Դատարաններին թույլ կտրվի դատական ծանուցագրերն ուղարկել էլեկտրոնային եղանակով: ՀՀ արդարադատության նախարարությունը կառավարության հավանությանն է ներկայացրել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրինագիծ, որը կառավարության փետրվարի 23-ի նիստում հավանության արժանանալուց հետո կներկայացվի խորհրդարանի հաստատմանը:
Ըստ նախագի` հայցվորն իր ներկայացրած հայցադիմումում, պատասխանողն` իր պատասխանում, իսկ երրորդ անձն` իր դիմումում կարող է նշել իր էլեկտրոնային հասցեն, որին դատարանի կողմից ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրը հանդիսանում է պատշաճ ծանուցում:
Սա դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու միջոցներից մեկն է, քանի որ ներկայում դատական ծանուցումները պատշաճ կերպով տեղ հասցնելու առումով առկա են խնդիրներ: Օրինակ` թեեւ դատարանն ինքն է պարտավոր ծանուցումը հասցնել քաղաքացուն, շատ հաճախ քաղաքացին ստիպված է լինում դրա ետեւից գնալ դատարան:
Միաժամանակ, ելնելով շտապողականությունը բացառելու անհրաժեշտությունից եւ հաշվի առնելով էլեկտրոնային հաղորդակցման միջոցների ոչ ամբողջական տարածվածության աստիճանը, դատական ծանուցագրերն էլեկտրոնային եղանակով ուղարկելու դատարանի այդ իրավունքը նախատեսվում է միայն կողմերի համաձայնության դեպքում, այսինքն այն դեպքերում, երբ կողմերն իրենք են դատարանին ներկայացնում իրենց էլեկտրոնային հասցեն:
Մեկնաբանություններ նյութին: 0