Հայաստանում վերջին շրջանում ակտիվացել են բանավեճերը MNP (համարների տեղափոխելիություն) ծառայության ներդրման ուղղությամբ: Ծառայությունը բջջային կապի բաժանորդին հնարավորություն է տալիս ցանկացած պահի փոխել օպերատորին` առանց համարը փոխելու: Օրինակ` ձեր համարը կարող է սկսել 091-ով, բայց սպասարկվել «Օրանժի» կամ «Վիվասելի» կողմից:
Բջջային օպերատորների մոտեցումն այս խնդրի հանդեպ միանշանակ չէ, ինչն արտահայտվեց նաեւ այսօր` փետրվարի 25-ին Աղվերանում ընթացող հեռահաղորդակցության խնդիրներին նվիրված սեմինարի ընթացքում:
MNP ծառայության ներդրմանը կողմ էր «Օրանժ Արմենիայի» ներկայացուցիչը, սակայն «Արմենթելը» մի շարք վերապահումներ ունի: «Արմենթելի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Բեղլոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ MNP ծառայությունը պետք է ներդնել այն ժամանակ, երբ շուկան հավասարակշռվի: «Այլ հավասար պայմաններում մենք կողմ ենք MNP-ին, սակայն երբ նոր օպերատոր է մտնում բավական հագեցած շուկա, ի հայտ են գալիս խնդիրներ, քանի որ նոր օպերատորը զոհաբերում է իր ընթացիկ շահույթը բաժանորդ ներգրավելու համար: Դրանից տուժում է նաեւ պետական բյուջեն; Մենք կարծում ենք`MNP ծառայությունը արդյունավետ կարող է լինել միայն այն ժամանակ, երբ շուկայում տարբեր օպերատորների ֆինանսական կարգավիճակը հավասարվի»,- ասաց Ա. Բեղլոյանը:
Մեկնաբանություններ նյութին: 0