• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Արդյունքը սպասելի էր, ապագան՝ տեսանելի

Գիտելիքահենք տնտեսության լավագույն կառուցողները

Մեկ խելքը լավ է, երկուսը՝ ավելի, իսկ ութից կարելի է ձեւավորել առաջադեմ խումբ, դուրս գալ միջազգային մրցուղի, եւ հաղթանակի դրոշ ծածանել։

Սրանում մեկ անգամ էլ համոզվեցինք. Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովի անվան՝ դպրոցականների «Ֆիզիկա», «Մաթեմատիկա» եւ «Ինֆորմատիկա» առարկաների միջազգային ութերորդ օլիմպիադայից Հայաստանի թիմը ներկայացնող ԵՊՀ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի սաները վերադարձել են 1 ոսկե եւ 4 բրոնզե մեդալներով։ Թիմի կազմում ընդգրկված դպրոցականները՝ Արտյոմ Քոսյանը, Նարեկ Հովսեփյանը, Գեղամ Վարդանյանը (մաթեմատիկա), Արամ Մկրտչյանը, Վարդան Ավետիսյանը (ֆիզիկա), Ռոբերտ Դավթյանը, Տիգրան Մամիկոնյանը, Վահագն Գեւորգյանը (ինֆորմատիկա) վերստին ապացուցեցին, որ հայ երիտասարդները գիտության ոլորտում մեծ ներուժ ունեն։

Նրանք հպարտությամբ են նշում՝ Ադրբեջանը ներկայացել էր երեք թիմով, բայց ընդամենը երեք մեդալ վաստակեց, իսկ հայերը ութ հոգանոց ընդամենը մեկ թիմ էին, բայց անհատական արդյունքներով մեդալներից 5-ը բերեցին Հայաստան։ Արդյունքը սպասելի էր, ապագան՝ տեսանելի։ Շատ էին պարապում, թե ուսուցիչների հետ, թե անհատական, թե դպրոցում, թե տանը։ «Միշտ իրենց գործին էին։ Այդ թիմում պատահական մարդ չկար։ Թիմը խմբային առաջնությունում արժանացավ օլիմպիադայի պատվոգրի։ Մեկ պոտենցիալ մեդալակիր էլ ունեինք, ցավոք, նա հարգելի պատճառներով չմասնակցեց օլիմպիադային»,-«ՀՀ»-ի հետ զրույցում նշեց օլիմպիական թիմի ղեկավար, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Ռոբերտ Զոհրանյանը։

Աշակերտներն աշխատեցին առանձին-առանձին, բայց միեւնույն նպատակաուղղվածությամբ. դպրոցի եւ երկրի անունը պետք է բարձր պահել՝ «արա ինձ համար, սովորիր քեզ համար» տարբերակով։ «Մեր հաղթանակը մեր դպրոցի պատիվն է։ Մեզ համար առաջնային խնդիրը երկրի պատիվը բարձր պահելն էր»,-ընդգծեց ոսկե մեդալակիր Արտյոմը։
Արտյոմի համար իր հաղթանակը սպասելի էր։ «Շատ էի պարապել»,-ասաց, բայց իր մեկ այլ հաջողության մասին համեստորեն լռեց։ Իսկ ահա օլիմպիադայի թիմի ղեկավարը հպարտորեն բարձրաձայնեց. «Շատ բարդ խնդիր կար, որը շատ քչերին հաջողվեց լուծել, իսկ այդ քչերից մեկն էլ Արտյոմն էր»։

Արտյոմն իր ապագայի օրակարգը դեռեւս չի հստակեցրել, բայց ծրագրերում տեսանելի է կրթությունը՝ արտասահմանում։ Իսկ կվերադառա՞, թե՞ ոչ, ինչպես ինքն ասաց, կյանքը ցույց կտա։ Ֆիզիկայից բրոնզե մեդալակիր Արամի ծրագրերն էլ գրեթե այսպիսին են։ Նա էլ 12-րդ դասարանում է սովորում։ Որոշումների ցանկում տեղ է առանձնացված ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետի համար, սակայն հնարավորության դեպքում կսովորի արտասահմանյան հեղինակավոր բուհում, բայց ետ վերադառնալու եւ հայրենիքին ծառայելու նպատակով։ Բայց նախ կավարտի առաջիկայի գործերը։ Պատրաստվում է ամռանը կայանալիք ֆիզիկայի միջազգային օլիմպիադային, որը կկայանա Էստոնիայում։ Համոզված ենք՝ տաղանդաշատ եւ աշխատասեր հայ զավակի գիտելիքներն այստեղ էլ «լույս» կտան, անպես, ինչպես Ժաուտիկովի օլիմպիադայում։ Թեեւ վերջին նախաձեռնության արդյունքում նա հաղթանակի այդքան էլ չի սպասել։ «Կարծում էի, որ արդյունքները չեն բավականացնի, այս տարվա օլիմպիադան շատ ավելի բարդ էր։ Բայց ստացա բրոնզե մեդալ։ Աստղագիտության միջազգային օլիմպիադային եւս մասնակցել եմ եւ արժանացել բրոնզե մեդալի։ ֆիզիկայի ոլորտում այս մեդալն առաջինն է»,-ի մի բերելով հաղթանակները՝ նշեց նա։ Իր հաղթանակի համար նա շնորհակալ է դպրոցին՝ ստացած գիտելիքների համար։

Ռոբերտն էլ հաջողության հասնելու հարցում, դպրոցի աջակցությունից զատ, գնահատում է սեփական կարգախոսը. հաղթանակին պետք է սպասել, քանզի սպասումը հաղթանակի լավագույն երաշխավորն է։ Մի քանի նիշ էլ, եւ նա իր հետ հայրենիք կբերեր արծաթե մեդալ։ Սակայն դա երիտասարդին չի անհանգստացնում։ Կարեւորը ուժերի հանդեպ վստահությունն է։ Սեփական ուժերին հավատացող երիտասարդին շուտով կդիմավորեն իտալացիները՝ ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում։ Բայց քանի որ ավարտական դասարանի աշակերտ է, օլիմպիադային պատրաստվելուն զուգընթաց աշխատանքներ է տանում նաեւ բուհերի ընտրության հարցում։ Ռոբերտի դեպքում էլ ընտրության թիրախի առաջին տեղում արտասահմանյան բուհն է։ Ընտրությունը կարծես թե արդեն կատարել է։

Այս աշակերտների եւ ապագայի, անկասկած, հիանալի մասնագետների առաքելությունը դպրոցում գրեթե ավարտված է։ Միայն թե նրանք մի փոքր ուշադրության եւ խրախուսանքի կարիք ունեն, որպեսզի էլ ավելի մեծ ոգեւորությամբ աշխատեն։ Եվ քանի որ «տաշած քարը» գետնին չի մնում, պետք է շահագրգռված լինենք, որպեսզի ապագայում նրանք ապրեն ու արարեն հենց մեր երկրի համար։ Ի վերջո՝ հենց այս երեխաները գիտելիքահենք տնտեսության լավագույն կառուցողներն են։

Հ. Գ. Հաջողության առթիվ մերոնց շնորհավորել են նաեւ ադրբեջանցի աշակերտները, սակայն միայն հայերի՝ իրենց ուղղված շնորհավորանքին պատասխանած լինելու համար։ Ինչպես մեր աշակերտներն են նշում, հարեւան պետության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ իրենց մոտ հայերի հետ շփումը չի խրախուսվում, եւ նրանց հետ մեկ կամ երկու բառ փոխանակել հաջողվել է միայն պատահաբար՝ միջոցառումների ժամանակ նստել են հարեւանությամբ։

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


18
Декабрь
0
1295

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar