Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2012-2013 ուսումնական տարում Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթություն /4 տեղ՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա/ ստանալու համար*: Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական կուրսում/դասարանում սովորող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են անգլերեն, ռուսերեն կամ բուլղարերեն լեզուներին: Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝ • դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը, • դիմում-հարցաթերթիկ, • բուլղարական կողմից ներկայացված հարցաթերթիկ, • ինքնակենսագրություն /անգլերեն/(CV), • միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի պատճենը կամ ավարտական վկայականի և միջուկի պատճենները, իսկ ավարտական կուրսում կամ դասարանում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/: • անձնագրի պատճեն, • բժշկական տեղեկանք արտերկիր մեկնելու համար՝ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/: • 3x4 չափի 2 լուսանկար, • արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք: Մրցույթը անցկացվում է. • Բակալավրի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի: Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 09.03.2012թ. /ներառյալ/: Բակալավրի մրցույթը տեղի կունենան Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4) ս/թ մարտի 13-ից մինչև 23-ը ընկած ժամանակահատվածում: Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64): * Առաջնահերթությունը կտրվի կրթության և գիտության զարգացման համար գերակա հանդիսացող մասնագիտություններին:
Մեկնաբանություններ նյութին: 0