• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


ՀՊՃՀ ուսանողների այցը Ազգային ժողով

Փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Կառավարման խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանի հրավերով "Բաց դաս" ծրագրի շրջանակներում ՀՊՃՀ տարբեր ֆակուլտետների մի խումբ ուսանողներ և երիտասարդ գիտնական-դասախոսներ այցելել էին Ազգային ժողով:

Մինչ ԱԺ 4-րդ գումարման 11-րդ նստաշրջանի մեկնարկը` ԱԺ Տեղեկատվության վարչության պետ Մ. Ասատրյանը ուսանողներին ու դասախոսներին ներկայացրեց Աժ շենքի ստեղծման պատմությունը, ծանոթացրեց Խորհրդարանի գործունեությանը, պատգամավորների աշխատանքի ընթացակարգին, նրանց գործառույթներին և այլն:

Այնուհետև պոլիտեխնիկցիները ներկա գտնվեցին լիագումար նիստին, հետևեցին պատգամավորների քննարկումներին, օրակարգում ընդգրկված մի քանի որոշումների ընդունման ընթացակարգին:
Նիստից հետո ուսանողներին և երիտասարդ գիտնականներին ընդունեց անձամբ ԱԺ նախագահ Ս. Նիկոյանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին` նախագահը, ով, ի դեպ, Պոլիտեխնիկի շրջանավարտ է, նշեց, որ ուրախալի է Ազգային ժողովի տանիքի ներքո հյուրընկալել Հայաստանի հզորագույն տեխնոլոգիական բուհի` իր համար հարազատ կրթօջախի սաներին և գիտնականներին: Խորհրդարանի նախագահն անչափ կարևորեց նման հանդիպումները` նշելով, որ նպատակը ոչ միայն Խորհրդարանի աշխատանքներին ծանոթացնելն ու նրա ղեկավարության ու ներկայացուցիչների հետ անմիջական շփման հնարավորություն ստեղծելն է, այլև հարցերի, անմիջական զրույցների միջոցով ներկաների համար հրապարակային գործունեության, հաղորդակցության փորձ ձեռք բերելու ասպարեզ ստեղծելը:

Ս. Նիկոյանը պատասխանեց պոլիտեխնիկցիների բազմաբնույթ հարցերին, որոնք վերաբերում էին կրթությանն ու գիտությանը, գենդերային հարցերին, հայաստանյան հեռուստաընկերությունների մատուցած հաղորդումների և տեսաֆիլմերի որակին, արդյունաբերության մի շարք ճյուղերին զարկ տալու խնդիրներին և այլն: Ուսանողները շնորհավորեցին Ս. Նիկոյանին` Ազգային ժողովի նախագահի պաշտոնավարման երկամյսա ընթացքի համար և մաղթեցին աշխատանքային բեղուն գործունեություն:

Հանդիպումն անցավ ջերմ և անկաշկանդ միջավայրում` ապագայում նորանոր այցեր ծրագրելու ակնկալիքով:


 Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)

18
Декабрь
0
1501

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar