Էլեկտրոնային առեւտրի զարգացման պարագայում մենաշնորհացված շուկաները չեն կարող երկար պահպանվել: Նման հայտարարությամբ այսօր` փետրվարի 29-ին հանդես եկավ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով` էլեկտրոնային առեւտուրը կնպաստի, որպեսզի տեղի ունենա գների հավասարակշռում: «Առաջին հերթին նկատի ունեմ այն ապրանքատեսակները, որոնց ներքին գները էապես բարձր են իրենց միջազգային գներից: Օրինակ` համակարգիչները, այլ տեխնիկան»,- ասաց Կ. Վարդանյանը:
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանի` էլեկտրոնային առեւտրի միջոցով կարելի է Հայաստան ներմուծել ցանկացած ապրանք եւ ցանկացած քանակությամբ, օրինակ` շաքար, կամ մենաշնորհների հսկողության տակ գտնվող այլ ապրանքներ: Սակայն, ըստ նրա, էլեկտրոնային առեւտուրը առավել հաճախ կիրառվում է փոքր ապրանքախմբերով, իսկ այդ դեպքում մեծաքանակ ապրանքներ ներմուծողները ստանում են հարաբերական առավելություն` տրանսպորտային ցածր ինքնարժեքի պատճառով: «Էլեկտրոնային առեւտուրը հիմնականում մանրածախ առեւտրի բնագավառն է, ուղղակի խոսքն այն մասին է, որ մանրածախ առեւտրում մրցակցությունն անսահման կաճի, որից շահում են բոլորը» ,- ասաց Վ. Դանիելյանը:
Մեկնաբանություններ նյութին: 0