Երևանի պետական համալսարան
Հապավում ԵՊՀ
Տեսակ համալսարան
Միջազգային անվանում Yerevan State University
Հիմնադրված է մայիսի 16, 1919[1]
Ռեկտոր Արամ Սիմոնյան
Ուսանողներ 20.000
Ակադեմիկոսներ 39
Պրոֆեսորներ 215
Դոցենտներ 546
Ասիստենտներ 424
Դասախոսներ 489
Գույներ կապույտ և սպիտակ
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Տեղագրություն Երևան
Հասցե Հայաստան, 0025, ք. Երևան, Ալեք Մանուկյան փողոց 1
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայք ysu.am
Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), բարձրագույն ուսումնական հաստատություն, Հայաստանի ամենամեծ բուհն է։
1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը ընդունել է Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում։ 1920 թ․ հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվել է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ՝ բազմաթիվ հյուրեր արտասահմանից։ Համալսարանում դասերի մեկնարկը տրվել է նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի՝ 1920 թվականի փետրվարի 1-ին կարդացած դասախոսությամբ։ Համալսարանի հիմնադիրներից էր նաև Սիրական Տիգրանյանը։
Առաջին ուսումնական տարում համալսարանն ունեցել է մեկ՝ պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս։ Համալսարանի առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի ջանքերի շնորհիվ, հիմնադրման առաջին իսկ տարում համալսարանում դասախոսելու են հրավիրվել արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին՝ Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Աշխարհբեկ Քալանթարը, Ստեփան Մալխասյանցը և ուրիշներ։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, ՀԽՍՀ առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի «Երևանի համալսարանի վերակազմության մասին» հրամանով, 1920 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի համալսարանը վերանվանվել է Երևանի ժողովրդական համալսարան։ Երևանում վերաբացված կրթօջախի ռեկտոր է ընտրվել հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը[2]։
1920-ական թվականներին համալսարանը գործել է Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի՝ սև տուֆով կառուցված երկհարկանի շենքի առաջին հարկում։ Ժողովրդական համալսարանում գործել է ընդամենը երկու ֆակուլտետ՝ հասարակագիտական և բնագիտական։ Իսկ արդեն 1921 թվականի հոկտեմբերից համալսարանն ունեցել է հինգ ֆակուլտետ՝ բնագիտական, արևելագիտական, տեխնիկական, մանկավարժական և խորհրդային շինարարության։ Այնուհետև բնագիտական ֆակուլտետը վերաձևավորվել է գյուղատնտեսականի, իսկ 1922 թվականի մարտին բացվել է բժշկական ֆակուլտետը։
Կառավարության 1923 թվականի հոկտեմբերի 20-ի որոշման համաձայն՝ ժողհամալսարանը վերանվանվել է «Պետական համալսարան»։ Ըստ այդմ՝ բարձրացվել է «մայր» բուհի կարգավիճակն ու պատասխանատվությունը, ինչպես նաև խստացվել են կրթօջախին ներկայացված պահանջները։ Համալսարանի ղեկավարությունը հատուկ ընտրությամբ աշխատանքի է հրավիրել արտասահմանյան բուհեր ավարտած և մի քանի օտար լեզուների տիրապետող, մանկավարժական հարուստ փորձ ունեցող գիտնականների։
1933-1934 ուսումնական տարում համալսարանում գործում են տնտեսագիտական, բնապատմական, պատմալեզվագրական, ֆիզիկամաթեմատիկական և մանկավարժական ֆակուլտետներ։
1934 թվականին մանկավարժական ֆակուլտետն առանձնացվել է և նրա հիմքի վրա կազմավորվել է մանկավարժական ինստիտուտը (այժմ՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան)։ Նույն ուստարում բնագիտական ֆակուլտետը բաժանվել է երկու՝ կենսաբանական և քիմիական ֆակուլտետների։
ԽՍՀՄ փոստային նամականիշ, 1970 թվականին Երևանի պետական համալսարանը 50 տարեկան է
Այսպիսով, 1935-1936 ուստարվանից համալսարանում ձևավորվել և սկսել են գործել ութ ֆակուլտետներ՝ պատմության, բանասիրական, իրավաբանական, երկրաբանա-աշխարհագրական, քիմիական, ֆիզիկամաթեմատիկական, կենսաբանական։ 1945 թվականին բացվել և մինչև 1953 թվականը գործել է նաև միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 1957 թվականին Պետական համալսարանին որպես առանձին ֆակուլտետ միացվել է Ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը, որը 1961 թվականին կրկին առանձնացել է։ 1959 թվականին ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետից անջատվել և ինքնուրույն միավոր է դարձել ֆիզիկայի ֆակուլտետը, որից էլ 1975 թվականին առանձնանցել է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը։ Հատկապես 1960-1990-ական թվականները համալսարանի համար դարձել են աննախադեպ զարգացման տարիներ. կազմավորվել են նոր ֆակուլտետներ, ստեղծվել են գիտական նոր լաբորատորիաներ, հիմնվել է հայագիտական կենտրոն։ Զգալիորեն աշխուժացել է հրատարակչական գործը. ուսումնական դասագրքերից ու ձեռնարկներից բացի, հրատարակվել են նաև դասախոսների գիտական աշխատություններ, գիտական ամսագրեր, բազմաբնույթ ժողովածուներ և այլն։
1991 թվականին Երևանի պետական համալսարանն արդեն ունեցել է 17 ֆակուլտետ, որոնցում կադրեր են պատրաստվել 32 մասնագիտությունների գծով։
1994 թվականին հիմնադրվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը։ Մասնաճյուղն ունի 4 ֆակուլտետ, որտեղ սովորում են շուրջ 1400 ուսանողներ։
1995-1996 ուսումնական տարին Երևանի պետական համալսարանի համար նշանավորվել է նոր ուսումնական գործընթացի սկզբնավորմամբ։ Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան նոր և որակյալ կրթակարգ ունենալու նպատակով ԵՊՀ-ն, ինչպես նաև հայաստանյան մի շարք բուհեր, անցան երկաստիճան կրթական համակարգի։ 1990-ականների կեսերից մինչ օրս հետևողական աշխատանք է տարվում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի չափորոշիչների, ուսումնական գործընթացի բարելավման հետ կապված չափանիշների և կանոնակարգերի մշակման ու ներդրման ուղղությամբ։ Ուսումնառության գործընթացն առավել ճկուն դարձնելու համար մշակվել և կիրառվում է գիտելիքների գնահատման կանոնակարգ, որը նախատեսում է մասնագիտական առարկաներից ընթացիկ քննությունների հանձնում։
ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ փոփոխվեց Երևանի պետական համալսարանի կազմակերպա-իրավական կարգավիճակը՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունից դառնալով հիմնադրամ[3]:
Համալսարանում գործում է նաև կրթական երրորդ աստիճանը, որի ծրագրով իրագործվում է հետդիպլոմային պատրաստություն՝ ասպիրանտական եռամյա կրթություն։ Ուսումնառությունն ավարտվում է ասպիրանտի կողմից ատենախոսության պաշտպանությամբ և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի շնորհմամբ։ Համալսարանում գործում են ատենախոսության պաշտպանության մասնագիտական 11 խորհուրդներ։ Մինչ օրս ԵՊՀ-ն տվել է 100 հազարից ավելի շրջանավարտ։ Համալսարանում այսօր գործող 19 ֆակուլտետներում մասնագիտանում են շուրջ 20 հազար ուսանողներ։ Բուհի ավելի քան 1600 պրոֆեսորադասախոսական կազմից շուրջ 215-ը պրոֆեսորներ են, 546-ը՝ դոցենտներ, 424-ը՝ ասիստենտներ, 489-ը՝ դասախոսներ։ Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ 39 ակադեմիկոսներ և 25 թղթակից անդամներ։ Բարձր որակավորում ունեցող գիտնականների շնորհիվ բուհում իրականացվում են ժամանակակից գիտության տարբեր ոլորտներին առնչվող հիմնարար և կիրառական կարևորագույն հետազոտություններ։ Ինչ վերաբերում է ուսումնագիտական աշխատանքներին, ապա դրանք կազմակերպվում են ավելի քան 100 ամբիոններում, որոնք համալրված են նորագույն տեխնիկայով և սարքավորումներով։
2006 թվականից ԵՊՀ ռեկտորն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը։
Երևանի պետական համալսարանի զինանշանի կենտրոնում պատկերված է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի ուրվանկարը, վերևում Արարատ լեռն է, ներքևում՝ բացված գիրք, իսկ ձախ կողմի ջահը խորհրդանշում է գիտությունը։ ԵՊՀ զինանշանը շրջանաձև երիզում է եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) «Երևանի պետական համալսարան, 1919» գրվածքը։ Այն ոսկեգույն է։
ԵՊՀ հիմներգը ստեղծվել է 2004 թ. մայիսին։ ԵՊՀ հիմներգի հեղինակներն են Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը և բանաստեղծ Հովիկ Հովեյանը։
ԵՊՀ դրոշը կապույտ է, եզրերը ոսկեգույն ծոփքերով են, կենտրոնում ԵՊՀ ոսկեգույն զինանշանն է։ Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունը 1։2 է։
Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) ԵՊՀ ուսանողներին և ասպիրանտներին միավորող կառույց է։ Նրա նպատակն է նպաստել ուսանողության գիտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը։ Այդ նպատակով ՈՒԳԸ-ն կազմակերպում է գիտաժողովներ, սեմինարներ ու դասախոսություններ, հրատարակում երիտասարդ գիտնականների և ուսանողների գիտական հոդվածները։
ՈՒԳԸ աշխատանքները կանոնակարգվում են ԵՊՀ կանոնադրության պահանջներին համապատասխան։ ԵՊՀ ՈՒԳԸ աշխատանքների հիմնարար փաստաթուղթը ՈՒԳԸ կանոնադրությունն է[4], որը հաստատվել է ԵՊՀ գիտական խորհրդի կողմից 2001 թվականին։ Ընթացիկ աշխատանքները կանոնակարգող փաստաթուղթը ՈՒԳԸ աշխատակարգն է, որի՝ ներկայումս գործող տարբերակը հաստատվել է 2013 թվականին։
Դեռևս 1920-1930-ական թվականներին ԵՊՀ տարբեր ամբիոններում սկսել են ակտիվ գործունեություն ծավալել ամբիոնային ուսանողական գիտական խմբակներ։ 1947 թվականի սեպտեմբերին հրավիրվել է այդ խմբակների անդամների ընդհանուր ժողով, և որոշվել է ստեղծել համահամալսարանական ՈՒԳԸ։ ԵՊՀ ՈՒԳԸ առաջին նախագահն է դարձել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժնի ուսանող, այժմ փիլ. գիտ. դոկտոր, պրոֆ. Յակով Խաչիկյանը։ ՈՒԳԸ ղեկավար մարմինը կոչվել է կենտրոնական խորհուրդ։ Յուրաքանչյուր ուսումնական տարում կազմակերպվել են մի քանի գիտաժողովներ, գիտահետազոտական աշխատանքներ են տարվել մշտապես գործող խմբակներում և ուսանողական լաբորատորիաներում, հրատարակվել են գիտական հոդվածներ։ 1970-ական թվականներին յուրաքանչյուր ուսումնական տարվա կտրվածքով ՈՒԳԸ անդամների թիվը կազմել է առնվազն 800-1000, գիտական զեկուցումների թիվը՝ առնվազն 600-700, և եղել է ՈՒԳԸ ծրագրերի զգալի ֆինանսավորում։
1991 թ. ՈՒԳԸ աշխատանքները սառեցվել են, սակայն 1996 թ. մայիսի 25-ին այն վերահիմնադրվել է. ընդունվել է նոր կանոնադրություն, ընտրվել է ՈՒԳԸ ղեկավար նոր մարմին՝ գիտական խորհուրդ։ Վերակազմյալ ՈՒԳԸ նախագահ է ընտրվել ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտ, այժմ քաղ. գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Ալեքսանյանը։ Վերսկսվել է գիտաժողովների և դրանց լավագույն աշխատանքների հրատարակման կազմակերպումը։ Այդ աշխատանքները շարունակվել են հաջողությամբ համակարգվել նաև հաջորդող տարիներին ՈՒԳԸ նախագահներ Ռուբեն Մարկոսյանի, Եզնիկ Միրզոյանի և Կառլեն Խաչատրյանի կողմից։
2011 թ. դեկտեմբերից ԵՊՀ ՈՒԳԸ նախագահն է հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ Միքայել Մալխասյանը։ Ներկայումս յուրաքանչյուր ուսումնական տարում կազմակերպվում է շուրջ 50 միջազգային, հանրապետական, համահամալսարանական և ֆակուլտետային գիտաժողով, որոնց ընթացքում ներկայացվում է մինչև 1000 գիտական զեկուցում։ 2011 թ. դեկտեմբերից մինչև 2013 թ. դեկտեմբերը ԵՊՀ 19 ֆակուլտետներում և Իջևանի մասնաճյուղում ՈՒԳԸ շրջանակներում կազմակերպվել է ավելի քան 1000 միջոցառում, հրատարակվել է ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի պահանջներին համապատասխանող գիտական հոդվածների 12 և թեզիսների 3 ժողովածու, 4 մենագրություն, ավելի քան 500 գիտական հոդված, շուրջ 100 թեզիս։ ՈՒԳԸ կառուցվածքային ստորաբաժանումներին անդամակցում է շուրջ 400 ուսանող և ասպիրանտ։
ԵՊՀ ՈՒԳԸ 67-ամյա պատմության ընթացքում ՈՒԳԸ անդամ է եղել ավելի քան 6500 ուսանող և ասպիրանտ, իսկ եթե հաշվի առնենք, որ ԵՊՀ ուսանողական գիտական առաջին խմբակը ստեղծվել է 1922 թ., ապա ՈՒԳԸ բովով անցած համալսարանականների թիվը շատ ավելի մեծ է։ ՈՒԳԸ նախկին անդամներից և ղեկավար կազմի ներկայացուցիչներից շատերը ներկայումս ԵՊՀ ֆակուլտետների դեկաններ և դասախոսներ են։
ԵՊՀ ՈՒԳԸ ղեկավար մարմինը ՈՒԳԸ գիտական խորհուրդն է, որի ի պաշտոնե անդամներն են ԵՊՀ ՈՒԳԸ նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը և ֆակուլտետային ՈՒԳԸ-ների նախագահները։ ՈՒԳԸ գիտական խորհրդի նախագահը ՈՒԳԸ նախագահն է, ով ընտրվում է ԵՊՀ գիտական խորհրդի կողմից։ Ներկայումս ՈՒԳԸ նախագահը Հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ Միքայել Մալխասյանն է։ Նախագահի տեղակալը և քարտուղարը նշանակվում են ԵՊՀ ռեկտորատի կողմից՝ ՈՒԳԸ նախագահի ներկայացմամբ։ Նախագահի տեղակալն է Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի մագիստրանտ Մհեր Հակոբյանը, իսկ քարտուղարը՝ Հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ Տիգրան Ղանալանյանը։
ԵՊՀ ՈՒԳԸ կառուցվածքային օղակ է հանդիսանում ՈՒԳԸ աշխատակազմը, որի հիմնական գործառույթն է հանդիսանում ՈՒԳԸ համահամալսարանական ընթացիկ աշխատանքների և միջոցառումների կազմակերպումը։ Աշխատակազմի անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր ուսանող՝ սկսած 1-ին կուրսից։ Աշխատակազմի ղեկավարը նշանակվում է ՈՒԳԸ նախագահի կողմից։
ՈՒԳԸ կառուցվածքային ստորաբաժանումներ են նաև հանձնաժողովները։ Այժմ գործում է ՈՒԳԸ մշտական երկու հանձնաժողով՝ արտաքին կապերի և տեղեկատվական։ Հանձնաժողովների անդամ կարող է դառնալ համապատասխան գործառույթներով հետաքրքրված յուրաքանչյուր ուսանող՝ սկսած 1-ին կուրսից։
ԵՊՀ ՈՒԳԸ տեղեկատվական հանձնաժողովն ստեղծվել է ՈՒԳԸ Գիտական խորհրդի 2009 թ. մարտի 6-ի նիստի որոշմամբ։ Նպատակ ունենալով Մայր բուհի ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների և բոլոր երիտասարդ հետազոտողների համար ավելի ճանաչելի դարձնել ՈՒԳԸ աշխատանքները՝ այն պատասխանատու է ՈՒԳԸ գործունեության լուսաբանման, միջոցառումների մասին հայտարարությունների և տեղեկատվական հաղորդագրությունների ստեղծման ու տարածման համար։ Նրա գործառույթների մեջ է մտնում նաև ՈՒԳԸ պաշտոնական կայքում մշտապես տեղեկատվական և գիտաօժանդակ նյութերի թարմացումներ կատարելը։
Տեղեկատվական հանձնաժողովի ղեկավարը 2012 թ. նոյեմբերից ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրանտ Հարություն Ծատրյանն է, ով հանձնաժողովի անդամ է 2009 թ-ից։
Հանձնաժողովների անդամ կարող է դառնալ համապատասխան գործառույթներով հետաքրքրված յուրաքանչյուր ուսանող՝ սկսած 1-ին կուրսից։ Բացի սեփական նախաձեռնությամբ անդամագրված ուսանողներից՝ կազմը կարող է համալրվել նաև ֆակուլտետային ՈՒԳԸ-ներից անդամներ ներգրավելու միջոցով։ ԵՊՀ յուրաքանչյուր ֆակուլտետ ՈՒԳԸ տեղեկատվական հանձնաժողովում այսօր ունի առնվազն 1 անդամ։
Տեղեկատվական հանձնաժողովում ներկայումս հատկապես մեծ թիվ են կազմում Ժուռնալիստիկայի, Ռոմանագերմանական բանասիրության, Հայ բանասիրության և Ռուս բանասիրության ֆակուլտետների ներկայացուցիչները՝ նպաստելով ՈՒԳԸ տեղեկատվական հանձնաժողովի կանոնավոր աշխատանքին։
Վերջին տարիներին ՈՒԳԸ տեղեկատվական հանձնաժողովը ոչ միայն Մայր բուհի ՈՒԳԸ-ի գործունեությունն է ակտիվորեն լուսաբանել, այլև կազմակերպել է հանձնաժողովի գործառույթներին սերտորեն առնչվող մի քանի միջոցառումներ՝ ինտելեկտուալ խաղեր, ուսանողական ասուլիսներ, լրագրողական վարպետության դասեր և այլն։
ԵՊՀ ՈՒԳԸ արտաքին կապերի հանձնաժողովը ստեղծվել է ՈՒԳԸ Գիտական խորհրդի 2009 թ. մարտի 6-ի նիստի որոշմամբ։ Նպատակ ունենալով կապեր հաստատել ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան համալսարանների հետ, դյուրացնել նրանց հետ համագործակցությունը Մայր բուհի ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների և բոլոր երիտասարդ հետազոտողների համար՝ այն պատասխանատու է ՈՒԳԸ գործունեության և անցկացվելիք միջոցառումների մասին այլ բուհերի ուսանողական կառույցներին տեղեկացնելու և ներգրավելու համար։ Հանձնաժողովում աշխատանքային բաժանումն իրականացվում է տարածաշրջանային խմբերի տեսքով. յուրաքանչյուր անդամ պատասխանատու է տեղեկություններ հավաքել իրեն հանձնարարված տարածաշրջանի համալսարանների ուսանողական կառույցների վերաբերյալ և կապ հաստատել նրանց հետ՝ հետագա համագործակցության ակնկալիքով։
Արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավարը 2014 թ. դեկտեմբերից ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Գրիգոր Բաղդասարյանն է։
Հանձնաժողովների անդամ կարող է դառնալ համապատասխան գործառույթներով հետաքրքրված յուրաքանչյուր ուսանող՝ սկսած 1-ին կուրսից։ Բացի սեփական նախաձեռնությամբ անդամագրված ուսանողներից՝ կազմը կարող է համալրվել նաև ֆակուլտետային ՈՒԳԸ-ներից անդամներ ներգրավելու միջոցով։
ԵՊՀ ՈՒԳԸ կառուցվածքային սկզբնական օղակները, ըստ ՈՒԳԸ կանոնադրության, ֆակուլտետների ՈՒԳԸ-ներն են։ Ֆակուլտետային ՈՒԳԸ անդամ կարող են դառնալ բակալավրիատի՝ առկա ուսուցմամբ առնվազն 2-րդ կուրսի ուսանողները, ինչպես նաև մագիստրանտները և ասպիրանտները, որոնք ՈՒԳԸ կազմում ընդգրկվում են համապատասխան ամբիոնի վարիչի երաշխավորագրով։ Երաշխավորության համար կարող է դիմել ուսանողը ինքը, իսկ ամբիոնի վարիչը կարող է ՈՒԳԸ անդամ ներկայացնել նաև իր հայեցողությամբ։ ՈՒԳԸ օրինակելի անդամը պետք է ունենա բարձր առաջադիմություն, գիտահետազոտական աշխատանքի և կազմակերպչական հմտություններ, վայելի համակուրսեցիների և պրոֆեսորադասախոսական կազմի համակրանքը։ Ֆակուլտետային ՈՒԳԸ անդամներն իրենց կազմից ընտրում են ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ և քարտուղար, որոնք այնուհետև պետք է հաստատվեն ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից։
Комментарии к записи: 0