Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակում կազմակերպվող միջոցառումների բացման արարողությունը տեղի ունեցավ մարտի 21-ին: «Անցած տարի Ֆրանկոֆոնիայի օրերը տեւել են մոտ մեկ ամիս, այս տարի եւս այդքան կլինեն, եւ այդ օրերի ընթացքում կկազմակերպվեն շուրջ 250 միջոցառումներ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի Ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Քրիստիան Տեր-Ստեփանյանը` հավելելով, որ այդ ընթացքում ավելի են ամրապնդվում մշակութային ու կրթական կապերը:
Նրա խոսքով` ամեն տարի հետաքրքրության եւ ներգրավածության շրջանակն ավելի է մեծանում, ինչը շատ ողջունելի է:
ԵՊԼՀ-ում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շարքում նախատեսվում է անցկացնել թատերական ներկայացում` «Cantatrice chauve»-ը: Միջոցառում ԵՊԼՀ-ի եւ ՀՀ դպրոցների հետ «Que c"est beau la vie avec nos petits amis francophones» խորագրով: Հայաստանում` Ֆրանսիայի դեսպանատանը, Երեւանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Գյումրիի մանկավարժական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողների եւ ԿԱԶԱ-ի հետ համատեղ կանցկացնեն հնչյունաբանության մրցույթ: Նախատեսվում է նաեւ միջբուհական էսսեների, ինտելեկտուալ, ինչպես նաեւ թարգմանչական մրցույթներ:
ԵՊԼՀ-ի Ֆրանկոֆոնիայի շաբաթվա փակման արարողությունը տեղի կունենա մարտի 29-ին:
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Մեկնաբանություններ նյութին: 0