• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Մի շարք երիտասարդական կառույցներ և ծրագրեր արժանացան Հայկյան մրցանակների

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում փետրվարի 29-ին տեղի ունեցավ Հայկյան մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից Հայկյան մրցանակների արժանացան 2011 թվականին երիտասարդական տարբեր բնագավառներում իրենց լավագույնս դրսևորած երիտասարդական և ուսանողական կառույցները: Պարգևները մրցանակակիրներին հանձնեց Տիգրան Սարգսյանը:

«Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր» անվանակարգում մրցանակի արժանացավ ՀՀ կրթության և գիտության նախարարության «Բոլոնիան 2010-ից հետո ուսանողական միջազգային ամառային դպրոց» ծրագիրը, «Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց» անվանակարգում՝ «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամը, «Լավագույն երիտասարդական հաղորդում» անվանակարգում՝ «Ազատություն» ռադիոկայանի «Մաքսլիբերթի» երիտասարդական ծրագիրը: Հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդները լավագույնը ճանաչվեցին «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում:

Շնորհավորելով մրցանակակիրներին՝ Տիգրան Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ մրցանակները նոր եռանդ կհաղորդեն երիտասարդներին հետագա գործունեության ընթացքում: «Մրցանակաբաշխության ամենակարևոր նպատակը երիտասարդների շրջանում ակտիվության և ինքնակազմակերպման դրսևորումների խթանումն ու խրախուսումն է: Դրանով դուք ավելացնում եք մեր հասարակության ինքնակազմակերպման մակարդակը, որն այսօր ամենալուրջ խնդիրներից մեկն է՝ քաղաքացիական հասարակության ամրապնդման տեսակետից»,- ասաց վարչապետը: Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ այս մրցանակաբաշխությունը ցույց է տալիս, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեն հետաքրքրիր երիտասարդական շարժումներ, որոնց պետությունը պարտավոր է խրախուսել:

Կարեն Ավագյանի խոսքով՝ մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարադների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և պետական երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

18
Декабрь
0
954

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar