• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Միջին մասնագիտական կրթությամբ մասնագետների պահանջը շուկայում մեծանում է

Զարգացած տեխնոլոգիաների մեր ժամանակաշրջանը նոր պահանջներ ու մարտահրավերներ է առաջադրում պետությունների կենսագործունեության տարբեր ոլորտներին։ Ժամանակին համահունչ քայլելու եւ արդի նորարարական ձեռքբերումներից առավելագույնս օգտվելու համար երկրին անհրաժեշտ է համապատասխան որակավորմամբ մարդկային ռեսուրս։ Պետական համակարգում մարդկային ռեսուրս ձեւավորելու հիմնական ինստիտուտը կրթական ոլորտն է։ Այս առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է ոչ միայն առավելագույն արդյունավետությամբ նպատակային ոլորտային քաղաքականություն վարել, այլեւ ժամանակի պահանջներին համահունչ կարգավորումները փոփոխել։ Վերջիններս ավելի հաճախ պետք է արվեն՝ հաշվի առնելով համաշխարհային առաջընթացի ներկա տեմպերը։ Հայաստանում կրթական ոլորտն անընդհատ փոփոխությունների գործընթացների մեջ է։ Վերջին երկու տարվա ընթացքում միայն կառավարության կողմից մշակվել է ոլորտին վերաբերող 5 տասնյակ իրավական ակտ։ Օրենսդրական փոփոխություններ են ներկայացնում նաեւ պատգամավորները։ Փոփոխությունների այս հարատեւ գործընթացում կարեւոր է հնարավոր սխալների եւ բացերի բացառումը, իսկ եթե, այնուամենայնիվ, դրանք արձանագրվում են, ապա պետության արձագանքը չպետք է իրեն սպասեցնել տա։ Մարդկության զարգացման անիվը պտտվում է իր ընթացքով, ինչին զուգահեռ են քայլում այն ժողովուրդները, որոնք գոնե կարողանում են հետ չմնալ վերջինիս թելադրած արագությունից, իսկ առավել առաջադեմները շարժում ու թափ են հաղորդում դրան։ Հայաստանի Սահմանադրության վերջին փոփոխություններով բարեփոխվեց նաեւ երկրի կրթական համակարգը, ամրագրվեց, որ միջնակարգ կրթությունն անվճար է։ Ոլորտի օրենսդրական դաշտը Մայր օրենքին համապատասխանեցնելու ընթացքում սակայն առաջացել էր էական բաց, որի արագ լրացումը ժամանակի պահանջ էր։ Մասնավորապես, «Կրթության մասին» օրենքում 2015 թ. կատարվել էր փոփոխություն, որն, անցումային դրույթների համաձայն, ուժի մեջ էր մտել 2017 թ.։ Փոփոխությամբ սահմանվում էր, որ Հայաստանում տասներկուամյա միջնակարգ կամ նախնական մասնագիտական կրթությունը պարտադիր է մինչեւ սովորողի 19 տարին լրանալը եւ որ այն անվճար է պետական ուսումնական հաստատություններում։ Առաջին հայացքից թվում է, որ լիովին ընդունելի եւ առաջադիմական օրենք է, սակայն դրա երկու տարվա կիրարկման արդյունքում ի հայտ եկավ հիմնարար խնդիր։ Բոլոր պետական միջին մասնագիտական հաստատություններում ուսումն օրենքի ուժով համարվեց անվճար, եւ քանի որ պետության հնարավորությունները սուղ են, այդ անվճար տեղերը սահմանափակվեցին։ Պետական միջին մասնագիտական հաստատությունները զրկվեցին վճարովի հիմունքներով կրթական պրոցես իրականացնելուց, որն անում էին նախկինում։ Արդյունքում էականորեն նվազեց միջին մասնագիտական կրթության տարբեր մասնագիտությամբ կադրերի թիվը։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում բարձրագույն կրթությամբ մասնագետներ շատ ավելի մեծ թվով են պատրաստում, քան պահանջում է շուկան։ Այս միտմանը հակառակ՝ աշխատաշուկան այսօր ունի ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող միջին մասնագիտական հմտություններով մասնագետների մեծ պահանջ, եւ այն անընդհատ աճելու է։ Առողջ տրամաբանությունը հուշում է, որ ստեղծված պայմաններում պետությունը պետք է զարգացնի միջին մասնագիտական կրթությունը՝ իրականացնելով ժամանակի առաջադրած նոր մասնագիտությունների դասավանդում եւ դրանց թվի ավելացում։ Բայց մեր վերջին օրենսդրական բարեփոխումների արդյունքում կրճատվել էին մասնագետների պատրաստման ծավալները, եւ էականորեն նվազեցվել էր միջին մասնագիտական հաստատությունների զարգացման գործընթացը, քանի որ վճարովի կրթությունը միջոցների լրացուցիչ հոսք էր ապահովում ուսումնական հաստատություններում, ինչն առաջնային նշանակություն ունի կրթական պրոցեսը որակյալ կազմակերպելու համար։ Իսկ շուկան, բնականաբար, այս ընթացքում ձեւավորում է այդ մասնագետների պահանջարկը, որը բավարարվում է հիմնականում պետական միջնակարգ մասնագիտական կրթության համակարգից դուրս՝ նաեւ լրացուցիչ կրթական ծրագրերով։ Հանրապետության բնակչության մոտ նույնպես բարձր է միջին մասնագիտական կրթություն ստանալու ձգտումը, ինչի մասին փաստում է դիմորդների թիվը։ Պետական քոլեջներ ընդունվելու համար ներկայում մեկ անվճար տեղի համար պայքարում են 3, իսկ որոշ մասնագիտությունների համար նույնիսկ 8 դիմորդ։ Արձանագրենք, որ նման մրցակցություն արդեն չկա շատ մասնագիտություններով ԲՈՒՀ-երի ընդունելությունների ժամանակ։ Հետեւաբար, գործող իրավական կարգավորումներն էականորեն սահմանափակում էին միջնակարգ մասնագիտական կրթություն ստանալու քաղաքացու իրավունքը։ Խնդրի կարեւորությունը եւ հրատապությունը միավորել էր ԱԺ բոլոր երեք՝ ընդդիմադիր եւ իշխանական խմբակցությունների պատգամավորներ Մխիթար Հայրապետյանին («Իմ քայլը»), Նաիրա Զոհրաբյանին («Բարգավաճ Հայաստան») եւ Հարություն Բաբայանին («Լուսավոր Հայաստան»), ովքեր մշակել էին «Կրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագիծը, որը խորհրդարանը մարտի 25-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց։ Նախագծով հնարավորություն տրվեց հիմնական կրթության հիմքով նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում անվճար ուսուցմանը զուգահեռ իրականացնել վճարովի ուսուցում, որը կլրացնի շուկայում մասնագետների պահանջի բացը եւ լրացուցիչ միջոցներ կապահովի ուսումնական հաստատությունների կանոնադրական պահանջները կատարելու համար։ Ընդունված օրենքով իրականացվել է մեկ այլ կարեւոր կարգավորում։ Օրենքի նախորդ տարբերակով միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների արվեստի, սպորտի, առողջապահության եւ մի շարք այլ մասնագիտություններով բարձր առաջադիմությամբ ավարտած ուսանողները իրավունք չունեին ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունների երկրորդ կուրսում, քանի որ այդ մասնագիտությունների գծով ԲՈՒՀ-երում հեռակա ուսուցում չկա։ Մյուս մասնագիտությունների գծով լավ առաջադիմությամբ ավարտած ուսանողները կարողանում էին միանգամից ընդունվել բուհերի 2-րդ կուրսերի հեռակա բաժիններ։ Զրկված լինելով նման հնարավորությունից՝ արվեստի, սպորտի եւ մի շարք այլ բաժինների լավագույն ուսանողները ստիպված էին լինում ԲՈՒՀ-րում ուսումը սկսել առաջին կուրսից եւ ըստ էության մեկ տարի կրկնել քոլեջներում ստացած նույն գիտելիքները։ Ընդունված փոփոխությամբ արդեն նրանց հնարավորություն ընձեռվեց միանգամից ընդունվել բուհերի ստացիոնար բաժինների 2-րդ կուրսեր։
18
Декабрь
0
412

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar