ՎԱՑԼԱՎ ՀԱՎԵԼ
Պատմության առաջ մեր վախը ոչ միայն գալիքի երկյուղն է, այլև դրա հետ սերտորեն կապակցված և փոխպայմանավորված անցյալի երկյուղը: Ով վախենում է առաջ նայել, դժվարությամբ է ետ շրջվում, իսկ ում վախեցնում է անցյալը, նրան վախեցնում է նաև այն ամենը, ինչը դեռ սպասվում է: Եվ շատ հաճախ մեր կյանքում ստելու երկյուղը նոր կեղծիք է ծնում: Մենք մեզ սփոփում ենք այն հույսով, որ ինչ-ինչ պարագաներում սուտ չասելով կարելի է ընդհանրապես ձերբազատվել կեղծիքից: Նրանք, ովքեր նենգափոխում են պատմությունը, ժողովրդի ազատությունը չեն պաշտպանում, այլ ավելի շուտ ժողովրդի համար լուրջ վտանգ են ներկայացնում:
Հասարակության մեջ ազատությունը թերարժեք կլինի, եթե ճշմարտությունը լիիրավ կարգավիճակ չունենա:
Բայց վախը միշտ չէ, որ կործանարար է: Սեփական անզորության հանդեպ ունեցած վախը կարող է նոր ուժեր հաղորդել: Աստծո կամ խղճի հանդեպ ունեցած վախը արիություն է ներշնչում: Պարտությունից վախենալով՝ մենք ավելի շուտ հաղթում ենք, քան պարտվում: Ազատության հանդեպ ունեցած վախը կարող է վերջնականապես ազատագրվելու շարժառիթ հանդիսանալ: Իսկ ապագայի հանդեպ ունեցած վախը երբեմն պարզապես անհրաժեշտ է, որպեսզի պարզվի, որ այդ ապագան այնպիսին է, ինչպիսին մենք այն վախենում ենք տեսնել:
ՖՐԱԶԻՄԱԽ
… Արդարացի ես համարում եմ այն, ինչը շահավետ է ուժեղին: Ցանկացած իշխանություն ստեղծում է իրեն շահավետ օրենքներ, դրանք հայտարարում արդարացի իր հպատակների համար և այդ օրենքները խախտողներին անվանում անօրեններ ու ճշմարտության հակառակորդներ: Բոլոր երկրներում Արդարությունը մեկն է՝ այն, ինչը շահավետ է հաստատված իշխանության համար: Հովիվները կամ եզնարածները հոգ են տանում ոչխարների ու եզների մասին, կերակրում են՝ նկատի ունենալով տերերի և սեփական շահը… Նույն մտքերը իրենց ենթակաների նկատմամբ ունեն հասարակություն կառավարողները. ինչպես այստեղից քաղել սեփական օգուտը: Արդարացին և արդարը ուժեղի և իշխողի օգուտն է, իսկ հպատակի կամ ծառայողի համար վնաս է:
Արդար մարդն ամեն տեղ ավելի քիչ է շահում, քան անարդարը: Ամենից հեշտ է դա իմանալ, երբ առկա է արդարության բացարձակը, որը վիրավորողին դարձնում է ամենաերջանիկը, իսկ վիրավորվողին ու վիրավորել չցանկացողին՝ ամենադժբախտը: Այդպիսին է բռնապետությունը…
ԷՓԹՈՆ ՍԻՆԿԼԵՐ
Կա միայն մեկ միջոց ստիպելու տղամարդուն, որպեսզի նա իր ամբողջ կյանքն ապրի մի կնոջ հետ.- փակել երկուսին մի տան մեջ ու երբեք դուրս չթողնել: Բայց քանի որ դուք թույլ եք տալիս նրանց հարաբերվել այլ մարդկանց հետ, ապա տղամարդն անմիջապես կասի, որ իրեն ուրիշ կին է պետք, կին, որն իրեն ավելի համապատասխան է: Եվ այդպես կլինի միշտ:
Բանն այն է, որ տղամարդն ու կինը չեն կարող բավարարվել միայն զգացական հաճույքներով: Տղամարդն ու կինը մարմնից բացի նաև հոգի ունեն, և այդ հոգեկան կողմը պահանջում է գաղափարների հայտնի ներդաշնակությունը: Ու ինչպե՞ս նրանք կարող են շարունակել սիրել մեկմեկու նախկին կրքոտությամբ՝ միաժամանակ հոգեպես իրարից հեռացած զգալով: Տղամարդն ու կինը իրենցից «բնավորություններ» են ներկայացնում, այդ բնավորություններից բխում են արարքները, և ի՞նչ է կատարվում, երբ բնավորությունները առաջնորդում են դեպի անհամապատասխան արարքներ: Ի՞նչ կկատարվի, եթե տղամարդն անընդհատ ձգտի ընթերցել, իսկ կինը՝ պարել…
Մեծ գաղտնիք է բոլոր կանանց էությունը: Նրանք թվում են այնպես մեղմ, տպավորվող, ճնշված, մինչդեռ նրանց ճնշվածությունը ոչնչով չի տարբերվում ռեզինի կամ ջրի սեղմումից, որ մշտապես ձգտում է վերադառնալ իր նախնական տեղը, պահպանել իր նախկին ձևը: Կանացի բնավորությունը բեկել անհնար է: Նա միշտ իրենը կպնդի:
ԻՈՀԱՆ ԶԵՅՄԵ
Վարելն անիմաստ է, իսկ կառավարելը` իմաստուն: Հետևաբար վարում են, որովհետև չեն կարողանում կառավարել: Մինչդեռ պատիվն ու իրավունքը հաստատվում են բանականության, այլ ոչ թե զենքի միջոցով: «Բռունցքի իրավունքը» նույնքան անհեթեթ է, որքան, ասենք, կլոր քառակուսին կամ քառակուսի շրջանը: Որտեղ ստրկությունն օրինականացված է, այնտեղ չի կարող լինել մարդասիրական մշակույթ: Ով նսեմացնում է շրջապատողներին, նա երբեք ինքը մեծ չի լինի: Վտանգներով լի մարտիկի կյանքը հանուն արդար գործի ավելի լավ է ստրուկի հանգիստ, անիմաստ կյանքից: Բարի գործը, եթե այն իրոք բարի է, արժե ավելին, քան միլիոնավոր բարի բառերը: Բայց երբեմն բառը հենց գործն է, և այդ ժամանակ նա թանկ արժե: Չար մարդիկ երգ չունեն:
Ամեն տեսակ արտոնությունները ազատության ու արդարության գերեզմանն են: Հավասարությունը արդարության փորձաքարն է, իսկ միասին նրանք կազմում են ազատության էությունը: Որտեղ չկա արդարություն, չկա և ազատություն, իսկ որտեղ չկա ազատություն, չկա և արդարություն: Ով չի սկսում սկզբից, թող հույս չունենա առաջ
ՍԵՆԵԿԱ ԿՐՏՍԵՐ
Ոչինչ չկա հավերժական, և հարատևն էլ շատ չէ: Դյուրին չէ ճանապարհը երկրից դեպի աստղերը: Մեր միտքը ճեղքում- անցնում է երկնային ամրությունները` չբավականանալով նրանով, ինչը անմիջականորեն մատչելի է իրեն: Եթե մենք բավարարվենք գտածով, մենք երբեք էլ ոչինչ չենք գտնի: Մարդն իր ընդունակությունները կարող է իմանալ միայն` փորձելով դրանք կիրառել գործի մեջ: Մենք շատ բան չենք խիզախում ձեռնարկել ոչ նրա համար, որ դժվար է: Այն դժվար է հատկապես նրա համար, որ մենք չենք խիզախում ձեռնարկել: Եվ ավելի հաճախ օգտվեք ականջներից, քան լեզվից: Նախքան ուրիշներին ինչ-որ բան ասելը ասեք դա ինքներդ ձեզ: Նախքան խոստանալը մտածեք, բայց եթե արդեն խոստացել եք` կատարեք:
Երբ գիտես, թե ինչի ես սպասում` ավելի հեշտ է կրելը: Տառապանքներ չզգալը բնորոշ չէ մարդուն, իսկ դրանք կրել չկարողանալը վայել չէ տղամարդուն: Ով ոչնչից չի հուսադրվում, նա հուսահատվելու էլ ոչինչ չունի: Ով վախվխելով է խնդրում, նա մերժում է հայցում: Եթե ուզում եք ոչնչից չվախենալ, հիշեք, որ վախենալ կարելի է բացարձակապես ամեն ինչից: Մաքուր խիղճը չի վախենում մարդկանց մեջ լինելուց, իսկ անմաքուրին վախեցնում է նույնիսկ միայնությունը: Իսկ երբ բանականությունը մեզ թողնում է անգիտության մեջ, ստիպված տրվում ենք պատահմունքի կամքին: Համերաշխին բախտը տանում է, անհաշտին` ուժով քարշ է տալիս: Եթե հետագա աճ չկա, նշանակում է մոտ է մայրամուտը:
Մեկնաբանություններ նյութին: 0