• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Երևանի Պետական Համալսարան, Իջևանի մասնաճյուղ

Երևանի Պետական Համալսարան, Իջևանի մասնաճյուղ

Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան տարածաշրջանում կրթական և մշակութային խնդիրների լուծման գործում մեծ տեղ ու դեր ունի Երևանի պետական համալսարանի միակ` Իջևանի մասնաճյուղը: ԵՊՀ-ի ուսումնական ծրագրերով, հիմնականում մայր ԲՈՒՀ-ից գործուղված պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուժերով և Բոլոնիայի գործընթացով ուսումնառություն իրականացնող մասնաճյուղը պատասխանատվության բարձր զգացումով և պատշաճ մակարդակով է իրականացնում իր կրթական-դաստիարակչական առաքելությունը, մարզի բնակչության համար այնքան երազած, կարևոր ու այնքան անհրաժեշտ կրթօջախի հիմնախնդիրները:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հիմնադրվել է 1994թ.` Իջևանի տարածաշրջանային քոլեջի բազայի վրա:
Ելնելով բարձրագույն կրթության զարգացման հեռանկարներից և ՀՀ հյուսիսարևելյան շրջանների կադրային պահանջներից, հաշվի առնելով ժողպատգամավորների Իջևանի շրջանային խորհրդի խնդրանքը (նախագահ Ջ.Գ.Անանյան)` ՀՀ բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի կոլեգիան 1991թ. հոկտեմբերի 10-ին որոշում է Իջևանում ստեղծել տարածաշրջանային բազմաճյուղ քոլեջ:

Տնօրեն է հաստատվում ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Սուրենի Կարայանը: Ճշտվում են կրթօջախի կարգավիճակն ու կառուցվածքը:

1991թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ ԲԿԳ պետական կոմիտեի կոլեգիան որոշում է կայացնում հաստատության գործունեությունը ծավալել հետևյալ ֆակուլտետներով`

բնական գիտությունների ֆակուլտետ
տնտեսագիտության ֆակուլտետ
հումանիտար գիտությունների և կիրառական արվեստի ֆակուլտետ
Հաստատության կանոնադրությամբ, որը ՀՀ ԲԿԳ կոմիտեն հաստատեց 1991-ի նոյեմբերի 11-ին, սահմանված էր, որ Իջևանի տարածաշրջանային քոլեջը «բարձրագույն ուսումնական և գիտական պետական հաստատություն է, որը ՀՀ հյուսիսարևելյան շրջանի մայր ԲՈՒՀ-ն է և իրականացնում է կրթության շարունակականության և ուսուցման ձևերի այլընտրական սկզբունքները գլխավորապես բարձրագույն կրթության քառաստիճան համակարգի երկրորդ աստիճանին համապատասխան»: Նորաստեղծ կրթօջախը ներառում էր հիմնականում պետբյուջետային հիմունքներով գործող բաժիններ, սակայն ժամանակի ոգուն համապատասխան արտոնված էր նաև տնտհաշվարկի և ինքնաֆինանսավորման սկզբունքներով իրագործելու օժանդակ գործունեություն` կրթության ու գիտության ասպարեզներում:

Ըստ ժամանակավոր կանոնադրության` քոլեջը կոչված էր ՀՀ հյուսիսարևելյան շրջաններում բարձրացնել գիտամշակութային, քաղաքական և տնտեսական մակարդակը` այնտեղ ստեղծելով արդիական կայուն և բարձրակարգ գիտամշակութային մթնոլորտ, մտավորականության տեղական դպրոց, կասեցնել սահմանամերձ շրջաններից երիտասարդության արտահոսքը, պատրաստել խոր գիտելիքներով և բազմակողմանի ունակություններով օժտված, ազգային և համամարդկային մշակույթի ավանդներին նվիրված մասնագետներ, նպաստել առավել աչքի ընկնող ուսանողների ուսման շարունակմանը` բարձրագույն կրթության համակարգի հետագա աստիճաններում:

1991թ. դեկտեմբերի 9-ին արձակվում են ուսումնական գործին վերաբերվող անդրանիկ հրամանները: Նույն օրն էլ տնօրեն Հ.Կարայանի ողջույնի խոսքով տեղի է ունենում կրթօջախի առաջին զանգի հանդիսավոր արարողությունը:

Ուսումնական գործընթացը կազմակերպելու համար Իջևանի տարածաշրջանային քոլեջի պրոֆեսորադասախոսական հիմնական կազմը հրավիրվում է մայրա-քաղաքից: Նրանց թվում էին ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիգոր Ավագյանը, գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Վալերի Տեր-Անտոնյանը, Ռոլանդ Ավագյանը, Մարտին Աբրահամյանը, Իշխան Խաչատրյանը, Վիդոկ Մուսոյանը, Յուրի Մովսիսյանը, Արտաշես Պապոյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Միքայել Հովսեփյանը, Վլադիմիր Աբրահամյանը, նաև գիտությունների տասնյակ թեկնածուներ:

ՀՀ կառավարության 1992թ. հունվարի 11-ի որոշմամբ նոր կրթօջախը պիտի ունենար չորս ֆակուլտետ`

բնական գիտությունների ֆակուլտետ
տնտեսագիտության ֆակուլտետ
հումանիտար գիտությունների ֆակուլտետ
կիրառական արվեստի ֆակուլտետ
Գիտական խորհրդի որոշմամբ ֆակուլտետների կազմում ձևավորվեցին մասնագիտական ամբիոններ: Ամբիոնների քանակը և անվանումները ժամանակի ընթացքում փոփոխվել են որևէ այլ մասնագիտության կադրերի պատրաստումը սկսելու կամ դադարեցնելու հիմնավորումով:

Քոլեջի կանոնադրությանը համապատասխան` գործում էր ուսումնառության երկաստիճան համակարգ: Այսինքն` «լավ» և «գերազանց» գնահատականներ ստացած ուսանողները 3-րդ կուրսից կարող էին շարունակել մասնագիտական կրթությունը բուհական ծրագրերով և ստանալ բակալավրի դիպլոմ: Ցածր առաջադիմությամբ սովորող ուսանողները, 3-րդ կուրսում ստանալով ամփոփիչ մասնագիտական կրթություն և ավարտելով եռամյա դասընթացները, ստանում էին դիպլոմ` կրտսեր մասնագետի որակավորմամբ:

Երևանի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Ռ.Մարտիրոսյանի համաձայնությամբ տնօրեն Հ.Կարայանը 1994 թվականի ապրիլի 14-ին գրությամբ դիմում է ՀՀ ԲԿ նախարար Վարդգես Գնունուն.

«Ելնելով հանրապետությունում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից, որն իր ազդեցությունն է թողնում կրթօջախի գործունեության վրա, Իջևանի տարածաշրջանային քոլեջի կոլեկտիվը խնդրում է ԲԿ նախարարության կոլեգիայում քննարկել քոլեջի հիման վրա Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ձևավորման նպատակահարմարության հարցը»:

Միաժամանակ հանրապետության հյուսիսարևելյան տարածաշրջանը բարձրագույն կրթությամբ մասնագետներով ապահովելու և երիտասարդության արտահոսքը կանխելու մտահոգությամբ հանդես են գալիս նաև Երևանի պետական համալսարանի ռեկտորատը և Իջևանի շրջխորհրդի գործադիր կոմիտեն: Դրանց հիման վրա ՀՀ ԲԿ նախարարության կոլեգիան 1994-ի ապրիլի 29-ին որոշում է.

«Նպատակահարմար համարել Իջևանի տարածաշրջանային քոլեջը վերակազմավորել որպես Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ»:

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994թ. սեպտեմբերի 19-ի թիվ 440 որոշմամբ Իջևանի տարածաշրջանային քոլեջը վերակազմավորվում է որպես Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ:

Կրթօջախում կատարվում են կառուցվածքային նոր փոփոխություններ, հաստատությունն ավարտում են եռամյա կրթությամբ առաջին շրջանավարտները:

Ֆակուլտետների թիվը մնաց անփոփոխ, բայց որոշակի փոփոխությունների ենթարկվեցին ամբիոնները, վարիչները և դասախոսական կազմը: Այդ փոփոխությունները տնօրենի 1995թ. հունվարի 1-ի հրամանով վերահաստատվել էին մասնաճյուղի ղեկավար և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հաստիքային ցուցակով.

Կարայան Համլետ` տնօրեն, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Մակարյան Անուշավան` ուսումնական հարցերի գծով փոխտնօրեն
Անանյան Գարուշ` տնտեսական հարցերի գծով փոխտնօրեն
Թումանյան Վարդան` գիտական քարտուղար, փիլ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Ավագյան Ռոլանդ` բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր
Աղուզումցյան Ռուբեն` հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, հոգ.գիտ. թեկնածու, դոցենտ
Առաքելյան Սամվել` տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. թեկնածու
Կարապետյան Պողոս` կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան:
1995թ. ամռանը մասնաճյուղը տալիս է բակալավրական կրթությամբ իր առաջին շրջանավարտները` թվով 59 մասնագետ:

1996թ. ապրիլից մինչև 2000թ. հոկտեմբեր ամիսը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ղեկավարում է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Շավարշ Մարգարյանը:

Պատրաստվող կադրերի որակը բարձրացնելու, ինչպես նաև ֆակուլտետների ու ամբիոնների աշխատանքներն արդյունավետ դարձնելու նպատակով մասնաճյուղի գիտական խորհրդի 1996թ. մայիսի 18-ի որոշմամբ մի քանի ամբիոններ լուծարվում են և անվանափոխվում. մասնաճյուղում ձևավորվում են 13 ամբիոններ:

1996-97 ուստարում մինչև դեկանների ընտրության նոր մրցույթի անցկացումը նշանակվում են ֆակուլտետների դեկանների նոր պաշտոնակատարներ.

Մկրտչյան Օնիկ` ուսումնական հարցերի գծով փոխտնօրեն, բնական գիտությունների ֆակուլտետի դեկան,տեխն.գիտ. թեկնածու, դոցենտ
Առաքելյան Սամվել` հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. թեկնածու
Խուդավերդյան Նելլի` տնտեսագիտական ֆակուլտետի դեկան, տեխն. գիտ. թեկնածու
Սարգսյան Սպարտակ` կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան, ՀՀ նկարիչների միության անդամ:
Մասնաճյուղում գործում էին հետևյալ ամբիոնները`

բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի,
ընդհանուր ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության,
տնտեսագիտության տեսության և ընդհանուր տնտեսագիտության,
ֆինանսների, հաշվապահական հաշվառման և վիճակագրության,
բանասիրության և հայոց լեզվի,
պատմության և հասարակագիտության,
հոգեբանության և մանկավարժության,
օտար և ռուսաց լեզուների,
իրավագիտության,
դեկորատիվ-կիրառական արվեստի,
արվեստի պատմության և ազգագրության,
ֆիզիկական կուլտուրայի և քաղպաշտպանության:
2000թ. մինչև օրս ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենն է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Արշավիրի Առաքելյանը:

Վերջին տարիները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի համար նշանավորվել են որպես կրթական բարեփոխումների շրջան: Շարունակվում են հետևողական աշխատանքները ուսումնագիտական գործընթացի կայունացման և զարգացման ուղղությամբ: Կատարելագործվում են ուսումնական ծրագրերն ու պլանները` որպես ուսուցման նորացման կարևոր պայման և երաշխիք:

Մասնաճյուղի գործունեության հիմնական խնդիրը համալսարանական կրթության բովանդակության և ուսման բարձր որակի ապահովումն է:

Տնտեսական հարաբերություններին համապատասխան վերանայվել են մասնագիտությունների ցանկը: Բնական և հումանիտար գիտությունների, կիրառական արվեստի ֆակուլտետների շրջանավարտները, ստանալով մանկավարժի որակավորում, ապահովում են մարզի հանրակրթության մասնագետ-ուսուցիչների պահանջները:

Կիրառական արվեստի լավագույն շրջանավարտները հաջողությամբ իրականացնում են նաև ազգային մշակութային ավանդույթների, արժեքների պահպանման, զարգացման և հետագա սերունդներին փոխանցման մեծ առաքելությունը:

Այժմ մասնաճյուղի 4 ֆակուլտետներում առկա ուսուցմամբ 10 մասնագիտությունների գծով ուսանում են ավելի քան 1700 ուսանողներ, որոնցից ավելի քան 400-ը` անվճար համակարգով:

Չորրորդ տարին է, ինչ մասնաճյուղում բացվել է մինչհամալսարանական կրթության և հեռակա ուսուցման բաժին, որը թելադրված է ժամանակի պահանջով: Հեռակա ուսուցմամբ մասնաճյուղում սովորում են ավելի քան 600 ուսանող:

Հիմք ընդունելով ԵՊՀ-ում գործող կանոնակարգերը` մասնաճյուղում մշակվել և գիտական խորհրդի կողմից հաստատվել են նորացված ուսումնական կանոնա­կարգերը, ներքին կարգապահական կանոնները:

Մասնաճյուղը պատրաստում է ԵՊՀ ծրագրերին համապատասխան բակա-լավրական կրթության մասնագետներ: Մասնաճյուղում աշխատող առաջատար պրո­ֆեսորադասախոսական անձնակազմի գերակշիռ մասը ԵՊՀ-ից է: Գիտահե­տա-զոտական աշխատանքները հիմնականում ընթանում են կիսահաղորդչային միկրոէլեկտրոնիկայի, փոքր բիզնեսի զարգացման, լեզվի ու գրականության, ինչպես նաև պատմության, մանկավարժության և հոգեբանության հարցերի ուսումնասիրության ուղղությամբ: Մասնաճյուղը համագործակցում է բազմաթիվ բուհերի հետ:

Մասնաճյուղն ունի 4 ֆակուլտետ` բնական գիտությունների /դեկան` ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Մ.Զաքարյան/, հումանիտար գիտությունների /դեկան` պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա.Ներսիսյան/, տնտեսագիտության /դեկան` տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ Ն.Խուդավերդյան/, կիրառական արվեստի /դեկան` ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Ա.Մարգարյան/:

Բնական գիտությունների ֆակուլտետն ունի 2 ամբիոն (Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության) և իրականացնում է 2 կրթական ծրագիր («Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Քարտեզագրություն և կադաստրային գործ»):

Ֆակուլտետում գործում են Ընդհանուր ֆիզիկայի և մասնագիտական համակարգչային լաբորատորիաները:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետն ունի 5 ամբիոն (Հայոց պատմության և հասարակագիտության, Հայոց լեզվի և գրականության, Մանկավարժության և հոգեբանության, Անգլերեն լեզվի և գրականության, Ֆրանսերեն լեզվի և գրականության), 1 սեկցիա (Ռուսաց լեզվի և գրականության) և իրականացնում է 7 կրթական ծրագիր («Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հոգեբանություն», «Մանկավարժություն և հոգեբանություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա»):

Տնտեսագիտության ֆակուլտետն ունի 2 ամբիոն (Ընդհանուր տնտեսագիտության, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության) և իրականացնում է երկու կրթական ծրագիր («Տնտեսագիտության տեսություն», «Սերվիս»):

Կիրառական արվեստի ֆակուլտետն ունի 2 ամբիոն (Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի, Գծանկարի, գունանկարի և քանդակի) և իրականացնում է 3 կրթական ծրագիր («Կիրառական արվեստ», «Դիզայն», «Համակարչային գրաֆիկա»):

Ֆակուլտետում գործում են 4 գծանկարի և գունանկարի, 2 տեքստիլի, 1-ական դիզայնի, հագուստի մոդելավորման, խեցեգործության, քանդակի, փայտի գեղարվեստական մշակման արվեստանոցներ:

2006 թվականից մասնաճյուղում գործում է Հեռակա ուսուցման բաժինը, ուր իրականացվում է 5-ամյա բակալավրական կրթություն` 13 մասնագիտություններով («Հայոց լեզու և գրականություն», «Պատմություն», «Հոգեբանություն», «Մանկավարժություն և հոգեբանություն», «Տարրական մանվարժություն և մեթոդիկա», «Անգլերեն լեզու և գրականություն», «Տնտեսագիտության տեսություն», «Սերվիս», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա», «Բնապահպանություն և բնօգտագործում», «էկոլոգիական քիմիա», «Քարտեզագրություն և կադաստրային գործ»):

Ներկայումս մասնաճյուղի 4 ֆակուլտետներում առկա ուսուցմամբ 12 մասնագիտությունների գծով ուսանում է ավելի քան 500 ուսանող, հեռակա ուսուցման համակարգում 13 մասնագիտությունների գծով սովորում է ավելի քան 1000 ուսանող:

ԵՊՀ ԻՄ-ում ուսանողների հետաքրքիր առօրյան (ուսումնագիտական, գիտակրթական, մշակութային, ժամանցային տարբեր միջոցառումներ և նախաձեռնություններ) ապահովում, նրանց իրավական գիտակցությանը, հայրենասիրական ոգու բարձրացմանը նպաստում են ուսանողական ինքնակառավարման մարմինները` ուսանողական խորհուրդը (ՈՒԽ), ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ), «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը:

Մասնաճյուղն ունի ժամանակակից համակարգիչներով հագեցած 3 համակարգչային լսարան, 12500 միավոր և 1500 անուն էլեկտրոնային գրականությամբ գրադարան, որի մասն են կազմում նաև ժամանակակից տեխնիկական միջոցներով ապահովված 2 հարմարավետ ընթերցասրահները:

2009 թվականից մասնաճյուղում գործում է Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, որի գործունեության հիմնական նպատակն է նպաստել աշխատանքային շուկայում մասնաճյուղի ուսանողների և շրջանավարտների մրցունակության աճին, շրջանավարտների և մասնաճյուղի միջև մշտական կապի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը:
18
Декабрь
0
2089

Комментарии к записи: 0

avatar