• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Լույս է տեսել «Ֆերմեր» գործնական ձեռնարկը

Հունիսի 26-ին Ագրարային համալսարանի դահլիճում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների, ՀՀ մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունների աշխատակիցներ, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների, Ֆերմերների ազգային միավորման և գյուղատնտեսության ոլորտի այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտով հետաքրքրված անձինք:
Ողջունելով հյուրերին՝ ՀԱԱՀ ռեկտոր, ԳԱԱ իսկական անդամ Արշալույս Թարվերդյանը ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը, որը մշակվել, խմբագրվել և հրատարակվել է ընդամենը երկու տարվա ընթացքում:
-Ներկայումս ագրարային ոլորտի արդիականացումն անհնար է առանց կրթական, գիտական ու խորհրդատվական համակարգերի արմատական բարելավման, ուստի Ագրարային համալսարանի համար գերակա խնդիր է ոչ միայն որակյալ կադրերի պատրաստումը, այլև ագրարային արտադրությունում աշխատող մասնագետների և ֆերմերների շարունակական ուսուցումն ու նրանց համապարփակ խորհրդատվության մատուցումը: Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ համալսարանի ռեկտորատը և գիտական խորհուրդը որոշում ընդունեցին հանձնարարել մասնագիտական և խորհրդատվական աշխատանքի մեծ փորձ ունեցող դասախոսներին կազմել գործնական սույն ձեռնարկը, որն օգտակար կլինի ոչ միայն սկսնակ ֆերմերներին, այլև գյուղատնտեսության ոլորտում տարիների փորձ ունեցող մասնագետներին՝ լրացնելու արդեն իսկ կուտակած գիտելիքները»,- նշեց ռեկտորը:
Շուրջ 500 էջանոց գրքում ներկայացված են բուսաբուծության, բանջարաբուծության, պտղաբուծության և խաղողագործության հիմնական առանձնահատկությունները, անասնաբուծության, անասնաբուժության, գյուղատնտեսության մեքենայացման, ինչպես նաև ագրարային էկոնոմիկայի ընդհանուր դրույթները: Ձեռնարկի կառուցվածքը, ձևավորումը, տեքստերի շարադրանքը, նկարներով և գրաֆիկներով հագեցվածությունը թույլ են տալիս հեշտությամբ գտնել հետաքրքրող հարցերի պատասխանները:
«Ֆերմերների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Ռոզա Ծառուկյանը կարևորեց նման ձեռնարկի անհրաժեշտությունը հայ ֆերմերների համար: «Սերմնաբույծ» ՍՊԸ-ի նախագահ, ֆերմեր Վռամ Գյուլզադյանը, ով նաև ՀԱԱՀ շրջանավարտ է, ևս ողջունելով ձեռնարկի լույս ընծայումը, ընդգծեց.
-Ձեռնարկը վաղուց սպասված էր հայ ֆերմերների շրջանում: Այն իսկապես օգնություն է ֆերմերներին և հնարավորություն կտա գյուղատնտեսությամբ զբաղվողերին իրենց աշխատանքները կազմակերպել ավելի արդյունավետ՝ հենվելով ոլորտի մասնագետների գիտական խորհրդատվության վրա:
Նա նաև առաջարկեց 500 էջանոց ծավալուն գիրքը հրատարակել առանձին բաժիններով, որպեսզի յուրաքանչյուր ոլորտի գյուղատնտես իր ձեռքի տակ ունենա կոնկրետ բնագավառին վերաբերող ամփոփ գրքույկ:
Ի պատասխան՝ ՀԱԱՀ ռեկտոր Ա. Թարվերդյանն ասաց, որ նման ձևաչափով գրքի ստեղծումը համալսարանի առաջին փորձն էր, և քանի որ գիրքը ստեղծվել է բավականին սեղմ ժամկետում, ապա չի կարող զերծ լինել թերություններից:
-Գրքի խմբագրական խորհուրդը և աշխատանքային խումբը երախտագիտությամբ կընդունեն բոլոր դիտողություններն ու առաջարկները, որոնք համապատասխան քննարկումներից հետո հաշվի կառնվեն գրքի վերահրատարական ժամանակ,- նշեց ռեկտորը՝ խորին շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել գրքի կազմման և հրատարակման գործում:
Վերջում շնորհանդեսին ներկաները նվեր ստացան «Ֆերմեր» գործնական ձեռնարկի մեկական օրինակ:
Նազելի Ավագյան
18
Декабрь
0
13

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar