Բուհերի ո՞ր բաժիններում են մնացել թափուր տեղեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունն այսօր տեղեկացրեց, որ ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին:
«Դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը կարող են Գնահատման և թեստավորման կենտրոն ուղարկել էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ dimord.am կայքի համապատասխան բաժնում, հուլիսի 20-ից մինչև հուլիսի 22-ը, ժամը 18:00-ն: Բուհերում լրացուցիչ փուլի մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 25-ին»,- ասված է հայտարարության մեջ:
Ի դեպ, կայքում մանրամասն նշված է, թե որ բուհի որ ֆակուլտետներում են մնացել թափուր տեղեր, և որքան են դրանք:
Այսպիսով, Երևանի պետական համալսարանում ամենաշատ թափուր տեղերը մնացել են «Ֆիզիկա» մասնագիտությունն ընտրողների համար՝ 29 տեղ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ամենաշատ թափուր տեղերը մնացել են «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում» բաժնում, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կա շուրջ 8 մասնագիտության թափուր տեղ, «Շինարարություն» մասնագիտության բաժնում թափուր է 410 տեղ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի «Պատմություն» բաժնում կա 64 թափուր տեղ, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում էլ ամենաշատ թափուր տեղերը մնացել են «Մասնագիտական մանկավարժություն, գերմաներեն լեզու և գրականություն» բաժնում՝ 47 տեղ:
Շիրակի պետական համալսարանում «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնում» թափուր է 21 տեղ: Հայ-ռուսական համալսարանում մնացել է 8 թափուր ֆակուլտետ, որոնց թվում են՝ քաղաքագիտություն, զբոսաշրջություն, ֆինանսներ, թյուրքագիտություն, արաբագիտություն, հնդկագիտություն, իրանագիտություն:
Թափուր տեղեր կան նաև մարզերի բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Մեկնաբանություններ նյութին: 0