• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Կոտայքի մարզպետը խախտել է դպրոցի խորհրդի ձևավորման կարգը. Կրթության տեսչություն

Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի դպրոցն արդեն վեց ամիս է չի կարողանում կառավարման խորհուրդ ձևավորել և ընտրել դպրոցի տնօրեն: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ԿԳՆ Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանն ասաց, որ խորհրդի ներկայիս անդամները անօրինական են ընտրված և նրանց ընդունած որոշումները կհամարվեն անօրինական:
Գործին խառնվել է Կրթության պետական տեսչությունը և գյուղ գործուղված տեսուչները նախօրեին պարզել են, որ խորհրդի 8 անդամներից երկուսը 8-րդ դասարանն ավարտած մարդիկ են:

Ըստ Կարապետյանի, խորհրդի անդամը պետք է լինի «գոնե միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող մարդ, այսինքն` տեխնիկում կամ մի հաստատություն ավարտած լինի»: «Բայց պարզվել է, որ խորհրդի անդամներից մեկը դզող-փչող է, մեկը 8-րդ դասարանի կրթություն ունի», -նկատեց Արամ Կարապետյանը:

Դպրոցի կառավարման խորհրդի բոլոր 8 անդամների անուններով կազմված ցանկը հաստատում է տվյալ մարզի մարզպետը: Այս դեպքում այդ ցանկը հաստատել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: «Այսինքն Կոտայքի մարզպետն իրավունք չուներ դա հաստատելու, բայց հաստատել է»,- նկատեց Արամ Կարապետյանը:

Դպրոցի կառավարման խորհրդի անդամներ պետք է լինեն դպրոցական ծնողկոմիտեի նախագահ երկու ծնողներ, ԿԳ նախարարության մեկ ներկայացուցիչ, մեկը նշանակվում է համայնքապետի կողմից, իսկ երկուսին էլ նշանակում է մարզպետը: Խորհուրդի անդամները հավաքվում, նիստ են անում, ընտրում են նախագահ և նիստի արձանագրությունը կազմով ուղարկում Մարզպետին:

Վերջինն էլ ստորագրությամբ հաստատում է տվյալ դպրոցի կառավարման խորհրդի կազմը: «Այս խորհրդի անդամներն անօրինական են ընտրված: Մենք հիմա պիտի գրենք մարզպետին, որ նման խնդիր կա և տեսնենք` ինչ կլինի», -հավելեց Արամ Կարապետյանը:

Կառավարման խորհրդի կազմի հաստատումից հետո միայն Թեղենիքի դպրոցում տնօրեն կընտրեն: Նախկին տնօրենն այժմ ժամանակավորապես է զբաղեցնում դպրոցի ղեկավարի պաշտոնը:

Աղբյուր` Panorama.am

18
Декабрь
0
1396

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar