• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Իսրայելյանի անվան արվեստանոց` Մանկավարժականում

Հայտնի արվեստագետ, մտավորական Սերգեյ Իսրայելյանի ծննդյան 75 ամյակի կապակցությամբ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում փետրվարի 16-ին բացվեց պրոֆեսոր, կինօպերատոր, կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Սերգեյ Իսրայելյանի անվան արվեստանոց:

Բացմանը ներկա էին համալսարանի դասախոսական անձնակազմը, ուսանողները, վարպետի հարազատներն ու գործընկերները: Արվեստանոցի բացման պատիվը տրված էր Իսրայելյանի թոռանը:

«Մենք հնարավորություն ունենք ևս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցել արվեստի անվանի և վարստակավոր գործչին, մեր համալսարանի երկարամյա պրոֆեսոր Սերգեյ Իսրայելյանին»,- բացման խոսքում ասաց համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը` շնորհավորելով ներկաններին նշանակալի օրվա կապակցությամբ: Ըստ նրա, այս արվեստանոցը նախևառաջ անհրաժեշտ էր համալսարանի ուսանողներին, որպեսզի ճանաչեն կինեմատոգրաֆի վարպետներին:

Կինոգետ Սուրեն Հասմիկյանը, անդրադառնալով Սերգեյ Իսրայելյանի մասնագիտական հատկանիշներին, նկատեց. «Նա այն ստեղծագործողներից է, ով ստեղծեց մեր ազգի խորհրդանիշը, որում ամեն ինչ ասված է: Տա աստված, որ ամեն մի օպերատոր, ստեղծագործող կարողանա ստեղծել այնպիսի անմոռանալի տեսարան, ինչպիսին «Նահապետի» խնձորների հայտնի կադրն է:

Նա չափազանց անհանգիստ մարդ էր. ոչ միայն անձնական հարցերում, այլ հասարակական ու քաղաքական կյանքում»,- ընդգծեց կինոգետը:

Միջոցառմանը ներկա էր նաև Մոսկվայի կինոմատոգրաֆիստների ինստիտուտի շրջանավարտ, կինոռեժիսիոր Էդուարդ Համբարձումյանը. «Բախտ եմ ունեցել լինել ոչ թե իր անվան արվեստանոցի ուսանողը, այլ իր վերջին ուսանողը: Առաջին իսկ օրվանից նրա հետ ունեցել ենք շատ հետաքրիր և անմոռանալի օրեր ու հիշողություններ: Այսօր մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է ինչ-որ ձևով վառ պահել մեր վարպետի հիշատակը»,- ասաց Էդուարդ Համբարձումյանը եւ ներկայացրեց իր հեղիանակած վավերագրական ֆիլմը` նվիրված իր վարպետին, կինոռեժիսոր Սերգեյ Իսրայելյանին:

Սերգեյ Իսրայելյանը աշխատել է «Հայֆիլ» կինոստուդիայում, ավարտել է կինոմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը: 1988 թվականից դասավանդել է Մանկավարժական համալսարանում: Արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը, եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ:

Իսրայելյանի աշխատանքներից հատկապես հիշարժան և բոլորի կողմից սիրված են «Կտոր մը երկինքը», «Եռանկյունին», «Նահապետը», «Խաթաբալան», իսկ որպես ռեժիսոր` «Գիքորը», «Ճերմակ անուրջները», «Պատանդները» և շատ այլ ֆիլմեր:


18
Декабрь
0
1287

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar