Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտ, Գյումրիի մասնաճյուղ
ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղը կազմավորվել է 1997թ. ՀՀ կառավարության թիվ 231 որոշմամբ: Այն Շիրակի մարզում գործող թատերական արվեստի ուսուցման միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է: 2007-2008 ուսումնական տարվանից մասնաճյուղն անցել է երկաստիճան ուսուցման համակարգի` բակալավրիատի և մագիստրատուրայի, ներդրվել է կրեդիտային համակարգը: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է մայր բուհի կողմից հաստատված և պետական կրթական չափորոշիչներին համապատասխանող ուսումնական պլաններով և ծրագրերով:
Մասնաճյուղում կատարվում է ընդունելություն հետևյալ մասնագիտություններով.
1. Թատերական արվեստ
- Դերասանական արվեստ /դրամ.թատրոնի և կինոյի դերասան/
- Ռեժիսուրա /դրամ. թատրոնի ռեժիսոր/
2. Կատարողական արվեստ
- Պարարվեստ
3. Տեսալսողական արվեստ
- Օպերատորություն /կինոօպերատորություն/
4. Կինոարվեստ /հեռուստառեժիսուրա/
Մասնաճյուղի առկա և հեռակա բաժիններում սովորում են շուրջ 136 ուսանող: Հաստատությունում դասավանդում են մասնագիտական կրթություն և մանկավարժական փորձառություն ունեցող մասնագետներ: Ուսումնադաստիարակչական, մեթոդամանկավարժական և գիտահետազոտական աշխատանքները համակարգելու նպատակով ձևավորվել են «Դերասանի վարպետության և ռեժիսուրայի», «Կինոարվեստի», «Արվեստաբանության» և «Հումանիտար առարկաների» ամբիոններ: Մասնագիտական ամբիոնները կորդինացնում են գիտամանկավարժական կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման աշխատանքները, կազմակերպում են ուսանողական գիտագործնական կոնֆերանսներ: Մասնագիտական մամուլում տպագրության են պատրաստում դասախոսների գիտական և գիտամեթոդական հոդվածները: Պարբերաբար կազմակերպվում են վարպետության դասընթացներ հանրապետության առաջատար մասնագետների կողմից: Ուսումնական գործընթացի անբաժան մասն է ինստիտուտի ուսանողական թատրոնը: Այստեղ ուսանողները առաջին անգամ բեմադրելու, խաղալու և հանդիսատեսի հետ շփվելու հնարավորություն են ստանում: Ավանդական դարձած կուրսային, նախադիպլոմային, դիպլոմային բեմադրությունները ջերմ ընդունելության են արժանանում հանդիսատեսի կողմից: Ապագա մասնագետների կայացման գործում կարևոր դեր են խաղում նաև մասնագիտական առարկաների` բեմական խոսքի, երգի, պարի, ինչպես նաև «Լավագույն դերասանական էտյուդ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն թեմատիկ լուսանկար» խորագրով կազմակերպվող ամենամյա մրցույթները:
Ինստիտուտի Ուսանողական խորհուրդը ակտիվ և բազմակողմանի գործունեություն է ծավալում թե բուհում, թե նրանից դուրս: Ուսանողների առօրյան հագեցած դարձնելու նպատակով կազմակերպվում են մշակութային և սպորտային միջոցառումներ, գործում է «բանավեճերի ակումբը»: Մասնաճյուղում գործում է նախապատրաստական բաժինը, որտեղ փորձառու դասախոսները մասնագիտական գիտելիքներ են հաղորդում դիմորդներին և նրանց նախապատրաստում ընդունելության քննություններին: Դասընթացներին ընդգրկվում են ինչպես նախորդ տարիների շրջանավարտները, այնպես էլ ավարտական դասարանների աշակերտները:
Մասնաճյուղը գործում է հարմարավետ մասնաշենքում: Ապահովված է ընդարձակ լսարաններով, փորձասեյակներով, պարասրահով, անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով հագեցած արվեստաբանության, հումանիտար առարկաների, կինոդիտումների, բեմանկարչության, սեղանի շուրջ աշխատանքի կաբինետ-լաբորատորիաներով, լուսանկաչության սրահով, գիտական գրադարանով, ուսանողական թատրոնի դահլիճով: Մասնաճյուղի լավագույն շրջանավարտները համալրում են Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական, Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնների թատերախմբերը և տեղական հեռուստա և ռադիո ընկերությունները: Շրջանավարտներից շատերն իրենց հետբուհական ուսումը շարունակում են ասպիրանտուրայում:
Комментарии к записи: 0