ասաց. «Ոչ, քանի որ մենք թեմայի այնպիսի շրջանակ չենք քննարկել, որ երեխաների մոտ ցավագին ընդունվեր, խուսափեին պատասխանելուց: Ընդհակառակը, երբ իրենց բյուջեի մասին էինք խոսում, պատմում էին, թե ինչ նվերներ են ստանում, ինչ նվեր ենք պատրաստում մայրիկների համար, շատ ոգևորված էին ներկայացնում»: ՀՀ ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանն էլ նկատեց, որ ծրագրի փորձարկումն իրենց համար ուսուցողական է եղել, դուրս են բերվել բացերն ու անհարթությունները, որոնց շտկմամբ ֆինանսական կրթման ծրագիրը դպրոցներում ավելի լավ արդյունքներ կգրանցի։ Նա կարևորեց փաստը, որ արդյունքում աշակերտները ֆինանսապես գրագետ են դառնում, ինչն օգնում է հետագայում սեփական ֆինանսները ճիշտ կառավարելուն: «Շատ հաճախ անգամ մենք՝ մեծահասկաներս, չենք տիրապետում ֆինանսական տարրական գիտելիքների: Այս ծրագրի ներդրմամբ՝ 2-րդ դասարանից սկսած՝ հատուկ գիտելիքներ տրամադրելով երեխաներին սովորեցնում ենք ճիշտ կառավարել իրենց գրպանի պարունակությունը, խնայողություններ կատարել, հստակ վերաբերմունք ունենալ սեփական միջոցների հանդեպ»,-հավելեց պաշտոնյան։ 2015 թվականից Կենտրոնական բանկն ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունն աշխատում են դպրոցներում ֆինանսական կրթությունը ներդնելու ուղղությամբ: Ծրագիրն իրականացվում է այլ առարկաների հետ ինտեգրմամբ: Տարրական դպրոցում «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա» առարկաներն են ընտրվել, հիմնական դպրոցում` «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն», ավագ դպրոցում` «Հասարակագիտություն» և «Հանրահաշիվ» առարկաները: Ֆինանասական կրթությունն իրականանում է 7 թեմաների շուրջ, որոնք ընդհանուր են 2-11-րդ դասարանցիների համար`պարզից բարդ սկզբունքով: Աշակերտները գիտելիքներ են ձեռք բերում ընդհանուր տնտեսագիտության, անձնական բյուջեի, խնայողությունների կառավարման և պլանավորման, պարտքի կառավարման, ինչպես նաև ֆինանսական մի շարք ծառայությունների վերաբերյալ: Սովորում են սպառողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ֆինանսական զեղծարարությունների և խախտումների դեպքում պաշտպանության հնարավոր մեխանիզմները:
18
Декабрь
0
448

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar