Հանրակրթական Դիջիթեք 2012, օր 6-րդ
Հանրակրթական Դիջիթեքի աշխատանքների 6-րդ օրը ստուգատեսի պաշտոնական ներկայացման օրն էր: Առավոտյան ընդհանուր պարապմունքին մասնակցում էին նաև ստուգատեսի արցախցի մասնակիցները, որոնք ժամանել էին նախորդ օրը` երեկոյան: Պարապմունքից հետո ստեփանակերտցի 12-րդ դասարանցիներ Հայկ Մայիլյանը և Արմեն Ադամյանը ներկայացրին հատուկ Հանրակրթական Դիջիթեքի ծրագրի համար ստեղծած իրենց նյութերը` դպրոցում աշխատող ռադիոկայան, որն առցանց սպասարկում է սովորողներին, և սովորողի բլոգ:
Կրթահամալիր պաշտոնական հյուրերը` ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, Արարատյան Հայրապետական Թեմի փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը, ԼՂՀ ԿԳՆ մասնագիտական կրթության և գիտության բաժնի վարիչ Միքայել Համբարձումյանը, Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանը, Հանրային խորհրդի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, ՀՀ ֆիզկուլտուրայի, սպորտի և տուրիզմի աշխատողների արհեստակցական ճյուղային կազմակերպությունների հանրապետական միության նախագահ Կառլեն Հարությունյանը, ստուգատեսի գործընկեր կազմակերպությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան հյուրեր, բաց պարապմունքների մասնակցեցին կրտսեր դպրոցում, հետո ավագ դպրոց-վարժարանում և միջին դպրոցում, ծանոթացան կրթահամալիրում ձևավորված կրթական մեդիա միջավայրին, ուսուցման կազմակերպմանը, Հանրակրթական Դիջիթեքի ծրագրին: Մարմարյա սրահում ստուգատես-ներկայացումից առաջ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի ղեկավարությամբ կատարվեց կրթահամալիրի օրհնության ծիսակարգը:
Ստուգատեսի գործընկերներից «Ֆիրմա Ալֆան» մասնակիցներին ներկայացրեց Սմարթ տեխնոլոգիաները:
Տեղեկացնում ենք, որ ստուգատեսի ծրագրում կա փոփոխություն. ստուգատեսի փակումը և մրցանակների հանձնումը նշանակվել է փետրվարի 17-ին՝ ժամը 15.15, ավանդական ղափամայի ծես-ցուցադրությունը՝ փետրվարի 18-ին՝ ժամը 11.00։ Մինչ այդ կաշխատեն տասնչորս անվանակարգերով մրցանակային հանձնաժողովները։
Փետրվարի 9-ին Հանրակրթական Դիջիթեքը կրթահամալիրի Նոր դպրոցում է։
Օրվա մասին մանրամասն կարող եք տեղեկանալ mskh.am-ում:
Մեկնաբանություններ նյութին: 0