• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

  • Նյութը ակտիվ չէ
Արարքի հանցավորությունը բացառող այլ հանգամանքներ դիպլոմ 57 էջ ՄԱՍ 3

ԳԼՈՒԽ III. Արարքի հանցավորությունը բացառող այլ հանգամանքներ

§1. Հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելը

Հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելը որպես արարքի հանցավորությունը բացառող հանգամանք, նախկինում գնահատվել է որպես անհրաժեշտ պաշտպանություն: Այժմ այն նոր օրենսդրական կարգավորում է ստացել: Հանցագործին բռնելը հանրորեն օգտակար արարք է, որը նպաստում է պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի իրակնացմանը: ող ն
Քր. օր.-ի հոդված 43-ի առաջին մասի համաձայն.«Հանացագործություն չի համարվում այն գործողությունը, որը հանցանք կատարած անձին վնաս է պատճառել նրան` իրավասու մարմիններին հանձելու կամ նրա կողմից հանրության համար նոր վտանգավոր արարք կատարելու հնարավորությունը խափանելու նպատակով բռնելիս, եթե դրա համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցում թույլ չի տրվել»:
Քանի որ յուրաքանչյուր անձի, այդ թվում նաև հանցագործի կյանքը, առողջությունը և այլ իրվունքները պահպանվում են օրենքով, այդ դեպքում ծագում է այդ գործողությունների իրավաչափության հարցը:
Քրեական օրենսդրությունը, դոկտրինան և դատական պրակտիկան առանձնացնում են մի շարք պայմաններ ինչպես հանցանք կատարած բռնելու, այնպես էլ վնաս պատճառելու վերաբերյալ:
Հանցանք կատարած անձին բռնելու հիմքերին վերաբերող իրավաչափոության պայմաններն են.
1) Վնաս պատճառելով կարելի է բռնել միայն հանցանք կատարած անձին:
Բռնվելու ենթակա է միայն ակնհայտ ակներև հանցագործը: Անձի կողմից հանցանք կատարելու ակնհայտությունը հիմնավորող հանգամանքները թվարկված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդված 129-ում: Դրանք են` անձը բռնվել է հանցանքը կատարելիս կամ կատարելուց անմիջապես հետո, ականատեսն ուղղակի մատնանշել է տվյալ անձին, տվյալ անձի կամ նրա հագուստի վրա, կամ նրա կողմից օգտագործվող այլ իրերի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում կամ տրանսպորտային միջոցում հայտնաբերվել են հանցանքի կատարմանը նրա առնչությունը վկայող հետքեր և այլն:
Բռնվողի անձի հետ կապված սխալի կամ նրա կողմից կատարված արարքի սխալ գնահատման դեպքում վնաս պատճառած անձի քրեական պատասխանատվության վերաբերող հարցը լուծվում է նույն կերպ, ինչպես որ կարծեցյալ պաշտպանության դեպքում` փաստական սխալի կանոններով: Եթե անձը բարեխղճորեն մոլորվել է կապված բռնվողի անձի հետ, և դրա հետ միաժամանակ նրա գործողությունները չեն գերազանցել վնաս պատճառելու համար օրենքով նախատեսված սահմանները, ապա նա ազատվում է քրեական պատասխանատվությունից: Եթե այդ նույն հանգամանքներում բռնվողին պատճառված վնասը չի համապատասխանում կատարված արարքի ծանրությանը, բռնելու իրադրությանը, ապա մեղավորը պատասխանատվության է եթարկվում բռնելու համար անհրաժեշտ միջոցների գերազանցման համար: Եթե անձը սխալմամբ քաղաքացուն ընդունում է հանացագործի փոխարեն, բայց գործի հանգամանքներով նա կարող էր և պետք է համոզված լիներ իր սխալ լինելու մեջ, ապա նա պատասխանատվության է ենթարկվում անզգուշությամբ վնաս պատճառելու կանոններով: Եթե տվյալ իրադրության մեջ ոչինչ չի վկայում բռնվողի հանցագործ լինելու մասին միայն քաղաքացու անչափ զգոնությունն է նրան մղում բռնելու անմեղ անձին, վնաս պատճառելու համար նա պատասխանատվության է ենթարկվում ընդհանուր կանոններով:
Ի տարբերություն անհրաժեշտ պաշտպանության` հանցագործին բռնելիս նրան վնաս պատճառելը թույլատրելի է միայն մեղսունակ և քրեական պատասխանատվության տարիքի հասած անձանց բռնելիս: Վերջիններիս բռնելիս վնաս պատճառելը անթույլատրելի է: Դա պայմանավորված է հանցագործին բռնելու նպատակներով.հանցագործին հանձնել իրավասու մարմիններին`արդարադատություն իրականացնելու համար, իսկ անհրաժեշտ պաշտպանությունը նման նպատակ չի հետապնդում: Բացռիկ դեպքերում թույլատրվում է վնաս պատճառել նաև նշված անձանց:
2) Հանցանք կատարած անձին բռնելը նրան վնաս պատճառելու միջոցով հնարավոր է ոչ բոլոր հանցագործությունների դեպքում:
Խնդիրն այն է, որ որոշ իրավիճակներում անձը, հատկապես հանրային մեծ վտանգավորություն չներկայացնող ոտնձգությունների դեպքում , կարող է ոչ թե բռնել հանցագործին, այլ հակաօրինական վարքագծի մասին հայտնել իրավասու մարմիններին, (հատկապես, եթե տվյալ անձը ճանաչում է իրավախախտին):
Սա նշանակում է նաև, որ հանցագործին բռնելուն ուղղված միջոցները պետք է համապատասխանեն ոտնձգության վտանգավորությանը1;
3) Հանցանք կատարած անձին բռնելը, որպես կանոն, հնարավոր է հանցագործությունից հետո, մինչև քրեական պատասխանատվության ենթարկվելու վաղեմության ժամկետներն անցնելը: Ընդ որում հանցագործին բռնելը հնարավոր է ինչպես ավարտված, այնպես էլ հանցագործության նախապատրաստության փուլում: Բռնելը հնարավոր է նաև հանցագործության կատարման պահին( օրինակ` կաշառք ստանալու պահին), բայց միաժամանակ պետք է նկատի ունենալ,եթե հանցագործությունը բռնի է(սպանություն, մարմնական վնասվածք պատճառելը), ապա տվյալ պարագայում նախ և առաջ հետապնդվում է այն դադարեցնելու նպատակ, հետևաբար կիրառվում են անհրաժեշտ պաշտպանության կանոնները, այլ ոչ թե հանցագործին բռնելու: Որոշ հեղինակների կարծիքով այս մոտեցումը հիմնավորված չէ: Նրանք նկատում են, որ այդպիսի դեպքերում անհնար է հանցագործին վնաս պատճառելով բռնելը դիտարկել այս ինստիտուի շրջանակներում, որովհետև նման դեպքում լուրջ վնաս հասցնելը բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցում կհանդիսանա
4) Հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառել թույլատրելի է միայն այն դեպքում, երբ հանցավորը փորձում է փախչել, թաքնվել, խուսափել պատասխանատվությունից կամ իրավասու մարմիններին հանձնելու ընթացքում դիմադրություն է ցույց տալիս: Սակայն եթե հանցավորի դիմադրությունը խիստ ինտենսիվ է և սպառնում է բռնողի կյանքին կամ առողջությանը, ապա առաջ է գալիս անհրաժեշտ պաշտպանության վիճակ:
Հանցանք կատարած անձին բռնելու ընթացքում իրականացվող գործողություններին հատուկ են իրավաչափության որոշակի պայմաններ.
1) Հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելը պետք է որոշակի նպատակ հետապնդի. հանցավորին հանձնել համապատասխան իրավասու մարմիններին կամ կանխել նրա կողմից նոր հանցանքների կատարումը:
2) Հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելու նպատակից բխում է իրավաչափության հաջորդ պայմանը. վնասը պետք է հասցվի հանցանք կատարած անձին, այլ ոչ թե երրորդ անձի: Անհրաժեշտ պայմանների դեպքում վերջին դեպքը կարող է դիտվել որպես ծայրահեղ անհրաժեշտություն:
3) Հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելը պետք է լինի միակ միջոցը:
4) Հանցանք կատարած անձին բռնելիս չպետք է թույլ տրվի անհրաժեշտ միջոցների սահմանազանցում:
Քր. օր. հոդված 43-ի երրորդ մասի համաձայն. «Հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցում է համարվում բռնելու միջոցների ակնհայտ անհամապատասխանությունն արարքի և դա կատարող անձի վտանգավորությանը, ինչպես նաև բռնելու հանգամանքներին, որոնց հետևանքով անձին դիտավորությամբ պատճառվել է այնպիսի վնաս, որը պայմանավորված չի եղել բռնելու անհրաժեշտությամբ»:
Այսպիսով, օրենքը հանցագործին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցում է համարում.
1) բռնելու միջոցների ակնհայտ անհամապատասխանությունն արարքի և դա կատարող անձի վտանգավորությանը, ինչպես նաև բռնելու հանգամանքներին,
2) անձին դիտավորությամբ պատճառվել է այնպիսի վնաս, որը պայմանավորված չի եղել բռնելու անհրաժեշտությամբ:

§2. Ծայրահեղ անհրաժեշտությունը

Անհրաժեշտ պաշտպանության և ծայրահեղ անհրաժեշտության ինստիտուտները գրեթե բոլոր երկրների օրենսդրություններում ի հայտ են եկել միաժամանակ:
ՀՀ քր. օր. հոդված 44-ի առաջին մասի համաձայն. «Հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այսինքն` տվյալ անձի կամ այլ անձանց կյանքին, առողջությանը, իրավունքներին և օրինական շահերին, հասարակության կամ պետության շահերին անմիջականորեն սպառնացող վտանգը վերացնելու համար, եթե այդ վտանգը չէր կարելի վերացնել այլ միջոցներով, և թույլ չի տրվել ծայրահեղ անհրաժեշտության սահմանների անցում»:
Ի տարբերություն անհրաժեշտ պաշտպանության, որում տեղ ունի «իրավունքի պաշտպանությունն անիրավությունից, ծայրահեղ անհրաժեշտությունում մի իրավունքի պաշտպանությունն իրականացվում է այլ իրավունքների հաշվին»(Ն. Ա. Տագանցև):
Այս ինստիտուտի բնության մասին դիպուկ է արտահայտվել Հեգելն իր «Իրավունքի փիլիսոփայություն աշխատությունում»: Օրինակ, եթե կյանքը կարող է պաշտպանվել մի կտոր հաց գողանալու արդյունքում, ապա դրանով հարված է հասվում ուրիշ մարդու սեփականությանը, բայց իրավաչափ չէր լինի այս արարքը որակել որպես սովորական գողություն:
Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում վնասը պատճառվում է մի երրորդ անձի, այլ ոչ թե անմիջապես ոտնձգողին, ինչպես դա տեղի է ունենում անհրաժեշտ պաշտպանության ժամանակ:
Սպառնացող վտանգի աղբյուրները, որոնցից խուսափելու համար անձը ստիպված վնաս է հասցնում մի երրորդ անձի, բազմազան են: Դրանք կարող են լինել բնության երևույթները, կենդանիների հարձակումները, մարդու գործողությունները և այլն:
Ծայրահեղ անհրաժեշտության իրավաչափության պայմանները բաժանվում են երկու խմբի. սպառնացող վտանգին վերաբերող իրավաչափության պայմաններ, սպառնաոցղ վտանգը կանխելուն ուղղված իրավաչափության պայմաններ:
Սպառնացող վտանգին վերաբերող իրավաչափության պայմաննեն են.
1) վտանգը պետք է սպառնա անձի կյանքին, առողջությանը, իրավունքներին և ազատությունների, հասարակության կամ պետության շահերին,
2) վտանգը պետք է իրական լինի: Այսինքն` վտանգը պետք է գոյություն ունենա իրականության և ոչ թե անձի երևակայության մեջ,
3) վտանգը պետք է առկա լինի: Այսինքն` չսկսված և ավարտված վտանգը չի կարող ծայրահեղ անհրաժեշտության վիճակ առաջացնել: Ծայրահեղ անհրաժեշտության վիճակ կարող է ստեղծվել նաև, երբ վտանգը սկսվելու իրական, անմիջական սպառնալիք կա:
Սպառնացող վտանգը կանխելուն ուղղված գործողություններին վերաբերող իրավաչափության պայմաններն են.
1) ծայրահեղ անհրաժեշտությունը հանցավորությունը բացառող հանգամանք է համարվում այն դեպքում, երբ սպառնացող վտանգը տվյալ պայմաններում այլ միջոցներով հնարավոր չէր վերացնել, այսինքն, եթե հնարավոր է խուսափել վտանգից` առանց որևէ վնաս պատճառելու, բայց այն պատճառվում է, ապա բացառվում է ծայրահեղ անհրաժեշտությունը,
2) վնասը պետք է հասցվի երորդ անձանց շահերին, և ոչ թե վտանգի աղբյուրին: Որպես երրորդ անձ կարող են հանդես գալ և' ֆիզիկական, և' իրավաբանական անձինք,
3) վտանգը կանխելու համար հասցվող վնասը պետք է ավելի փոքր լինի, քան սպառնացող վտանգը: Այլապես թույլ կտրվի անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում:
ՀՀ քր. օր. հոդված 44-ի երկրորդ մասում ուղղակիորեն նշված է. «Ծայրահեղ անհրաժեշտության սահմանազանցում է համարվում դիտավորությամբ այնպիսի վնաս պատճառելը, որն ակնհայտորեն չի համապատասխանում սպառնացող վտանգի բնույթին ու աստիճանին և վտանգը վերացնելու հանգամանքներին, եթե օրենքով պաշտպանվող շահերին պատճառվել է կանխված վնասի համեմատությամբ հավասար կամ ավելի մեծ վնաս»: Եվ, իրոք, ինչ միտք կարող է ունենալ այն հանգամանքը, որ մի բարիք փրկելու համար վնաս պետք է հասցվի դրան հավասար, ճիշտ նույն ձևի մեկ այլ բարիքի:
Ծայրահեղ անհրաժեշտության իրավաչափության պայմանների քննարկումը թույլ է տալիս որոշակի զուգահեռներ անցկացնել դրա և անհրաժեշտ պաշտպանության միջև, բացահայտել այս երկու ինստիտուտների նմանություններն ու տարբերությունները:
Նրանց ընդհանրությունն այն է, որ երկուսն էլ ուղղված են օրենքով պաշտպանվող շահերի պաշտպանությանը: Դրանով այս երկու ինստիտուտների միջև նմանությունը սահմանափակվում է: Նշված ինստիտուտների տարբերությունը հանգում են հետևյալին.
1) Անհրաժեշտ պաշտպանության ժամանակ վտանգի աղբյուր են հանդիսանում ոտնձգողի արարքները, և սպառնացող վտանգից պաշտպանությունն իրականացվում է ոտնձգողին վնաս հասցնելու միջոցով, մինչդեռ ծայրահեղ անհրաժեշտության ժամանակ վտանգի աղբյուր են հանդիսանում ամենատարբեր երևույթներ և վտանգը կանխելու համար վնասը պատճառվում է ոչ թե վտանգի աղբյուրին, այլ երրորդ անձանց շահերին:
2) Անհրաժեշտ պաշտպանությունն իրավաչափ է համարվում նույնիսկ այն դեպքում, երբ առկա են ոտնձգությունից պաշտպանվելու այլ միջոցներ, որոնք կապված չեն ոտնձգողին վնաս հասցնելու հետ, մինչդեռ ծայրահեղ անհրաժեշտությունը իրավաչափ է համարվում միայն այն դեպքում, երբ վտանգը կանխելու այլ միջոցներ չկան, և միակ միջոցը երրորդ անձանց շահերին վնաս պատճառելն է:
3) Անհրաժեշտ պաշտպանությունն իրավաչափ է համարվում նույնիսկ այն դեպքում, երբ ոտնձգողին ավելի մեծ վնաս է հասցվում, քան այն վնասը, որը սպառնում էր մինչդեռ ծայրահեղ անհրաժեշտության ժամանակ հասցված վնասը կանխվածի համեմատ պետք է ավելի փոքր լինի: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 1060-ի համաձայն, «Անհրաժեշտ պաշտպանության վիճակում պատճառված վնասը ենթակա չէ հատուցման, եթե չեն գերազանցվել դրա սահմանները»: Նույն օրենսգրքի հոդված 1061-ի ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում պատճառված վնասը պետք է հատուցի վնաս պատճառած անձը: Հաշվի առնելով նման վնասի պատճառ դարձած համապատասխան գործունեության հանգամանքները` դատարանը կարող է այն հատուցելու պարտականությունը դնել երրորդ անձի վրա` ի շահ որի գործել է վնաս պատճառողը, ինչպես այդ երրորդ անձին, այնպես էլ վնաս պատճառողին:

§3. Ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքը

Ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքն արարքի հանցավորությունն բացառող, միմյանց շատ նման, բայց ինքնուրույն հանգամանքներ են:
Անձի արարքը կարող է հանցավոր համարվել միայն այն դեպքում, երբ իրենից ներկայացնում է մարդու գիտակցված և կամային ակտ: Ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի շատ դեպքերում մարդկային արարքի նշված հատկանիշները բացակայում են, ուստի անհրաժեշտություն է առաջանում քննարկել ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի ազդեցության տակ հանրորեն վտանգավոր արարք կատարած անձի քրեական պատասխանատվության հիմնահարցերը:
ՀՀ քր. օր. հոդված 45-ի համաձայն. «Հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի ազդեցությամբ, եթե դրա հետևանքով անձը չէր կարող ղեկավարել իր գործողությունները(անգործությունը)»:
Ֆիզիկական հարկադրանքը ենթադրում է մարդու մարմնի, ներքին օրգանների, այդ թվում նաև ուղեղի վրա ազդեցությունը:
Հոգեկան հարկադրանքի տակ հացկացվում է ինֆորմացիոն ազդեցությունը անձի հոգեկանի վրա սպառնալիքի, վիրավորանքի, հիպնոսի և այլ ճանապարհով: Ինֆորմացիան կարող է հաղորդվել բանավոր, գրավոր, կոնկլյուդենտ գործողությունների ճանապարհով, անձամբ կամ միջնորդի միջոցով:
Ֆիզիկական հարկադրանք են` ծեծը, խոշտանգումը, ազատությունից զրկելը, առողջությանը վնաս հասցնելը, բռնությամբ թմրանյութեր կամ հոգեներգործող նյութեր ներարկելը և այլն:
Հարկադրանքի առանձնահատուկ տարատեսակ է հանդիսանում խոշտանգումը, որի հասկացությունը տրվում է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ» կոնվենցիայում,որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1984թ.-ի դեկտեմբերի 10-ին: Այսպիսով` մաս առաջինի հոդված 1.1.-ով սահմանվում է. որ «Սույն Կոնվենցիայի նպատակների համար «խոշտանգում» հասկացությունը նշանակում է ցանկացած գործողություն, որով որևէ անձի դիտավորությամբ պատճառվում է մարմանական կամ մտավոր ուժեղ ցավ կամ տառապանք` նրանից կամ երրորդ անձից տեղեկություններ կամ խոստովանություն կորզելու, այն գործողության համար պատժելու, որը կատարել կամ կատարման մեջ կասկածվում է նա կամ երրորդ անձը, կամ նրան կամ երրորդ անձին վախեցնելու կամ հարկադրելու նպատակով, կամ ցանկացած տեսակի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով, երբ նման ցավը կամ տառապանքը պատճառվում է պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձի կողմից կամ նրանց դրդմամբ կամ համաձայնությամբ: Սա չի նշանակում այն ցավը ու տառապանքը, որոնք բխում են օրինական պատժամիջոցից միայն կամ հատուկ են դրանց»: Ոչ մի բացառող հանգամանք չի կարող արդարացնել խոշտանգումը: Խոշտանգման հետ կապված հարցերը լուծվում են քրեական օրենսդրությամբ:
Ֆիզիկական հարկադրանքը հանցավորությունը բացառող հանգամանք է հանդիսանում այն դեպքում, երբ դրա ինտենսիվության հետևանքով անձը զրկվում է կամքի ազատությամբ ընտրաբար գործելու հնարավորությունից: Օրինակ` խոշտանգումների ազդեցությամբ պետական գաղտնիք է հայտնում, կամ դաժան եղանակով ծեծի հետևանքով օգնում է կողոպուտ կատարելուն:
Հարկադրանքի երկու տեսակն էլ կարող են հանդես գալ որպես.
1. հանցագործի գործունեության վերջնական նպատակ,
2. հանցավոր նպատակին հասնելու միջոց,
3. այլ անձին հանցագործության կատարմանը հարկադրելու միջոց:
Հենց վերջին երկու դեպքերի հարկադրանքի դրսևորման մասին է խոսքը գնում: Եթե Ֆիզիկական հարկադրանքի ազդեցության տակ անձը չի կարողացել ղեկավարել իր գործողությունները, ապա դրանք հանցավոր չեն և առաջ չեն բերում քրեական պատասխանատվություն:
Քր. օր. հոդված 45-ի երկրորդ մասի համաձայն, քրեական պատասխանատվության հարցն այն դեպքերում, երբ քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս է պատճառվում հոգեկան, ինչպես նաև ֆիզիկական այնպիսի հարկադրանքի ազդեցությամբ, որն անձին չի զրկում իր գործողությունները ղեկավարելու հնարավորությունից` լուծվում է ծայրահեղ անհրաժեշտության պայմաններին համապատասխան, որոնք այստեղ երկուսն են.
1. սպռնավող վտանգն իրական է և հանրորեն վտանգավոր արարքի կատարումը այդ վտանգից պաշտպանվելու միակ միջոցն է,
2. պատճառվող վնասն ավելի փոքր պետք է լինի, քան այն, որն սպառնում էր իրեն:
Ծայրահեղ անհրաժեշտության այս պայմաների բացակայությունը նման վիճակում գտնվող անձին չի ազատում քրեական պատասխանատվությունից: Այն կարող է համարվել միայն պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք:
Ի տարբերություն ֆիզիկական հարկադրանքի, հոգեկան հարկադրանքի դեպքում անձը լրիվ չի զրկվում իր կամքն ազատ արտահայտելու հնարավորությունից:
Օրենսդիրը հենց այդ նկատի ունենալով հոգեկան հարկադրանքի ներքո հանցանք կատարած անձի քրեական պատասխանատվության հարցը կապել է ծայրահեղ անհրաժեշտության վիճակի հետ:
Հոգեկան հարկադրանքի այնպիսի դրսևորումները, ինչպիսիք են սպանության, առողջությանը վնաս հասցնելու, ազատությունից զրկելու, գույքը ոչնչացնելու, հարազատներին սպանելու կամ վնասելու, աշխատանքից ազատելու սպառնալիքը և այլն, անձին լրիվ չեն զրկում իր գործողությունները(անգործությունը) ղեկավարելու ունակությունից և քրեական պատասխանատվության հարցը նման դեպքերում լուծվում է ծայրահեղ անհրաժեշտության կանոններով: Սակայն հոգեկան հարկադրանքի այնպիսի տեսակ, ինչպիսին հիպնոսն է, անձին լրիվ զրկում է իր գործողությունները(անգործությունը) ղեկավարելու և արարքի հանրային վտանգավորությունը գիտակցելու հնարավորությունից:
Նման դեպքում նրա քրեական պատասխանատվության հարցը չի կարող լուծվել ծայրահեղ անհրաժեշտության կանոններով: Այդպիսի իրավիճակում անձն առանց որևէ պայմանների ազատվում է քրեական պատասխանատվությունից, որովհետև քրեաիրավական իմաստով արարք չի կատարում: Բացի այդ մահվան անմիջական սպառնալիքի որոշ դեպքեևու ևս անձը կարող է լիովին զրկվել իր գործողությունների բնույթը գիտակցելու կամ դրանք ղեկավարելու հնարավորությունից(այսպես կոչված «վախի աֆեկտ»):
Այն դեպքերում, երբ հոգեկան հարկադրանքի ներքո անձը չի զրկվում գործողությունները(անգործությունը) ղեկավարելու հնարավորությունից և բացակայում է ծայրահեղ անհրաժեշտության վիճակը, այն կարող է դիտվել որպես քրեական պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք(քր. օր.-ի հոդված 62 ութերորդ կետ):

§4. Հիմնավորված ռիսկը

Հիմանավորված ռիսկը` որպես արարքի հանցավորությունը բացառող հանգամանք, առաջին անգամ է նախատեսվում ՀՀ քր. օր.-ում: Մինչդեռ քրեական իրավունքի տեսության մեջ այդպիսի առանձին ինստիտուտիօրենսդրական ամրագրման անհրաժեշտությունը վաղուց էր հիմնավորվում:
Քր. օր.-ի հոդված 46-ի առաջին մասի համաձայն. «Հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը հանրորեն օգտակար նպատակին հասնելու համար գործադրած հիմանավորված ռիսկի ժամանակ»: Հիմնավորված ռիսկի հասկացությունը տրվում է հոդված 46-ի երկրորդ մասում. «Ռիսկը համարվում է հիմնավորված, եթե հիշյալ նպատակին չէր կարելի հասնել ռիսկի հետ չկապված գործողություններով (անգործությամբ) և ռիսկի դիմած անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը կանխելու համար»:
Իրավաբանական գրականության մեջ առանձնացվում են հիմանվորված ռիսկի մի քանի տեսակներ:
1. Արտադրական ռիսկ, որը կարող տեղ գտնել մասնագիատկան գործունեության ամենատարբեր ոլորտներում և նպատակ է հետապնդում հասնել հանրորեն օգտակար արդյունքի` օրենքով պաշտպանվող շահերը սպառնալիքի տակ դնելու միջոցով:
2. Տնտեսական ռիսկ, որը նպատակ է հետապնդում տնտեսական օգուտ ստանալ գույքային շահերը սպառնալիքի տակ դնելու միջոցով:
3. Գիտատեխնիկական ռիսկ, որը նպատակ է հետապնդում պրակտիկայում ներդնել գիատկան հետազոտությունների նոր մեթոդներ կամ այդպիսի հետազոտությունների(փորձ, փորձարկում և այլն):
4. Կազմակերպակառավարչական ռիսկ, որի նպատակն է, օրինակ, անցնել կառավարման նոր համակարգի, ինչը կարող է սպառնալիքի տակ դնել օրենքով պաշտպանվող որոշակի շահերը:
Այս ցանկը կարելի է շարունակել, որովհետև հիմնավորված ռիսկը կարող է ընդգրկել մասնագիտական գործունեության յուրաքանչյուր ոլորտ(օրինակ` բժշկական, իրավապահ և այլն):
Քանի որ ռիսկի բոլոր տեսակները կապված են օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելու սպառնալիքի հետ, ապա ռիսկի դիմած անձին քրեական պատասխանատվությունից ազատելու և ռիսկն որպես արարաքի հանցավորությունը բացառող հանգամանք գնահատելու համար անհրաժեշտ է, որ այն բավարարի մի շարք պայմանների: Հիմնավորված ռիսկի իրավաչափության պայմաններն են.
1. Նախ և առաջ այդպիսի պայմանների շարքին պետք է դասել ռիսկային գործողությունների նպատակը: Ռիսկը պետք է ուղղված լինի էական հանրորեն օգտակար նպատակին հասնելուն և համեմատելի է նրա հետ(օրինակ` դրանով կկատարելագործվի ագրեգատը, կստանան գերշահույթ, կստանան նոր դեղամիջոց, որը կբուժի մինչ այդ չբուժվող որևէ հիվանդություն և այլն):
2. Հանրորեն օգտակար նպատակին հասնելը հնարավոր չէր առանց ռիսկի դիմելու: Այսինքն` այդ նպատակին հասնելու միակ միջոցը ռիսկի դիմելն էր:
3. Մյուս պայմանի էությունը կայանում է նրանում, որ ռիսկը չպետք է գերազանցի ակնհայտ պատճառված վնասը: Սուբյեկտիվ կողմից անձի հոգեբանական վերաբերմունքը վրա հասնող վնասի նկատմաբ հնարավոր է միայն մեղքի դիտավորյալ ձևով: Ուղղակի կամ անուղղակի դիտավորության հաստատման դեպքում անձը ենթակվում է պատասխանատվության ընդհանուր հիմունքներով: Հիմնավորված ռիսկի դեպքում հետևանքների նկատմամբ վերաբերմունքը արտահայտվում է թեթևամտության ձևով, երբ անձը կանխատեսում է քրեաիրավական պաշտպանության օբյեկտի վնասակար փոփոխության բացարձակ հնարավորությունը, չի ցանկանում դրանք և հույսը դնելով ինչ-որ կոնկրետ հանգամանքի վրա, որը իր կարծիքով կարող էր կանխել այդ հետևանքների վրա հասնելը:
4. Օրենքով պաշտպանվող շահերին սպառնացող վնասը կանխելու համար ձեռնարկվել են բավարար միջոցներ:
Խոսքն այստեղ վերաբերում է ոչ թե սպառնացող վտանգը կանխելու «բացառապես բոլոր միջոցներին», այլ բավարար միջոցներին: Այսինքն, նրան, որ ռիսկի դիմող աանձը ձեռնարկել է այն բոլոր միջոցները, որոնք տվյալ իրադրությունում կախված էին իրենից, և որոնք, ըստ իրեն, անհրաժեշտ էին վտանգը կանխելու համար: Ռիսկը պարունակող գործողությունները վնաս պատճառելու վտանգով լի են հենց նրա համար, որ դրան բացառող բոլոր միջոցների կանխատեսումը հնարավոր չէ: Եթե դա հնարավոր լինի, ապա ռիսկի մասին խոսք լինել չի կարող:
5. Ռիսկի հետևանքների առկայության դեպքում բացառվում է նրա իրավաչափությունը, հատկապես, եթե դա «ակնհայտորեն զուգորդված է եղել երրորդ անձանց զոհվելու, էկոլոգիական կամ հասարակական աղետի սպառնալիքի հետ»(քր. օր. հոդված 46 երրորդ մաս): Որպես կանոն, ռիսկի օբյեկտ կարող են լինել նյութական, գույքային շահերը: Սակայն պրակտիկայում անխուսափելի են այնպիսի իրավիճակները, երբ վտանգի տակ է դրվում մարդկանց կյանքը կամ առողջությունը(օրինակ` գիտական, բժշկական որոշ փորձերի, բժշկական միջամտության, հրդեհների մարման, փրկարարական աշխատանքների ժամանակ և այլն): Այն դեպքում, երբ ռիսկի տակ է դրվում մարդը, անհրաժեշտ է լրացուցիչ պայման, ռիսկը հիմնավորված համարելու համար. անձը, որին վտանգ է սպառնում, պետք է տեղեկացվի այդ մասին և ինքնակամ համաձայնություն տա դրան(միայն բացառիկ դեպքերում ծայրահեղ անհրաժեշտության սահմանագծին կամ հենց այդ վիճակում հնարավոր է նաև առանց համաձայնության):
Իհարկե, սովորական պայմաններում ռիսկի հետ կապված այս դրույթը կասկած չի հարուցում, սակայն լինում են բացառիկ դեպքեր(արտակարգ իրավիճակներ), երբ շատ մարդկանց զոհվելու վտանգի առկայության դեպքում ռիսկի դիմելն արդարացվում է: Օրինակ` օդանավի անիվները չեն բացվում և օդաչուն ռիսկի դիմելով օդանավն իջեցնում է նախապես թռիչքուղի բերված բեռնատար ավտոմեքենաների վրա: Այսպիսի գործողությունները պետք է գնահատել որպես ծայրահեղ անհրաժեշտություն: Էքստրեմալ պայմանների հետ կապված սպառնացող վտանգի կանխման ձգտումը հատուկ է ծայրահեղ անհրաժեշտությանը, և ոչ թե հիմնավորված ռիսկին:
Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ հիմնավորված ռիսկի իրավաչափության պայմանների խախտմամբ հանցանք կատարելը քր. օր. հոդված 62-ի վեցերորդ կետի համաձայն գնահատվում է որպես քրեական պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք:
Հիմնավորված ռիսկի` որպես արարքի հանցավորությունը բացառող հանգամանքի վերլուծությունը թույլ է տալիս այն սահմանազատել ծայրահեղ անհրաժեշտությունից: Դրանց տարբերություններն են.
1. Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում օրենքով պաշտպանվող շահերին վնաս հասցնելը անհրաժեշտ և անխուսափելի է, մինչդեռ հիմնավորված ռիսկի ժամանակ` միայն հնարավոր:
2. Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում սպառնացող վտանգը պետք է անպայման կանխվի, մինչդեռ հիմնավորված ռիսկի պարագայում այն կարող է նաև չկանխվել:
3. Ծայրահեղ անհրաժեշտության ժամանակ վտանգն առկա է, այսինքն` սկսվել է կամ սպառնում է անմիջապես սկսվել, մինչդեռ հիմնավորված ռիսկի դեպքում վտանգը ծագում է որոշակի ժամանակ անց: Ավելին, հիմնավորված ռիսկի ժամանակ որևէ վտանգ կարող է չլինել: Ռիսկ հանդիսացող գործողությունները կարող են իրականացվել նաև այն դեպքում, երբ օրենքով պաշտպանվող շահերին որևէ վտանգ չի սպառնում, և անձը ռիսկի է դիմում ուղղակի հանրօգուտ որևէ նպատակի հասնելու համար:


§5. Հրաման կամ կարգադրություն կատարելը

Հրամանի կամ կարգադրության կատարումը, որպես արարքի հանցավորությունը բացառող հանգամանք, նույնպես առաջին անգամ նախատեսվում է ՀՀ քր. օր.-ում:
Հրամանը կամ կարգադրությունը օրենքի կամ ենթաօրենսդրական ակտի հիման վրա հիմնված իշխանական պահանջ է, որը լիազորված անձը ներկայացնում է նրան, ով պարտավոր է կատարել այն:
Սահմանված լիազորությունների շրջանակում պատշաճ ձևով տրված հրամանը կամ կարգադրությունը ենթակա են անշեղ կատարման:
ՀՀ քր. օր. հոդված 47-ի առաջին մասում ասվում է, որ «Հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելն այն անձի կողմից, ով գործել է ի կատարումն իր համար պարտադիր` սահմանված կարգով արձակված հրամանի կամ կարգադրության: Այդպիսի վնաս պատճառելու համար պատասխանատվություն է կրում անօրինական հրաման կամ կարգադրություն տված անձը»:
Հրամանի կամ կարգադրության պարտադիր լինելը պայմանավորված է նրա օրինականությամբ: Անօրինական հրամանի կամ կարգադրության կատարումը քրեական պատասխանատվություն է առաջացնում ինչպես այն տվողի, այնպես էլ կատարողի համար:
Հրամանի կամ կարգադրության անօրինականությունը կարող է արտահայտվել այն տվողի ոչ իրավասությամբ, սահմանված ձևը չպահպանելով(օրինակ` գրավոր ձևը), իսկ հանցավոր լինելը որոշվում է դրանց բովանդակությամբ:
Հրամանը կամ կարգադրություն կատարող անձի գործողության օրինականության առաջին պայմանը նրա կողմից կատարվող հրամանի կամ կարգադրության համապատասխանությունն է օրենքի պահանջներին: Երկրորդ պայմանը(սուբյեկտիվ) հրամանը կամ կարգադրությունը կատարող անձի մոտ դրանց անօրինականության գիտակցման բացակայությունն է: Այսինքն` կատարողը համոզված է տրված հրամանի կամ կարգադրության օրինական լինելու մեջ: Այս դեպքում պատասխանատվություն է կրում նման հրաման կամ կարգադրություն տվողը: Օրենսգրքի հոդված 47-ի երկրորդ մասի համաձայն «Ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ դիտավորյալ հանցանք կատարած անձը պատասխանատվություն է կրում ընդհանուր հիմունքներով»: Սա նշանակում է, որ հրաման կամ կարգադրություն կատարողը ակնհայտորեն գիտակցել է դրանց անօրինական լինելը և նախատեսել է նրանցով հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը: Այս դեպքում արդեն, նա համարվում է որպես տվյալ հանցանքը կատարող, իսկ անօրինական հրաման կամ կարգադրություն տվողը` որպես այդ հանցագործության կազմակերպիչ կամ դրդիչ:
Հնարավոր են դեպքեր, երբ ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը կատարվում է այն տվող անձի ֆիզիկական կամ հոգեբանական հարկադրանքի ներքո: Կարծում ենք այս դեպքում կատարողը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի հետևանքով զրկված է եղել իր գործողությունները(անգործությունը) ղեկավարելու հնարավորությունից և գործել է ծայրահեղ անհրաժեշտության վիճակում:
Զինվորական կանոնագրքի համաձայն` պետի հրամանը պետք է կատարվի անհապաղ: Այն չկատարելը պատասխանատվություն է առաջացնում քր. օր. հոդված 356-ով: Կարո՞ղ է այս դեպքում հրաման չկատարող զինծառայողը ազատվել քրեական պատասխանատվությունց: Հարցի պատասխանը տրված է օրենսգրքի հոդված 47-ի երրորդ մասում, ըստ որի` «Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը»: Ընդ որում, անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է ոչ միայն քրեական, այլև ամեն մի տեսակի պատասխանատվություն:
Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ որոշ դեպքերում ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը կատարողի համար կարող է ծայրահեղ անհրաժեշտության վիճակ ստեղծվել: Նման դեպքերում հրամանը կամ կարգադրությունը կատարողն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե պահպանվում են ծայրահեղ անհրաժեշտության իրավաչափության պայմանները:

§6. Արարքի հանցավորությունը բացառող այլ հանգամանքները

Ինչպես արդեն նշել ենք, արարքի հանցավորությունը բացառող որոշ հանգամանքներ թեև չեն նախատեսվում քրեական օրենսրությամբ, բայց դրանց նշանակությունը ճանաչվում է քրեական իրավունքի դոկտրինայի(արարքի հանցավորությունը բացառող հանգամանքներին վերաբերող) կողմից և իրավակիրառ պրակտիկայում: Այս հանգամանքների էության բացահայտումը ևս ունի ոչ միայն տեսական, այլև կարևոր գործնական նշանակություն, մանավանդ, որ այդ հանգամանքների վերաբերյալ հարցը դեռևս վիճարկվող է: Այդ հանգամանքներն են` տուժողի համաձայնությունը, մասնագիտական գործառույթների իրականացումը, սեփական իրավունքների իրականացումը և օրենքի պատվիրանների կատարումը: Հարկ է նշել, որ միասնական մոտեցում չկա այս հանգամանքների ցանկի կապակցությամբ: Իսկ որոշ քրեագետներ էլ գտնում են, թե նշված հանգամանքներն ընդհանրապես չի կարելի դիտարկել որպես արարքի հանցավորությունը բացառող:
Ինչևէ նշված հանգամանքներն էլ իրավաչափության որոշակի պայմաններ ունեն, որոնց խախտումով վնաս է հասցվում օրենքով պաշտպանվող շահերին` առաջացնելով քրեական պատասխանատվություն: Միայն որոշակի հանգամանքների առկայության դեպքում է, որ դրանք կաարող են հանցավորությունը բացառող հանագամանքներ հանդիսանալ:
Տուժողի համաձայնությունը: Տուժողի համաձայնության նշանակությունը որոշելիս մասնագիտական գրականության մեջ առաջին հերթին ուշադրությունը կենտրոնացվում է այն բարիքների ու շահերի շրջանակի որոշման անհրաեշտության վրա, որոնք գտնվում են անձի ազատ տնօրինության տակ: Այս իմաստով առաջին պլան են մղվում անձի գույքային իրավունքներն ու շահերը: Օրենքը հանցագործություն չի համարում անձի կողմից իր սեփական գույքի ոչնչացումը, իր առողջությանը վնաս հասցնելը, իրեն կյանքից զրկելը: Սրա հետ կապված հարց է ծագում. կարելի՞ է արդյոք հանցագործություն համարել նշված շահերի ոտնահարումը ոչ թե այն անձի կողմից, որն օժտված է դրանցով, այլ վերջինիս համաձայնությամբ կամ խնդրանքով մեկ ուրիշի կողմից: Չէ որ նման համաձայնությունը սեփական իրավունքի իրականացոման եղանակներից մեկն է:
Այնուամենայնիվ, սեփական իրավունքների և ազատությունների իրականացումը ենթակա է որոշակի սահմանափակումների: Մասնավորապես անձը չի կարող իր իրավունքներն ու ազատությունների իրականացման ընթացքում վնաս հասցնել այլ անձանց, հասարակության, պետության շահերին: Առավել ևս սահմանափակման են ենթակա այն իրավիճակները, երբ անձն իր սեփական իրավունքներն ու ազատություններն իրականացնում է այլ անձի միջոցով` դրանց վնաս հասցնելու եղանակով:
Այսպիսով, վնաս պատճառելու վերաբերյալ տուժողի համաձայնությունը քրեական պատասխանատվությունը բացառում է միայն որոշակի պայմանների առկայության դեպքում.
1) Համաձայնվողն իսկապես պետք է իրավունք ունենա տնօրինելու այն բարիքը կամ իրավունքը, որին նա թույլ է տվել վնաս պատճառել կամ որը նա զիջել է:
2) Համաձայնությունը կարող է տրվել միայն սեփական գույքային և անձնական իրավունքները տնօրինելու շրջանակներում:
3) Տուժողի համաձայնությունը կարող է բացառել քրեական պատասխանատվությունը, եթե տրվել է կամովին:
4) Համաձայնությունը իրական ճանաչելու համարայն պետք է տրված լինի իր գործողությունների բնույթը գիտակցող, այսինքն` մեղսունակ և գործունակ անձի կողմից:
5) Համաձայնությունը պետք է տրվի վնաս պատճառող արարքը կատարելուց առաջ կամ դրա ժամանակ;
6) Համաձայնությունը պետք է լինի կամավոր, այլ ոչ թե հարկադրաբար կամ խաբեության միջոցով ձեռք բերված:
7) Համաձայնությունը պետք է վերաբերի որոշակի ժամանակի, գործունեության և կոնկրետ բարիքի,որը դրա կրողը համաձայնվում է խախտել:
Համաձայնությունը տուժողի կողմից պետք է արտահայտված լինի հստակ, բայց պարտադիր ոչ բառացի ձևով: Երբեմն, ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից , բավարար է նաև լռելյայն համաձայնությունը:
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ-ում էֆթանազիան արգելվում է:
Մասնագիտական պարտականությունների կատարում: Մասնագիտական ֆունկցիաների կամ պարտականությունների կատարումը հաճախ կարող է մարմանվորվել այնպիսի ձևերով, որնք իրենց արտաքին հատկանիշներով այս կամ այն հանցագործություններն են հիշեցնում:
Որպեսզի մասնագիտական գործառույթների իրականացումը բացառի հանցավորությունը, անհրաժեշտ է, որ պահպանվի իրավաչափության հետևյալ պայմանները.
1) Իր մասնագիտական ֆունկցիների կատարման վրա վրա հենվող անձը պետք է օժտված լինի նման պարտականություններ իրականացնելու իրավունքով;
Հիվանդի անձի հետ այս կամ այն ներգործությունն ունենալու հետ կապված բծշկական ֆունկցիաներ կատարելիս սովորաբար պահանջվում է բուժվողի համաձայնությունը: Առանց մարդու կամ նրա օրաիանակ ներկայացուցչի համաձայնության թույլատրվում է իրականացնել բժշկական օգնություն և սպասարկում` մարդու կյանքին սպառնացող վտանգի,, ինչպես նաև շրջապատի համար վտանդ ներկայացնող հիվանդությունների դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով(«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի հոդվածներ5,8,16):
2) Մասնագիտական ֆունկցիաների կատարումը պետք է հանրորեն օգտակար նպատակ հետապնդի:
3) Մասնագիտական ֆունկցիաների իրականացումը պետք է կատարվի տվյալ մասնագիտությանը համապատասխան միջոցներով և որոշակի պայմաններում:
Մասնագիտական ֆունկցիաների իրականացան` որպես արարքի հանցավորությունը բացառող հանգամանքի մասին խոսելիս, ամենից առաջ նկատի է առնվում բուժաակն գործունեությունը:
Սեփական իրավունքի իրականացումը: Իր իրավունքի սահմաններում իրականացվող գործողությունները, որոնք արտաքնապես նմանվում են հանցագործության, բացառուոշակի ժամերի տնից բացակայել և այլնմ են հանցավորությունը: Այս իրավունքները կարող են նախատեսված լինել իրավունքի ցանկացած ճյուղի կողմից(քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային և այլն): Օրիանկ` ծնողական իրավունքների իրականացունը` զուգորդված իր երեխայի նկատմամբ մի քանի հարկադրական միջոցների կիրառմամբ, իրավաչափ վարքագիծը, չնայած դրանք սահմանափակու են երեխայի որոշ ազատությունները(երեխային արգելվում է որոշակի ժամերի տնից բացակայել և այլն):
Երեխայի նկատմամբ մարմանական պատիժներն արգելվում են և դա չի կարող հանցավորությունը բացառող հանգամանք համարվել, քանի որ, ըվյալ դեպքում, նաձը դուրս է գալիս օրենքով վերապահված իր իրավունքների շրջանակից:
Այսպիսով, սեփական իրավունքի իրականացումը հանցավորությունը բացառող հանգամանք կարող է համարվել, եթե.
1) կատարվում է օրենքով սահմանված շրջանակներում և ձևերով
2) հետապմդում է օրինական նպատակներ:
Օրենքի պատվիրանների կատարում: Օրենքի պահանջների կատարման նպատակով իրականացվող գործողությունները, թեկուզ արտաքնապես նման են հանցագործության, բայց բացառում են հանցավորությունը, եթե պահպանվել են հետևյալ պայմանները.
1) անձը պետք է լիզորված լինի արարք կատարելու,
2) արարքը կատարելիս պետք է պահպանվեն դրա համար օրենքով սահամնված ձևերը,
3) գործի հանգամանքներով հիմնավորված պետք է լինեն այլ անձանց իրավունքների խախտումները ու նրանց շահերին վնաս հասցնող գործողությունները:

Եզրակացություն

Ավարտելով աշխատանքս` կփորձեմ համառոտ շարադրել այն, ինչ ցանկացել եմ ներկայացնել և որքանով է ստացվել:
Նախ իմ կողմից ուսումնասիրվող ինստիտուտը ժամանակի ընթացքում առաջադիմական զարգացում է ունեցել, ավելի է կատարելագործվել և հասկացությունն ու էությունը ճշգրտվել է: ՀՀ գործող քրեական օրենսգրքում նախատեսվել է այս ինստիտուտի վերաբերյալ առանձին գլուխ և արարքի հանցավորությունը բացառող հանգամանքների շրջանակն ընդլայնվել է` համալրելով քրեական իրավունքի գիտությանը վաղուց հայտնի հանգամանքներով: Եվ չնայած այս ինստիտուտն ունի դարերի վաղեմություն, բազմաթիվ հարցերի շուրջ դեռևս միասնական մոտեցում չկա: Այս խնդրի լուծման համար աշխատանքս գրելիս օգտվել եմ հայերեն և ռուսալեզու գրականությունից, ուսումնասիրել խոշոր քրեագետ-գիտնականների աշխատությունները, կոնկրետ հարցերի շուրջ բերել եմ նրանց տեսակետներն ու առանձնացրել մեր կողմից առավել ընդունելիները, և դրանց կապակցությամբ աարտահայտել մեր կարծիքը: Պետք է նշել, որ աշխատանքս գրելիս մեծապես օգտվել եմ Մ. Վ. Գրիգորյանի հեղինակած աշխատանքնեերից, քանի որ նա, լինելով միաժամանակ և' պրակտիկ, և' գիտական աշխատող, ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել է այս ինստիտուտը` գիտության և պրակտիկ գործունեության խնդիրները հաշվի առնելով և զուգակցելով, տվել է դրանց գիտագործնական մեկնաբանությունները:
Այս ինստիտուտի բարդությունը կայանում է նրանում, որ նրանում առկա բազմաթիվ հանգամանքներ պայմանավորված են կոնկրետ իրադրությամբ և յուրաքանչյուր առանձին դեպքում կարող են ի հայտ գալ այնպիսի հանգամանքներ, որոնք մինչ այդ հայտնի չեն եղել քրեական իրավունքի գիտությանը և պրակտիկային:
Հետևաբար նախնական քննության և դատական մարմիններից պահանջվում է քրեական իրավունքի և մասնավորապես, քրեական իրավունքի սկզբունքների կատարյալ իմացություն, որն էլ հնարավորություն կտա խուսափելու սխալներից և հետագա հետևանքներից:
Կարևոր է այն դրույթների հստակ սահմանումը և ամրագրումը, որոնք օրենսդիրը նկատի է ունեցել իրավունքի նորմը սահմանելիս:
Մեծապես ուշադրություն եմ դարձրել նաև ԽՍՀՄ Գերագույն դատարանի պլենումի որոշումներին, որոնք չնայած սովետական քրեական իրավունքին են վերաբերում, սակայն շատ դեպքերում արդիականության տեսանկյունից իրենց արժեքը չեն կորցրել նաև այսօր:
Ուսումնասիրել եմ նաև այն իրավական ակտերը, որոնք այս կամ այն չափով պարունակում են արարքի հանցավորությունը բացառող հանգամանքներին վերաբերող կամ առնչվող նորմեր: Սակայն աշխատանքիս հիմքը ՀՀ Սահամանադրությունն է և ՀՀ քր.օր.-ը:

Օգտագործված գրականության ցանկ

Նորմատիվ իրավական ակտեր

1. ՀՀ Սահմանադրություն
2. Կոնվենցիա խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի մասին. ՄԱԿ Գլխավոր Ասամբլեա. 1984.
3. ՀՀ քրեական օրենսգիրք
4. Հայկական ՍՍՀ քրեական օրենսգիրք
5. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք
6. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք
7. ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք
8. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենք
9. «Կրթության մասին» ՀՀ օրենք
10. «Ոստիկանության մասին» ՀՀ օրենք

Մասնագիտական գրականություն

1. Մխիթար Գոշ. Դատաստանագիր». Ե., 2008.
2. Գրիգորյան Մ. Վ., Անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը սովետական քրեական իրավունքում. Ե., 1984.
3. Գրիգորյան Մ. Վ., Անհրաժեշտ պաշտպանությունը քրեական իրավունքում. Ե., 1997.
4. Գրիգորյան Մ. Վ., Ծայրահեղ անհրաժեշտությունը սովետական քրեական իրավունքում. Ե., 1985.
5. Գրիգորյան Մ. Վ., Հանցագործության ուսմունքը քրեական իրավունքում. Ե., 2001.
6. Գրիգորյան Մ. Վ., Հանցակազմի ուսմունքի հիմնական հարցերը. Ե., 1997.
7. Գրիգորյան Մ. Վ., Քրեական իրավունք: Ընդհանուր մաս. Ե., 2007.
8. Գրիգորյան Մ. Վ., Քրեական իրավունք: ՀՀ նոր քրեական օրենսգրքի մի քանի հիմնահարցերի գիտագործնական մեկնաբանություններ. Ե., 1999.
9. Թովմասյան Ա. Թ., Հին և միջնադարյան հայ քրեական իրավունք. Ե.,1962.
10. Թովմասյան Ա. Թ., Քրեական իրավունք: Ընդհանուր մաս. Ե., 1973.
11. Լալայան Կ. Ա., Քրեական իրավունք: Ընդհանուր և հատուկ մասեր. Ե., 2004.
12. ՈւզունյանՄ. Ի.,Անհրաժեշտ պաշտպանության իրավունքը. 1961.
13. Ուզունյան Մ. Ի., Անձի քրեաիրավական պաշտպանությունը. Ե., 1983.
14. ՀՀ քրեական իրավունք: Ընդհանուր մաս. խմբ. Գ. Ս. Ղազինյանի. Ե., 2006.
15. Баулин Ю. В., Основания исключающие преступность деяния. Киев, 1989.
16. Баулин Ю. В., Основания исключающие преступность деяния. 2-е изд., Харков, 1991.
17. Берестовой Н. П., Право граждан на необходимую оборону. Л., 1986.
18. Гельфанд В. И., Куц И. Т., Необходимая оборона по советскому уголовному праву. Киев, 1962.
19. Дурманов Н.Д., Обстаятельство, исключающие опасность и противоправность деяния. М.,1969.
20. Казаченко И. Я., Уголовное право. Общая часть. М., 1997.
21. Кириченко И. П., Основные вопросы учения о необходимой обороне в советском уголовном праве. М., 1948.
22. Комментарий к УК РФ. 2-е изд., М., 2002.
23. Кудрявцев В.Н., Общая теория квалификации преступленией. М., 1972.
24. Паше- Озерский Н.Н., Необходимая оборона и крайная необходимость по советскому уголовному праву. М., 1962.
25. Слуцкий И.И., Обстаятельства, исключающие преступность деяния. Л., 1956.
26. Слуцкий И.И., Необходимая оборона в советском уголовном праве. Л., 1951.
27. Соколов Н.Н., Чупаленков И. Г., На чей староне закон. М., 1981.
28. Тишкевич И. А. Условия и пределы необходимой обороны. М., 1969.
29. Ткаченко В. И., Необходимая оборона по уголовному праву. М., 1979.
28.Шаргородский М. Д., Вопросы общей части уголовного права. Л., 1955.
29. Якубович М. И., Учение о необходимой обороне в советском уголовном праве.
М., 1967.
18
ԴԵկտեմբեր
0
74

Աշխատանքը վաճառվում  է կամ փոխանակվում մեկ այլ աշխատանքով:
Ցանկության դեպքում կարող եք ձեռք բերել շատ մատչելի գնով. պարզապես զանգահարեք՝

բջջ.      093 787 833
            099 420 416


Փոխանակել այս աշխատանքը

Թողել մեկնաբանություն: 0

avatar