• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Ուսման արմատները դառն են, պտուղները՝ քաղցր

Բոլորի համար ակնհայտ է, որ Հայաստանում կրթվածության մակարդակը բավարար չէ և շարունակական անկում է ապրում։ Իհարկե, սա չի վերաբերում բոլորին։ Բազմաթիվ աշակերտներ և չափահասներ, օգտվելով այսօրվա աշխարհի ընձեռած հնարավորություններից, շարունակաբար բարելավում են իրենց կրթական մակարդակը։ Բայց մարդկանց մեծ մասը չի արժևորում կրթությունը և չի օգտվում կրթվելու բազմաթիվ մատչելի ու անվճար ռեսուրսներից։ Ակնհայտ է, որ ունենք նաև բազային գրագիտության խնդիր։ Այս խնդիրները լուծելու համար Կրթության և գիտության նախարարությունը, միջազգային և հասարակական կազմակերպությունները փորձում են փոխել կրթության կառուցվածքը, տևողությունը, առարկայացանկը, չափորոշիչները, դասագրքերը։ Ոմանք մեղադրում են ուսումնական հաստատությունների ղեկավարներին և մանկավարժներին՝ վատ աշխատանքի համար։ Մյուսները խնդիրը տեսնում են անբավարար ֆինանսավորման մեջ։ Իհարկե, բոլոր այս գործոնների մեջ կա ճշմարտության հատիկ։ Բայց կա մի գործոն, որի մասին գրեթե չի խոսվում։ Խոսքը վերաբերում է սովորելու գործընթացի ընկալմանը։ Ի՞նչ է սովորելը, ինչպիսի՞ գործընթաց է այն։ Մենք պետք է քաջություն ունենանք երեխաներին ասելու, որ ուսումնական հաստատությունում սովորելը բարդ ու դժվարին աշխատանք է, որը պահանջում է մտավոր ջանք, կենտրոնացում, համբերություն, տոկունություն, աշխատասիրություն։ Իհարկե, կան բաներ, որոնք մենք հեշտությամբ ենք սովորում։ Օրինակ՝ հեծանիվ վարելը, տարատեսակ խաղերը, տեխնիկայից օգտվելը։ Բայց լեզուներ, մաթեմատիկա, բնական և հասարակական գիտություններ սովորելը հեշտ չէ։ Պատճառն այն է, որ դրանք սովորելու կարողությունը մարդը ձեռք է բերել էվոլյուցիայի ընթացքում։ Հետևաբար՝ դրանք ոչ թե բնական են, այլ արհեստական։ Իսկ դա նշանակում է, որ սովորելը մեզանից մեծ ջանքեր է պահանջում։ Հասարակության ժողովրդավարացմանը, երեխայամետ մոտեցումների զարգացմանը զուգընթաց՝ խնդիր դրվեց՝ ուսուցման գործընթացն ավելի հեշտ, զվարճալի դարձնել։ Վերջին տարիներին շատ բաներ են ավելի հեշտ ու զվարճալի դարձել։ Օրինակ՝ տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ մենք շատ բաներ այսօր ավելի հեշտ ենք անում։ Անշեղորեն զարգանում է նաև զվարճանքի ինդուստրիան։ Այս իրավիճակում փորձեր են արվում նաև դպրոցում սովորելն ավելի հեշտ ու զվարճալի դարձնել։ Հիմնական հարցերից մեկը հետևյալն է. արդյո՞ք դա հնարավոր է։ Արդյո՞ք դա չի ազդի սովորելու որակի վրա։ Կարո՞ղ է արդյոք սովորողը զվարճանալով՝ օտար լեզու սովորել։ Օտար լեզու սովորելն անձամբ ինձ համար եղել է դժվարին աշխատանք։ Դու պետք է գրքեր կարդաս, բառարաններում բառերի բացատրություններ գտնես։ Ընդ որում, եթե ուզում ես այդ լեզվին լավ տիրապետել, պետք է կարդաս լուրջ գրքեր։ Զվարճանքի միջոցով կարող ես սովորել օտար լեզվի բազային մակարդակը։ Բայց լեզվին տիրապետելու համար պետք է համբերատարություն, աշխատասիրություն, կարգապահություն, ձանձրույթին դիմանալու կարողություն։ Այսօր Հայաստանում ծնողների և աշակերտների գերակշիռ մասը պահանջում են պարզեցնել դասագրքերը։ Համաձայն եմ, որ Հայաստանի դպրոցական դասագրքերը հիմնականում գրված են խրթին լեզվով։ Բայց համաձայն չեմ, որ դասագրքերի հեշտացումը կարող է նպաստել կրթության մակարդակի բարելավմանը։ Դասագրքերի լեզուն պետք է հղկել, բայց աշակերտը պետք է անպայման մտավոր ճիգ գործադրի, որպեսզի սովորելն արժեք ունենա։ Ընթերցանության ոլորտի մասնագետները մարդկանց խորհուրդ են տալիս չկարդալ հեշտ գրքեր, քանի որ դրանք առանձնապես օգտակար չեն ուղեղի համար։ Դժվար գրքերն են օգտակար, քանի որ դրանք պահանջում են մտավոր ճիգի գործադրում։ Եթե մենք ուզում ենք ունենալ կրթության մակարդակի աճ, ապա պետք է երեխաներին բացատրենք, որ սովորելը բարդ աշխատանք է։ Եվ դա լավ է։ Քանի որ միայն դժվարություններ հաղթահարելու, կարգապահության շնորհիվ է հնարավոր հասնել մեծ ձեռքբերումների։ Աշխարհում ոչ մի լուրջ ձեռքբերում հեշտությամբ չի տրվել։ Ցանկացած բան, որը մարդուն հեշտությամբ է տրվում, հեշտությամբ էլ հետ է վերցվում։ Հայտնի ժողովրդական խոսք կա. «Ջրի բերածը ջուրն էլ տանում է»։ Հենց դժվարություններ հաղթահարելու կարողությունն է մարդուն դարձրել մարդ։ Իհարկե, լավ է, որ այսօր շատ բաներ մեր կյանքում ավելի պարզ ու հեշտ են դարձել։ Շատ լավ է, որ ինքնաթիռի միջոցով մենք հեշտությամբ տեղաշարժվում ենք։ Բայց միշտ պետք է հիշենք, որ մեր կյանքը հեշտացնող բոլոր լուծումները գտնվել են դժվարին աշխատանքներ կատարելու ունակ մարդկանց շնորհիվ։ Որպեսզի մենք մարդ մնանք և կարողանանք էլ ավելի լավը դարձնել մեր կյանքը, չպետք է կորցնենք դժվարություններ հաղթահարելու մեր կարողությունը։ Այսօր ամենամեծ վտանգը ոչ թե այն է, որ ռոբոտները կարող են փոխարինել մարդուն, այլ այն, որ մարդը կարող է դառնալ ռոբոտ։ Մարդկանց զգալի մասն օրն անցկացնում է մտածելու ճիգ չպահանջող զբաղմունքներով։ Ինչպես Բեռնարդ Շոուն էր ասում, մարդկանց 2 տոկոսը մտածում է, 3 տոկոսը ձևացնում է, որ մտածում է, իսկ մնացած 95 տոկոսը կգերադասի մեռնել, բայց չմտածել։ Երևանի «Քվանտ» վարժարանի պատին փակցված է հույն հայտնի փիլիսոփա Արիստոտելի հետևյալ խոսքերը. «Ուսման արմատները դառն են, պտուղները՝ քաղցր»։ Այս հանճարեղ միտքը պետք է լինի մեր կրթական քաղաքականության ուղենիշերից մեկը։ Մարդ մնալը դժվար գործ է, և դա հնարավոր է միայն կրթության միջոցով։ Իսկ կրթությունը չի կարող լինել ժամանցային գործունեություն։ Որպեսզի մենք վայելենք սովորելու և մարդ մնալու հաճույքը, պետք է խուսափենք այն պոպուլիստական քաղաքականությունից, որը փորձում է պարզունակացնել կրթության բովանդակությունը։ Հայտնի է, որ միջազգային կրթական ստուգատեսների ժամանակ ասիացի դպրոցականները գերազանցում են արևմտյան դպրոցականներին։ Այդ ստուգատեսի ժամանակ անցկացվում են նաև հարցումներ աշակերտների շրջանում։ Աշակերտներին հարցրել են, թե ինչպե՞ս են իրենց զգում Մաթեմատիկայի դասերին։ Մաթեմատիկայից շատ բարձր արդյունքներ արձանագրած ասիացիների մեծ մասը նշել են, որ այդ առարկայի դասաժամին իրենց վստահ չեն զգում, քանի որ բարդ խնդիրներ են լուծում։ Ցածր արդյունքներ արձանագրած արևմտյան երկրների աշակերտների մեծ մասը նշել են, որ շատ լավ են իրենց զգում Մաթեմատիկայի դասերին։ Այսինքն՝ արևմտյան դպրոցականները գիտելիքների ցածր մակարդակը լրացնում են ինքնագոհությամբ։ Մենք ուզում ենք ունենալ լավ գիտելիքներ ունեցող համեստ մարդկանցից բաղկացած հասարակությո՞ւն, թե՞ վատ գիտելիքներ ունեցող, բայց ինքնավստահ մարդկանցից բաղկացած հասարակություն։ 20-րդ դարի փիլիսոփա Բերտրան Ռասելն ասում էր, որ մարդկության դժբախտությունն այն է, որ բանիմաց մարդիկ կասկածում են, իսկ չիմացողներն ինքնավստահ ձևով գործում են։
18
Декабрь
0
560

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar