• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


ԵՊՀ օլիմպիադան մեկտեղել է հանրապետության բնակավայրերի 2 400 դպրոցականների

Երեւանի պետական համալսարանը դպրոցականների համար կազմակերպել է օլիմպիադա, որի հիմնական նպատակն է նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, նրանց ծանոթացնել իրենց նախընտրած ֆակուլտետներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արդեն չորրորդ տարին անցկացվող «ԵՊՀ օլիմպիադա-2012»-ին այս անգամ մասնակցում են ավագ դպրոցների 12-րդ դասարանի ավելի քան 2400 դպրոցականներ ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ Շիրակի, Տավուշի, Արմավիրի եւ Արարատի մարզերի մի շարք դպրոցներից: Օլիմպիադան միաժամանակ ընթանում է Արարատի մարզում, Արմավիրում, Գյումրիում, սակայն ԵՊՀ համալսարանական կրթության որակի ապահովման և վերահսկողության բաժնի վարիչ Արմեն Սարգսյանի խոսքով" մարզերի շատ աշակերտներ ցանկացել են հենց Երեւանում մասնակցել օլիմպիադային:

Այն անցկացվում է բոլոր հանրակրթական առարկաներից" մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն, հայոց լեզու եւ գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք ու հայ եկեղեցու պատմություն:
Դպրոցականների հետաքրքրությունն ավելի մեծ է հումանիտար առարկաների, հատկապես անգլերենի նկատմամբ. Երևանում անգլերեն առարկայից մասնակիցների թիվը հասնում էր 300-ի, այնինչ օրինակ քիմիա առարկայի մասնակիցները 54-ն էին:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյանը նշեց, որ ի տարբերություն անցած տարվա՝ այս անգամ «Ստեղծագործական աշխատանք» առակայից օլիմպիադային ավելի շատ դպրոցականներ են մասնակցում: Եթե անցած տարի նրանց թիվը 15-ն էր, ապա այս անգամ մասնակիցները 21-ն են։ Ստեղծագործելու համար ընտրվել են այնպիսի թեմաներ, որոնք կարող են գրել թե ավագ դպրոցի, թե մասնագիտացված դպրոցներ հաճախող դպրոցականները:

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանի խոսքով" օլիմպիադայի հիմնական նպատակն է դիմորդներին ծանոթացնել Երևանի պետական համալսարանի հետ:

Աշակերտներից շատերը առաջին անգամ էին ԵՊՀ-ում, նրանց խոսքով սա շատ լավ հնարավորություն է մոտիկից ծանոթանալ այն ֆակուլտետներին, որտեղ իրենք պատրաստվում են շարունակել իրենց ուսումը:

«Մենք ամեն ինչ անում ենք, որ աշակերտներն առանց լարվածության, առանց հուզմունքի փորձեն իրենց գիտելիքները»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Վաչագան Գալստյանի հավաստիացմամբ" տարեցտարի մեծանում է դպրոցականների հետաքրքրությունը. եթե դեռևս չորս տարի առաջ կազմակերպված օլիմպիադային մասնակցել է 600 աշակերտ, ապա այս տարի նրանց թիվը հասնում է 2000-ի:

«ԵՊՀ օլիմպիադա-2012»-ի փակման եւ պարգեւատրման արարողությունը տեղի կունենա մարտի 2-ին։

ԱՐՄԵՆՊՐԵՍ

18
Декабрь
0
1837

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar