ԿԻԲԵՌՆԵՏԻԿԱ
Կիբեռնետիկա (հուն. kybernetike-կառավարման հմտություն) -գիտություն տեխնիկական կառուցվածքներում, կենդանի օրգանիզմներում և մարդկային կազմակերպություններում կառավարման գործընթացների ու համակարգերի ընդհանուր գծերի մասին: Կիբեռնետիկայի սկզբունքներն առաջին անգամ շարադրվել են Վիների աշխատություններում: Կիբեռնետիկա բառն առաջին անգամ օգտագործվել է որպես նավի ղեկավարման արվեստը բնութագրող բառ: Կիբեռնետիկայի ծագումը նախապատրաստվել էր մի շարք տեխնիկական և բնագիտական նվաճումներով, որոնք ձեռք էին բերվել ավտոմատիկ կարգավորման տեսության բնագավառում, ռադիոէլեկտրոնիկայում, որը թույլ տվեց մշակել հետևող և ծրագրային– կառավարվող արագագործ հաշվիչ սարքեր, հավանականությունների տեսության մեջ (ինֆորմացիայի հաղորդման ու վերափոխման պրոբլեմների ուսումնասիրության մեջ նրա կիրառման կապակցությամբ), մաթեմատիկական տրամաբանության և ալգորիթմների տեսության, նյարդային գործունեության ֆիզիոլոգիայի բնագավառներում և հոմեոստազիսի վերաբերյալ աշխատանքներում: Ի տարբերություն այն սարքերից, որոնք փոխակերպում են էներգիան կամ նյութը, կիբերնետիկական համակարգերի համար բնորոշ են ինֆորմացիայի վերամշակման պրոցեսները: Կառավարման համակարգերի ուսումնասիրության մեջ կիբեռնետիկան զուգակցում է մակրոմոտեցումը և միկրոմոտեցումը: Մակրոմոտեցում կիրառվում է այն դեպքում, երբ համակարգի ներքին կառուցվածքը հայտնի չէ և դիտվում է միայն ինֆորմացիայի շարժումը նրա «մուտքի» և «ելքի» մեջ (համակարգին հաղորդվող ինֆորմացիան և համակարգի ռեակցիան): Այդ եղանակով բացահայտվում են ինֆորմացիայի հիմնական հոսքերը և կառավարման համակարգի վերջնական ֆունկցիաները: Խնդիրների այդ տիպը ստացել է «սև արկղի» պրոբլեմներ անվանումը: Միկրոմոտեցումը ենթադրում է որոշակի իմացություն կառավարման համակարգի ներքին կառուցվածքի վերաբերյալ և կապված է նրա հիմնական տարրերի, դրանց փոխադարձ կապի, դրանց աշխատանքի ալգորիթմների բացահայտման հետ և այդ տարրերից կառավարման համակարգեր սինթեզելու հնարավորության հետ:
Կիբերնետիկայի կենտրոնական խնդիրներից մեկը ինքնակազմակերպող (ինքնահարմարեցնող) համակարգերի կառուցվածքի հարցն է: Այսպես են կոչվում կառավարման այն բարդ համակարգերը, որոնք սովորաբար բաղկացած են լինում փոխազդեցության մեջ գտնվող ենթահամակարգերի հիերարխիայից, որոնք ընդունակ են կայուն կերպով պահպանելու կամ ձեռք բերելու որոշակի վիճակներ (կամ իրենց վիճակների բնութագրիչներ) այդ վիճակները խախտող կամ դրանք ձեռք բերելուն խանգարող արտաքին գործոնների ազդեցության պայմաններում: Առավել կատարյալ ինքնակազմակերպող համակարգերը ձևավորվել են կենդանի բնության մեջ էվոլյուցիոն գործընթացով: Այդ պատճառով էլ կիբեռնետիկան օգտագործում է կենդանի օրգանիզմներում և տեխնիկական կառուցվածքներում առկա կառավարման ֆունկցիաների անալոգիան: Կիբերնետիկայի նշանակությունը ներկայումս պարզ է դառնում ամենից առաջ այն հնարավորությւնների լույսի տակ, որոնք նա բացում է արտադրության և մարդու ձևականացնելի մտավոր աշխատանքի բոլոր տեսակների ավտոմատացման համար, մոդելավորման մեթոդով կառավարման ու կարգավորման բիոլոգիական համակարգերի (հորմոնալ, նյարդային համակարգերի, ժառանգականության մեխանիզմի) հետազոտության համար, նոր տիպի բժշկական և այլ սարքավորումների ստեղծման համար: Հեռանկարային է նաև կիբեռնետիկայի մեթոդների կիրառումը տնտեսության և մարդկային կազմակերպված գործունեության մյուս բնագավառների հետազոտության մեջ:
Ամենատարբեր բնույթի օբյեկտների այդպիսի լայն ընդգրկումը կիբեռնետիկայի մեթոդներով սուբյեկտիվիստական կամայականության արդյունք չէ, այլ ունի օբյեկտիվ հիմք հանձին կենդանի օրգանիզմների և արհեստական սարքավորումների ֆունկցիաների ու կառուցվածքների մի որոշ ընդհանրության, որոնք ենթարկվում են մաթեմատիկական նկարագրության ու հետազոտության: Այդ առումով լինելով սինթետիկ դիսցիպլին` կիբերնետիկան գիտությունների նոր տիպի համագործակցության մի օրինակ է և առատ նյութ է տալիս մատերիայի շարժման ձևերի վերաբերյալ փիլիսոփայական ուսմունքի, արտացոլման տեսության և գիտությունների դասակարգման համար: Կիբերնետիկայի զարգացումն առաջ բերեց մի ամբողջ շարք ընդհանուր մեթոդաբանական խնդիրների քննարկում, ինչպես` մարդու մտածողության և կիբերնետիկական մեքենաների գործողությունների հարաբերակցության, ինֆորմացիայի էության և էնտրոպիայի ֆիզիկական հասկացության հետ նրա կապի հարցերը, այն բանի էության հարցը, ինչ անվանում են կազմակերպված, նպատակահարմար, կենդանի և այլ անկասկած փիլիսոփայական բնույթի խնդիրներ: Այդ խնդիրների շուրջ պայքար է ծավալվել դիալեկտիկական մատերիալիզմի և իդեալիզմի միջև: Այսպես, իդեալիստական փիլիսոփայությունը, մերժելով հոգեկան գործունեության հետազոտության օբյեկտիվ մեթոդների հնարավորությունը, հանդես է գալիս կիբերնետիկայի այն արդյունքների դեմ, որոնք նպաստում են այդ գործունեության որոշ էական գծերի ու մեխանիզմների բացահայտմանը: Ընդգծելով կիբերնետիկական անալոգիաների օբյեկտիվ հիմնավորվածությունը` դիալեկտիկական մատերիալիզմը դրա հետ մեկտեղ պնդում է, որ սխալ է մարդու և մեքենայի, մարդկային գիտակցության և կիբեռնետիկական համակարգերի ֆունկցիաների նույնացումը:
Աշխատանքը վաճառվում է կամ փոխանակվում մեկ այլ աշխատանքով:
Ցանկության դեպքում կարող եք ձեռք բերել շատ մատչելի գնով. պարզապես զանգահարեք՝
բջջ. 093 787 833
099 420 416
Թողել մեկնաբանություն: 0