• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Մատենադարանը կշարունակի իրար կապել սերունդներին ու դարերը

Այս տարին հայ մշակութային կյանքում առանձնանում է երկու կարեւոր իրադարձություններով` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք, ինչպես նաեւ նշվում է հայ գրատպության 500-ամյա հոբելյանը: Տոների շրջանակում Մատենադարանի ծրագրերի, ինչպես նաեւ կառույցի խնդիրների մասին «Արմենպրես»-ը զրուցեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի հետ:

-Պարո"ն Թամրազյան, այս տարին հարուստ կլինի մշակութային միջոցառումներով: Ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Մատենադարանը` տոներին հավուր պատշաճի ներկայանալու համար:

Տոների շրջանակներում անցկացվելիք միջոցառումները կհամընկնեն Մատենադարանի հիմնական մասնաշենքի վերակառուցման աշխատանքների ավարտի հետ, եւ այդ ընթացքում կվերաբացվի հին կոթողային շենքը` իբրեւ թանգարանային խոշոր համալիր: Կբազմապատկվեն ցուցադրական տարածքները` միաժամանակ պահպանելով գիտական լաբորատորիաները: Եթե տարիներ առաջ ունեինք մեկ հիմնական ցուցադրություն, ապա հիմա կունենանք տասից ավելի ցուցասրահներ` փոխշաղկապված ցուցադրություններով եւ անընդհատ փոփոխվող ցուցանմուշներով: Դա մեզ հնարավորություն կտա առավել շարժունակ եւ ավելի գրավիչ դարձնել Մատենադարանը` իբրեւ ցուցադրությունների շտեմարան: Մասնաշենքում կենտրոնական տեղ կզբաղեցնի հայ հնատիպ գրքի ցուցադրությունը, որը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին, արդի թանգարանային նվաճումներին:

- Ի՞նչ միջոցառումներ կանցկացվեն այդ իրադարձությունների համատեքստում:

Գլխավոր միջոցառումը կլինի հնատիպ գրքերի ցուցասրահի բացումը եւ հրատարակչական մի խոշոր ծրագրի իրականացում, որի շրջանակներում կներկայացվեն մեր մշակույթը ներկայացնող ունիկալ գրքեր: Նախատեսում ենք ստեղծել արեւելյան մանրանկարչությունը ներկայացնող ալբոմների շարք, որի ռուսերեն եւ ֆրանսերեն տարբերակներն արդեն պատրաստ են: Մենք ուզում ենք մեր մշակույթը ներկայացնել համաշխարհայինի համատեքստում: Դա վերաբերում է ինչպես ցուցադրություններին, այնպես էլ հրատարակվող գրքերին: Նախատեսվում է նաեւ անցկացնել միջազգային գիտաժողով:

-Որքանո՞վ եք կարեւորում այդ տոները` Հայաստանը միջազգային հանրության համար առավել ճանաչելի դարձնելու հարցում:

Դա հնարավորության կտա հանրահռչակել մեր մշակույթը: Վերջին հաշվով, մենք աշխարհին մինչեւ հիմա ներկայացել ենք մեր մշակույթով, որը մեզ միշտ ճանաչում է բերել:

-Իսկ ինչո՞վ կարող ենք «զարմացնել» միջազգային հանրությանը:

Մատենադարան մտնողը միշտ փոխում է իր մտաշխարհը, հոգեկերտվածքը. Դա աննկատ ընթացք է: Գրքի հետ շփվելիս փոխվում է նաեւ մարդու կենսափիլիսոփայությունը, ժամանակի եւ տարածության սովորական զգացումները եւ, ընդհանրապես, Մատենադարան մտնողը ոչ միայն հայ մշակույթի, այլեւ համաշխարհայինի տպավորության տակ է դուրս գալիս: Դա մշակույթի շփման կենդանի զգացողություն է, որը իրար է աղերսում սերունդներին ու դարերը:

-Ի՞նչ դասեր ունենք քաղելու համաշխարհային մշակութային արժեքներից:

Մենք պետք է դիտարկենք մեզ, մեր մշակույթը եւ մեր ինքնությունը ընդգծելու համար պետք է ճանաչենք ուրիշների մշակույթը, որը պետք է կենդանի պրոցես դառնա:

- Թվայնացման գործընթացը չափազանց շատ է կարեւորվում այսօր: Ի՞նչ մակարդակի վրա է այն գտնվում Մատենադարանում:

Մեսրոպ Մաշտոցի անվան գիտահետազոտական ինստիտուտը շարունակում է ձեռագրերի գիտական մշակմանը զուգընթաց իրականացնել թվայնացման գործընթաց: Արդեն թվայնացվել են շուրջ 2 մլն էջ: Գիտական ցուցակագրված ցանկացած նյութ հայագետը կարող է պատվիրել եւ ստանալ այն թվային տարբերակով: Այդ գործընթացը մենք արդեն իրականացնում ենք շուրջ չորս տարի: Այժմ ցանկանում ենք ձեռք բերել նոր սարքավորումներ: Բաժինը համալրվում է նոր աշխատակիցներով: Լաբորատոր լավագույն պայմաններն արդեն ստեղծված են:

Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի

ԱՐՄԵՆՊՐԵՍ

18
Декабрь
0
1420

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar