• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ-ՂԱՐԱԲԱՂԻ ԱՐԾԻՎԸ (պատմավեպ)

  • Ներբեռնումներ: 30
  • Դիտումներ: 852
  • Հայ և արտասահմանյան Գրականություն
  • 02/Նոյեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ Վազգեն ՕՎՅԱՆԸ ծնվել է 1932 թ. հունվարի 6-ին Ստեփանակերտի շրջանի (այժմ՝ Ասկերանի շրջան) Դաշուշեն գյուղում: 1960 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ է: 1961-1985-թթ. աշխատել է ռադիոհաղորդումների մարզային կոմիտեում՝ որպես գրական-երաժշտական բաժնի ավագ խմբագիր: Երկուսուկես տասնամյակի ընթացքում նրա ջանքերով մարզային ռադիոյում ստեղծվել էր հայկական երաժշտական ու գրական հաղորդումների հարուստ ֆոնդ, որը, ցավոք, հրկիզվել է Ստեփանակերտի հրետակոծության ժամանակ: Այդ տարիներին տեղական ռադիոն իր հայեցի հաղորդումներով, հայկական երգ-երաժշտության պրոպագանդմամբ անկասկած մեծ դեր է ունեցել ժողովրդի ոգին ամուր պահելու եւ, ընդհանրապես, Արցախը հայեցի պահելու գործում: Վ. Օվյանի առաջին բանաստեղծությունը տպագրվել է «Սովետական Ղարաբաղ» թերթում՝ 1948 թ.: 1961 թ. լույս է տեսել գրողի անդրանիկ գիրքը: Այնուհետեւ պարբերաբար տպագրվել են «Լեռների լեգենդը», «Շաղասար», «Խանքենդի», «Երգը մնաց լեռներում», «Տոհմածառ», «Մեղրի ժամանակը» գրքերը: Վազգեն Օվյանի լավագույն ստեղծագործությունները, այդ թվում նրանք, որոնք բացահայտ ուղղված էին խորհրդային մեծ ու փոքր նազարների՝ Բրեժնեւի, Ալիեւի, Կեւորկովի դեմ («Նազարնամե», «Հեքիաթ փառամոլ էշի մասին», «Հեքիաթ Մեծ գայլի, շնագայլի եւ այլոց մասին», «Հայրենադավը», «Հուդային», «Բասարական», «Զեւս, խելոք կաց», «Հիմա է՞լ լռենք», «Դլե յաման», «Ղարաբաղ եմ ասում...», «Դու հպարտ չես, իմ Ղարաբաղ», «Կկորչեն հավետ եւ փառք, եւ անուն», «Իմ Ղարաբաղը տեսե՞լ ես, ասա» եւ այլն), արտացոլում էին կուռքերի, վերջը չերեւացող ժողովների ու ծափերի վրա հիմնված խորհրդային իրականության զավեշտաողբերգական դեմքը («Այս շքերթներից հոգնել եմ արդեն», «Կրկես», «Տրիոլետներ», «Ութնյակներ» եւ այլն), բնականաբար, չէին կարող տպագրվել այն տարիներին եւ մնացել էին անտիպ: Հետմահու լույս են տեսել «Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց», «Ղարաբաղի արծիվը», «Այս Ղարաբաղն է», «Լեռների լեգենդը», «Ավելի շատ լույս», «Կապույտ տարիներ» գրքերը, որոնցում հիմնականում տեղ են գտել գրողի անտիպ ստեղծագործությունները: Վազգեն Օվյանն Արցախի առաջին դրամատուրգն էր: Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը 1969-ին բեմադրել է նրա «Մեծ Լոռեցին» պիեսը, որը Հայաստանում Հովհ. Թումանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի: Այդ ներկայացումն ու 1980-ին բեմադրված «Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց» քնարական դրաման լայն ընդունելություն են գտել հանդիսատեսների շրջանում, բեմադրվել են 100-ից ավելի անգամ՝ միշտ ուղեկցվելով լեփ-լեցուն դահլիճով:Վ. Օվյանը վախճանվել է 1987 թ. փետրվարի 23-ին: Հետմահու պարգեւատրվել է ՀՂՀ բարձրագույն պարգեւով՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar