• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Կրթական համագործակցություն Հայաստանի և Քուվեյթի միջև

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան  Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին:  Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը կարևորել են Հայաստանի և Քուվեյթի միջև կրթության և գիտության ոլորտում  համատեղ ծրագրերի մշակումը, երկկողմ կապերի ընդլայնումն ու զարգացումը: Ընդգծելով, որ Հայաստանում արաբագիտության նկատմամբ ավանդական և պատմականորեն ձևավորված  հետաքրքրություն կա` ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Երևանի պետական համալսարանում նախատեսվում է հիմնել արաբագիտության և իսլամագիտության կենտրոն, միաժամանակ աշխատանքներ են ընթանում Երևանում արաբերենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց բացելու ուղղությամբ:

ՀՀ ԿԳ նախարարը, ներկայացնելով Հայսատանի կրթական համակարգի զարգացման միտումները, նշել է, որ բարեփոխումներն ուղղված են ժամանակակից կրթական համակարգի ձևավորմանն ու որակյալ մասնագետների պատրաստմանը: «Ուրախ կլինենք Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում տեսնել Քուվեյթից ժամանած ուսանողների»,- նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ Հայաստանում հնարավոր է  ստանալ համեմատաբար մատչելի, միաժամանակ որակի առումով մրցունակ բարձրագույն կրթություն:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ Հայաստանն ու Քուվեյթը  տարբեր ոլորտներում համագործակցության  մեծ հեռանկար ունեն, և կրթության ոլորտն այս առումով կարող է առաջատար լինել:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկու պետությունների միջև կրթության ոլորտի համագործակցության հուշագրի վավերացման, բարձրագույն կրթության ոլորտում կրթաթոշակային ծրագրերի իրականացման, միջբուհական ուսանողական շարժունության ապահովման հետ կապված մի շարք հարցերի:

18
Декабрь
0
1079

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar