Դպրոցներում ե՞րբ են սկսվում և ավարտվում պարապմունքները, որքա՞ն է դասաժամի տեևողությունը և ինչպիսի՞ գնահատման համակարգ կգործի
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ստորագրել է 405-Ն հրաման, որի 13, 14 և 15 կետերով հաստատել է հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնական պարապմունքների սկիզբը, ավարտը, ինչպես նաև սովորողների գնահատման սանդղակը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքից:
Ուսումնական պարապմունքները Հաստատությունում սկսվում են 2019թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2020թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 26-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար։
Հաստատությունում (2-12-րդ դասարաններ) գործում է սովորողների գնահատման 10 միավորային սանդղակ։
Գիտելիքների ստուգումների, հիմնական և միջնակարգ կրթության ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակ կիրառվող գնահատման այլ սանդղակները բերվում են գնահատման 10 կամ 20 միավորային գրանցման։
Ուսումնական տարին բաժանվում է կիսամյակների: Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա ձևավորվում են կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների հիման վրա` տարեկան գնահատականները:
Առաջին դասարանում սովորողներին ընթացիկ և ամփոփիչ գնահատականներ չեն նշանակվում. ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Տարեկան ամփոփիչ գնահատման նպատակով կազմվում է յուրաքանչյուր սովորողի կրթական զարգացման բնութագիրը:
Հաստատությունում խմբային ուսուցման կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը 45 րոպե է:
Հրամանը ստորագրվել է հուլիսի 27-ին, ուժի մեջ կմտնի օգոստոսի 25-ին:
Մեկնաբանություններ նյութին: 0