• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Դիմորդները միաժամանակ կընտրեն քննական առարկան, բուհը և մասնագիտությունը․ բանավոր ընդունելության քննություններ չեն նախատեսվում

Այս տարի դպրոցներում կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն անցկացվի, իսկ բուհեր ընդունվելու համար դիմորդը ոչ թե մի քանի պարտադիր քննություն կհանձնի, այլ ընդամենը մեկը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ հեռավար եղանակով ուսուցումը շարունակվելու է մինչև ուսումնական տարվա ավարտը, որը 5-օրյա ուսումնական շաբաթվա դեպքում մինչև մայիսի 22-ն է, 6-օրյա ուսումնական շաբաթվա դեպքում՝ մինչև մայիսի 23-ը։ Բաց թողնված դասերը հաշվառվելու են՝ ըստ հեռավար ուսուցման ծածկված ծավալի, համաձայն որի՝ դպրոցները հաջորդ ուսումնական տարում լրացնելու են այդ դասերը։ «Այժմ քննարկում ենք հաջորդ ուսումնական տարում սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին՝ շաբաթ օրերին դասեր կազմակերպելու, ինչպես նաև ուսումնական տարին մեկ շաբաթով շուտ սկսելու հնարավորությունը։ Բայց սա կախված է նրանից, թե ինչպիսի իրավիճակ կունենանք ուսումնական տարվա ավարտին։ Հանրակրթական ուսումնական հաստատություններում տարեկան գնահատականներն ամփոփվելու են մինչև մարտի 13-ն ունեցած և էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա։ Հանրակրթական ուսումնական հաստատություններում 4-րդ և 9-րդ դասարանների ավարտին կրթական մի աստիճանից մյուսը փոխադրվելու քննություններ չեն իրականացվի»,- նշեց փոխնախարարը։ Ժաննա Անդրեասյանն ընդգծեց՝ մեծ է ոգևորվածությունն ու ընդգրկվածությունը հեռավար ուսուցմանը, բայց տեխնիկական սարքերի և ինտերնետային կապի հասանելիության պատճառով երեխաների մեծ խումբ (15-20 տոկոս) դուրս է մնում հեռավար ուսուցման շրջանակներից։ «Ակնհայտ է՝ մենք խոսում ենք հանրակրթության մասին, որը պարտադիր կրթություն է բոլորի համար։ Հետևաբար՝ այն որոշումները, որ կարող ենք կայացնել, պետք է ելնեն բոլոր աշակերտների շահերից, չենք կարող անհավասար որոշում կայացել։ Եվ, քանի որ առկա ուսուցման գործընթաց ունեցել ենք մինչև մարտի 13-ը, տարեկան գնահատականներն ամփոփվում են մինչև մարտի 13-ն ունեցած և արդեն իսկ էլեկտրոնային մատյան փոխանցված գնահատականների հիման վրա։ Դրանցից այն առարկաների գնահատականները, որոնք քննական էին, այս դասարաններում կհամարվեն նաև քննական գնահատականներ, որոնց հիման վրա աշակերտները փոխադրվում են հաջորդ աստիճան։ Փոխադրական գնահատականներ չեն իրականացվելու նաև ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում, ամփոփումը տեղի է ունենալու նույն ձևով։ Դպրոցներում ավարտական, 12-րդ դասարանի քննություններ չեն իրականացվելու։ Ամփոփումը տեղի է ունենում նույն ձևով, ինչ 4-րդ, 9-րդ դասարանների դեպքում։ Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասը քննություններ հանձնել է նախորդ տարվա դեկտեմբերին, նրանք հնարավորություն կստանան ընտրել՝ պահպանել քննության արդյունքը կամ տարեկան գնահատականը՝ որպես ատեստատում քննական գնահատական։ Ատեստատները կտրվեն մինչև մայիսի 25-ը։ Բուհերի ավարտական, պետական քննությունների անցկացման ձևը կընտրեն ուսումնական հաստատությունները՝ ակադեմիական ազատության և ինքնավարության շրջանակներում»,- մանրամասնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ հավելելով, որ քննությունների կազմակերպման ընթացքում բուհերը պետք է պահպանեն համավարակի կանխարգելման կանոնները և քննությունները կազմակերպեն առցանց գործիքների կիրառությամբ՝ գործընթացն ավարտելով մինչև հուլիսի մեկը։ Դիմորդները բուհ ընդունվելու համար այս տարի կհանձնեն մեկ քննություն։ Ըստ մասնագիտությունների՝ միասնական քննությունների ցանկը կհայտարարվի ապրիլի 30-ին։ Ընտրվող քննությունը լինելու է տվյալ մասնագիտության համար նախատեսված քննություններից որևէ մեկը։ Համաձայն ընթացակարգի՝ մինչև մարտի 15-ը դիմորդներն արդեն լրացրել են բուհերի ընդունելության հայտերը, սակայն, քանի որ այժմ կա ընթացակարգի փոփոխություն՝ անհրաժեշտություն է առաջացել հայտագրման նոր հնարավորություն տալ թե՛ արդեն հայտագրվածներին, թե՛ նախորդ տարիների շրջանավարտներին։ Քննությունների հայտագրման գործընթացը միավորվել է բուհեր դիմելու հայտերի լրացման հետ՝ որպես մեկ միասնական գործընթաց։ Հայտագրման գործընթացը կմեկնարկի մայիսի 25-ից և կտևի մինչև հունիսի 15-ը։ Այն կիրականացվի էլեկտրոնային եղանակով։ Դիմորդները միաժամանակ կընտրեն քննական առարկան, բուհը և մասնագիտությունը։ Նախապես հայտագրված բոլոր դիմորդները նույնպես կարող են հայտագրվել՝ հնարավորություն ստանալով վերահաստատել կամ փոխել նախնական հայտը՝ հաշվի առնելով տեղի ունեցած փոփոխությունները։ Նախապես մի քանի քննության համար հայտագրված դիմորդներին քննությունների համար վճարված գումարը կվերադարձվի։ «Ընդունելության մեկ հիմնական քննությունը կազմակերպվելու է համավարակի կանխարգելման բոլոր կանոնների պահպանմամբ, քննական կենտրոնները գործելու են ամբողջ հանրապետությունում՝ ապահովելով քննություն հանձնող դիմորդների սահմանափակ թիվը՝ ըստ քննական սենյակների և կենտրոնների։ Բուհերի ընդունելության միասնական քննությունները տեղի կունենան հուլիսի առաջին տասնօրյակում։ Արվեստի և սպորտի բուհերը ևս ընդունելություն պետք է կազմակերպեն մեկ քննության միջոցով։ Բանավոր ընդունելության քննություններ չեն նախատեսվում։ Քոլեջի և ուսումնարանների ավարտական և պաշտպանության քննություններ նույնպես չեն իրականացվի։ Մագիստրատուրայի ընդունելության ժամկետներն առաջարկել ենք սահմանել հունիսի 16-30-ը՝ արդյունքներն ամփոփելով մինչև հուլիսի 5-ը, ասպիրանտուրայում ընդունելության գործընթացում առաջարկել ենք կասեցնել ոչ մրցութային առարկաների՝ օտար լեզվի, ինֆորմատիկա և տեղեկատվական հաղորդակցության հիմունքներ առարկայի համապատասխան միավորը հավաստող վկայականի կամ տեղեկանքի ներկայացման պահանջը։ Գործընթացը կիրականացվի հունիսի 16-30-ը, արդյունքները կամփոփվեն մինչև հուլիսի 5-ը։ Քոլեջներում և ուսումնարաններում ընդունելությունը 9-ամյա կամ 12-ամյա կրթության հիմքով նախատեսվում է կազմակերպել օգոստոսին՝ հիմնականում ատեստատի գնահատականներով, բացի արվեստի, սպորտի և առողջապահական հաստատություններից, որտեղ իրականացվելու է մեկական քննություն՝ նույն սկզբունքներով, ինչ բուհեր ընդունվելու դեպքում։ Հայտերի ընդունելությունը կիրականացվի էլեկտրոնային եղանակով»,- եզրափակեց Ժաննա Անդրեսյանը։
18
Декабрь
0
111

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar