• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Դպրոցներում ինֆորմատիկայի փոխարեն նոր առարկա կներդրվի

Հանրակրթության նոր չափորոշիչներով դպրոցներում ինֆորմատիկայի փոխարեն կներդրվի «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարությունից: «Առարկան ներառված է բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա՝ ԲՏՃՄ (STEM) բնագավառում։ Հանրակրթական դպրոցում «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան դասավանդվում է տարրական դպրոցում՝ 2-4-րդ, միջին դպրոցում՝ 5-9-րդ և ավագ դպրոցում՝ 10-12-րդ դասարաններում, որպես առանձին առարկա»,- հայտնում են գերատեսչությունից։ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» ծրագրի հիմքում դրված է չորս հիմնական գիտակարգային գաղափար՝ հաշվողականությունն (Computing) ու հասարակությունը, թվային գործիքներն ու համագործակցությունը, համակարգչային սարքեր և համակարգեր, հաշվարկային (Computational) և ալգորիթմիկ մտածողություն: «Առարկայի վերջնարդյունքներով աշակերտից ակնկալվում է ցուցադրել իմացական բարդության լայն շրջանակ, ինչպիսին առկա է «Բլումի Վերանայված Տաքսոնոմիա»-ում. այսինքն՝ հիշելու, ըմբռնելու, կիրառելու, վերլուծելու, գնահատելու և ստեղծելու իմացական կարողությունների զարգացում և ամրապնդում: Առաջարկվող ծրագիրը հիմնված է մանրամասնորեն ընտրված այնպիսի բովանդակային չափորոշիչների վրա, որոնք հստակ են, կենտրոնացված և մատուցվում են համաձայնեցված հաջորդականությամբ: Օրինակելի ծրագրերում Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների կոդերը ցույց են տալիս կապը ընդհանուր կարողունակությունների (գիտելիք, հմտություն, վերաբերմունք, արժեքային համակարգ), ինչպես նաև, ըստ դպրոցական մակարդակների, շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ։ Շատ քիչ քանակով թեմաներ են համընկնում «Ինֆորմատիկա» առարկայի գործող ծրագրի թեմաներին»,- նշում են ԿԳՄՍ նախարարությունից։ Ծրագիրը գլխավորապես տարբերվում է գործողից նոր կառուցվածքով, որն արտացոլում է ժամանակակից կրթական առաջադեմ համակարգերում կիրառվող առարկայի գիտակարգային գաղափարների կառուցվածքը։ Ծրագրի գլխավոր առանձնահատկություններից է որևէ թեմայի շրջանակում կիրառվող ծրագրային ապահովումն ու լուծումների ճկունությունը, ինչը հնարավորություն է տալիս ուսուցչին ընտրել, թե նա որ ծրագրային ապահովմամբ է ցանկանում դասավանդել տվյալ թեման։
18
Декабрь
0
122

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar